Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

Այսօր  խորհրդարանը կողմ` 103, դեմ` 5, ձեռնպահ` 2  ձայների հարաբերակցությամբ  երկրորդ ընթերցմամբ ընդունեց երկար ճանապարհ անցած ‘’Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասին’’օրինագիծը, որը շրջանառության մեջ դրվեց շուրջ մեկ տարի առաջ :Օրինագիծն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոչ միանշանակ ընդունվեց պատգամավորների կողմից այն իմաստով, որ շատերի կարծիքով այն զուրկ է գործուն մեխանիզմներից և  կրում է միայն դեկլարատիվ բնույթ: Օրինագծին ‘’դեմ’’ քեվեարկեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները և  մեկ ՀՀԿ-ական պատգամավոր` Վահե Հակոբյանը:

 

Թե ինչու է ՀՅԴ-ն դեմ այս նախագծին, WomenNet.am-ի հետ զրույցում պարզաբանել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նաև  նախագծում փոփոխություններ իրականացնելու մի շարք առաջարկություններով էր հանդես եկել, որոնք սակայն չեն ընդունվել: Կարծում է, որ  «կարծրատիպն ու ֆինանսական հնարավոր հետևանքների մասին  մտավախությունը  խանգարեցին կառավարությանը…»

 

 

–  Մեր «դեմ»  դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի: Մենք ասում ենք, որ «Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը պետք է լուրջ մեխանիզմներ ներառի, որպեսզի այդ  իրավունքն իրականանա և  ոչ թե ձև ական թղթի վրա մնա: Սակայն  մեր գրեթե բոլոր առաջարկությունները մերժվել  են կառավարության կողմից, այն դեպքում, երբ օրինագծի նախնական  մշակման փուլն անցել էր հենց մեր ակտիվ մասնակցությամբ:

 

Երկրորդ, մենք առաջարկել էինք օրենքի կատարման ազգային մեխանիզմ` պատասխանատու գերատեսչություններով և  հասարակական սեկտորի ակտիվ մասնակցությամբ և  հստակ պահանջներով, որոնք օրենքի այս տարբերակում պարզապես չկան` բացակայում են,  զրոյացվել են: Այս իսկ պատճառով,  օրինագիծը  դեկլարատիվ է դառնում և  նպատակ ունի ընդամենը հերթական թռչնակը նկարելու թե միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման, թե ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմի իրականացման տեսանկյունից:

 

– Դուք բազմաթիվ առաջարկություններ էիք ներկայացրել, որոնք , փաստորեն չընդունվեցին: Կառանձնացնե՞ք դրանից ամենակարևորները:

 

Ես արդեն նշեցի, առաջինը որ առաջարկել էինք ամրագրել, ազգային մեխանիզմն էր, որը բացակայում է, երկրորդ մեր առաջարկը` առաջընթացի քաղաքականության մասին էր, որի համաձայն պետությունն` ի դեմս իր գործադիր , օրենսդիր և  դատական մարմինների,  ինքն էր  գենդերային հավասարության  օրինակ ծառայում մասնավոր  հատվածին: Մենք առաջարկել էինք  այդ փուլային առաջընթացի քաղաքականությունն սկսել 70/30 տոկոս  հարաբերակցությունից, այսինքն, յուրաքանչյուր պետական կամ համայնքային լիազորություններով օժտված կառույցում որև է սեռի ներկայացվածությունը չպետք է ավելի լինի 70%-ից: Դրան համապատասխան, եթե օրինակ, քաղաքացիական ծառայության համակարգով որև է պաշտոնի համար  քննություն հանձնած երկու տարբեր սեռերի հավակնողներ կան, առավելությունը պետք է տրվի այն սեռի ներկայացուցչին, ով այդ մարմնում փոքրամասնություն կազմող սեռի  ներկայացուցիչն է:  Այս մոտեցումը հնարավորություն կտար նաև  պրակտիկորեն  իրագործել նշված քաղաքականությունը: Մյուս կարևոր առաջարկություները վերաբերում է հասարակական սեկտորի ակտիվ մասնակցությանը հաշվետվողականության, իրավունքների  ապահովման և  հավասար հնարավորությունների ընձեռնման տեսանկյունից: Այս բոլոր առաջարկներն, ըստ էության  մերժվել են:

 

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ կառավարությունը չընդունեց նշված առաջարկությունները: Թվում է, թե Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասինօրինագիծն այն փաստաթուղթը չէր, որը տարաձայնություններ առաջացներ կառավարության և  խորհրդարանի միջև :

 

Երկու պատճառ կա: Առաջինը կարծրատիպն է, որը գալիս է նրանից, որ «գենդերային հավասարություն»  արտահայտությունը միանշանակ չի ընկալվում և  թվում է, թե խոսքը  սեռերի միջև  մրցակցության մասին է: Իրականում դա պետք է դիտարկել  ոչ թե սեռերի միջև  մրցակցության, այլ հասարակության բարեկեցության, յուրաքանչյուր անձի թե անձնական , թե ընտանեկան իրավունքները լիարժեք իրականացնելու հնարավորությունների  տեսանկյունից:  Գենդերային հավասարությունը  ենթադրում է, որ սեռերը ունենան նաև   հավասար հնարավորություններ` տնտեսական , մշակութային, քաղաքական, սոցիալական ոլորտներում առաջընթաց արձանագրելու հարցում:

