«Մենք կորցրեցինք ամբիոնը…»

Այսպիսի կարծիք հայտնեցին  Կին առաջնորդ» ֆորումի  խորհուրդի համակարգող նախագահ Սվետլանա Ասլանյանը և նույն խորհրդի անդամ Դուստրիկ Մխիթարյանը՝ ի պատասխան WomenNet.am-ի հարցի՝ նախագահական ընտրություններում  կանանց մասնակցության և «կանանց օրակարգ»  ներկայացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին ֆորումը կին թեկնածուների մասնակցությամբ դեբատներ էր կազմակերպել:

 

–         Ֆորումը ակտիվորեն մասնակցում է  քաղաքական գործընթացներին, բազմաթիվ հարցեր ենք բարձրացնում՝ համագործակցելով թե Ազգային ժողովի, թե Կառավարության հետ: Սակայն,  ինչ վերաբերում է այս ընտրություններին, կոնկրետ թեկնածուներին  ուղղված օրակարգ չունենք, չենք քննարկել, – նշում է «Կին առաջնորդ» ֆորումի  խորհուրդի անդամ Դուստրիկ Մխիթարյանը: Դիտարկելով նախընտրական գործընթացները՝ նա հատկապես մտահոգ էր, որ Նարինե Մկրտչյանը այդպես էլ չկարողացավ մտնել ընտրապայքարի մեջ:

 

–         Բազմիցս խոսում ենք, որ մեր երկիրը ժողովրդավարության ուղիով է ընթանում, և յուրաքանչյուր ոք կարող է առաջադրվել, սակայն իրականում շատ խոչընդոտներ կան:  Կին թեկնածուն չկարողացավ առաջադրվել և դրան խանգարեց՝ ընտրագրավը, ինչը համարում եմ շատ կարևոր և թիվ մեկ խոչընդոտ է կանանց համար: Մենք կորցրեցինք ամբիոն, հնարավորություն բարձրաձայնել շատ ու շատ խնդիրներ: Մինչդեռ կանայք  ունեին ասելիք և կարելի էր օգտագործել այդ ամբիոնը:

 

 

Սվետլանա Ասլանյանը, «Կին առաջնորդ» ֆորումի խորհուրդի համակարգող նախագահը, հետևելով քարոզարշավին այն եզրակացության է եկել, որ որևէ թեկնածու կոնկրետ կանանց վերաբերող հարցեր չի բարձրաձայնում, խոսվում է  միայն ընդհանուր արժեքների մասին:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքական  դաշտի գենդերային զգայունությանը, ապա, նրա դիտարկմամբ,  կան ծայրահեղություններ.

 

–         Հաղորդումներից մեկում մեր քաղաքապետերից մեկը, իր խոսքում նշեց, որ  կանայք դեռ չեն հասունացել, նրանք կարող են երկրորդ տեղում էլ լինել: Բայց և ունենք մեկ այլ օրինակ, երբ Պարույր Հայրիկյանը իր հայտնի երգերից մեկը՝ «Դե, եկե´ք, եղբայրներ» կատարելուց առաջ , ներողություն է խնդրում քույրերից, շատ հուզիչ էր այդ քայլը ու կարծում եմ, սա ցույց է տալիս, որ այնուամենայնիվ ինչ-որ բան փոխվել է…

 

Լիլիթ Քոչինյան

 

Դիտումների քանակը` 3564

Գլխավոր էջ