 

Երկրորդ պատճառն այն է, որ կարծում եմ թյուր կարծիք կար, թե  այն պահանջները, որոնք առաջադրվում էին, ֆինանսական լուրջ հետև անքներ էին առաջացնելու ՀՀ պետական բյուջեի համար: Մեր գնահատմամաբ, այդպիսի պահանջի անհրաժեշտություն այս փուլում չէր էլ առաջանալու, ուղղակի  հարկավոր էր, որպեսզի սեռերը կարողանային իրենց ողջ ունակությունները հավասար ձևով ներդնել հասարակության բարեկցությունը ապահովելու  գործում:

 

Մեկ օրինակ բերեմ, եթե ընտանիքում հնարավոր է, որ  կինը աշխատի և  ստեղծի հավելյալ բարիք ընտանիքի համար, ապա անհրաժեշտ է, որ նրան տրվի այդ հնարավորությունը: Ես նկատի չունեմ, երբ ընտանիքում քննարկում են և  դեմ են, որ կինը աշխատի, թեպետ դա էլ է դիտարկվում որպես հնարավորության սահմանափակում: Խոսքը հասարակության դրվածքի մասին է ՝ որտեղ  կինը պետք է ունենա բավարար հնարավորություն թե տնտեսական, թե սոցիալայան, թե կրթական, և  եթե նա որոշում է մտնել եկամուտ վաստակելու գործընթացի մեջ, ապա նրան պետք է այդ հնարավորությունը տրվի: Ոչ թե այսօրվա նման խսիտ սահմանափակված, երբ  շատերի  համար պարզապես հնարավորություն չկա իրացնելու իրենց  ունակությունները: Այս հարցը տղամարդկանց էլ է վերաբերվում, բայց ուղղակի, այնպես է ստացվել, որ կանայք ավելի  շատ են տուժում հնարավորությունների առումով  և   խնդիրը ձևակերպվել է կանանց իրավունքների պաշտպանության շրջանակներում: Մինչդեռ մենք բազմաթիվ այլ  դեպքեր գիտենք, երբ նաև  տղամարդկանց համար  հավասար հնարավորությունների ապահովման խնդիր էլ կա:

 

Օրինակ, նույն կրթության ոլորտի առանձին  շրջանակներում կանայք են գերիշխում, մինչդեռ տղամարդիկ ավելի պասիվ են այդ ոլորտներում: Դրա պատճառը և  հարցը, թե ինչպես պետք է խրախուսել տղամարդկանց ներգրավվածությունն այդ բնագավառներում, և ս կարևոր է, որը պետք է  իրականացվեր արդեն օրենքի գործադրման փուլում, բայց կոնկրետ մեխանիզմների առկայության պայմաններում: Իսկ երբ չկան այդպիսի մեխանիզմներ, օրենքը պարզապես ձևական առումով հայտարարում է իրավունքների հավասարությունը ապահովելու  անհրաժեշտության մասին:

 

Հնարավո՞ր է երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծում ինչ-որ բան շտկել և  փոխել դեպի դրականը:

-Սա մայր օրենք է և  երեք ընթերցում պետք է անցնի, բայց ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, որովհետև  բավական երկար ժամանակ է այս նախագիծը քննարկման փուլում է և  կարծես թե հիմնական որոշում կայացնողները պատրաստ չեն ընկալեու օրենքի տրամաբանությունն ու խորանալու նրա փիլիսոփայության մեջ: ԱԺ ընթացակարգն էլ  երրորդ ընթերցման ռեժիմում կտրուկ փոփոխություններ չի ենթադրում:

 

Այնուամենայնիվ, դուք  կիսո՞ւմ եք այս տեսակետը, որ այս օրենքի ընդունումը թեկուզ և  փոքրիկ, բայց առաջընթաց է:

 

-Դա ինձ թվում է նորից հերթական թյուրիմացությունն է, որովհետև  անկախ նրանից, օրենքով ամրագրվեր, թե ոչ, գոյություն ունի միջազգային  կոնվենցիա, որին Հայաստանը միացել է և  նրա նորմերը գերակա են ՀՀ օրենսդրության նկատմամբ և   որով ամրագրվում է սեռերի իրավահավասարությունը: Եվ երկրորդ,  սահմանադրական նորմ գոյություն ունի, որն արգելում  է խտրականույթունը կախված  սեռից:  Դա ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածն է, հետև աբար, օրենքով և ս մեկ անգամ դրա շեշտադրումը  համարել մեծ արժանիք, ճիշտ չեմ համարում: Ավելի լավ է, չշեշտեր, բայց տար կոնկրետ մեխանիզմներ , քան ևս մեկ անգամ հայտարարեր, որ սեռերը իրավահավասար են, բայց իրականության մեջ դրան հասնելու  հավասար հնարավորություններ երկու սեռերին ընձեռնված չլինեին…

 

Մարիաննա  Ղահրամանյան

Դիտումների քանակը` 4767

Գլխավոր էջ