Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» նախագիծը վերջապես օրենք կդառնա:
ԱԺ հինգերորդ գումարման գարնանային նստաշրջանի անդրանիկ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ‘’Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին’’օրինագիծը , որն ամենայն հավանականությամբ այս քառօրյայում քվեարկության կդրվի:
Նախագծի շուրջ, որը պատգամավորներից շատերի բնորոշմամբ ձևական բնույթ է կրում, WomenNet.am –ը զրուցեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
– Նախագծի այսօրվա քննարկումից տպավորություն ստեղծվեց, որ այն շատ խոցելի է, ասվեց անգամ, որ այն ձևական բնույթ է կրում: Ձեր կարծիքով ներկայացված օրինագիծն, իսկապե՞ ս կլուծի կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խնդիրը Հայաստանում:
– Օրենքն ինքնին մեկ քայլ է` առաջընթաց քայլ, որովհետև մենք այսպիսի օրենքի կարիք ունենք արդեն երկար ժամանակ և նման օրենքի անհրաժեշտությունը, կարող եմ ասել, տասը տարուց ավելի է, ինչ քննարկվում է: Ավելին, 2009 թվականից մենք ունենք ստանձնած հանձնառություն և այդ միջազգային պարտավորությունների շրջանակներում օրենքը վաղուց պետք է ընդունվեր: Նշեմ սակայն, որ այս օրենքի կարևորությունը և անհրաժեշտությունը միայն այդ պարտավորություններով չէ, որ պայմանավորված է, որովհետև մեզ իրականում անհրաժեշտ է, որպեսզի կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման օրենսդրական կարգավորում լինի:
Ինչ վերաբերվում է օրենքի նկատմամբ պատգամավորների ոչ միանշանակ վերաբերմունքին, ես ինքս իմ խոսքում նշեցի, որ այո, այս օրենքը մեկ քայլ է առաջ, բայց այն ինքնին չի լրացնում այն բոլոր բացերը, որ այսօր կա հասարակության մեջ: Եթե ժամանակի ընթացքում էլ օրենքը շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին ներկայացված է այսօրվա տեքստում, այն իրոք կվերածվի մի դեկլարատիվ փաստաթղթի:
– Ինչու՞մն է խնդիրը, ո՞րն է օրինագծի հիմնական բացթողումը:
– Օրենքում ընդգրկված չեն այն հստակ մեխանիզմները, որոնք կապահովեն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հավասար հնարավորությունները: Ես ինքս, օրինակ, չլինելով քվոտավորման ջատագովը, միևնույն ժամանակ գտնում եմ, որ դա այն գործիքն է, որը ժամանակավորապես կարող է խթանել հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը տարբեր ոլորտներում, այդ թվում աշխատանքային հարաբերություններում: Ցավով պետք է նշեմ, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցումից և լսումներ անցնելուց հետո, մնացել է անփոփոխ, թեպետ արժեքավոր առաջարկներ ներկայացվել են:
Եվ հասարակական կազմակերպությունների առաջարկները, որոնք հետագայում պատգամավորների կողմից ներկայացվեցին որպես առաջարկներ և պատգամավորների դիտողությունները ոչ ամբողջությամբ են ընդունվել: Գործուն մեխանիզմները օրենքում բացակայում են: Սրանով հանդերձ, այնուամենայնիվ պետք է շեշտեմ օրենքի կարևորությունը: Անկեղծ ասած, մինչ նախագծին դրական եզրակացություն տալը, մենք հանձնաժողովում կազմակերպել էինք քննարկում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ և վերջիններիս կողմից էլ առաջ քաշվեց այն թեզը, որ այս պահին կարեւոր է, որ նախագիծը գոնե վերջնականապես օրենքի ուժ ստանա, այսինքն ունենանք այդ օրենքը՝ թեկուզ եւ ոչ այնքան կատարյալ:
Ինչ վերաբերվում է հետագային, բնականաբար, որևէ օրենք ստատիկ չէ և ժամանակի ընթացքում, ելնելով այս կամ այն հասարակական հարաբերություններից, ցանկացած օրենք փոփոխվում է, ենթարկվում է զարգացման: Ես ակնկալում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում նոր փոփոխություններ կառաջարկվեն:
– Այսինքն, առաջին քայլը, թեկուզ և ինչ-որ առումով դեկլարատիվ օրենքի ընդունումն է, որին կհաջորդի գործուն մեխանիզմների ներդրո՞ւմը:
– Ամբողջ խնդիրն այն է, որ գործուն մեխանիզմներն առաջարկվել են, սակայն կառավարության կողմից չեն ընդունվել:
-Ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:
– Անկեղծ ասած, ես կառավարության կողմից ներկայացված մի շարք հիմնավորումների հետ, որոնցով բացատրվում է առաջարկները չընդունելու հանգամանքը, համաձայնել չեմ կարող: Հենց թեկուզ այն դրույթը, որով, եթե միևնույն աշխատատեղի համար երկու տարբեր սեռերի թեկնածուներ են դիմում և ունեն հավասար հնարավորություններ և միավորներ, առաջարկվում էր նախապատվությունը տալ այն սեռին, որի ներկայացուցիչները տվյալ հաստատությունում ավելի քիչ են: Կառավարությունը այս առաջարկությունը մերժել է, ինչը ոչ միայն ինձ, այլև մյուս պատգամավորների համար անընդունելի և անհասկանալի էր:
– Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը բավականին կարճ տևեց և բացի ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանից, մյուս ելույթ ունեցողները կանայք էին: Պատգամավորների կողմից պակաս հետաքրքրությունը նախագծի նկատմամբ ինչո՞վ կբացատրեք:
– Կարծում եմ, դա պայմանավորված է երկրորդ ընթերցման փաստով, որովհետև առաջին ըբթերցմամբ օրինագիծը շատ խորը և հանգամանալից քննարկման է ենթարկվել: Ես ինքս այդ ժամանակ դեռ պատգամավոր չեմ եղել, բայց սղագրություններին հետևելով, զգացվում է, որ հետաքրքրությունը օրենքի նախագծի նկատմամբ եղել է: Այսուհանդերձ, երկրորդ ընթերցման ընթացքում հարցեր տալու իրավունք ունեին միայն առաջարկություններ ներկայացրած պատգամավորները և քանի որ Արծվիկ Մինասյանը նախորդ գումարման պատգամավորներից միակն էր, ով առաջարկություններ էր ներկայացրել , նախընտրեց ուղղակի ելույթի ձևով հանդես գալ: Զուտ սրանով եմ պայմանավորում, որովհետև օրինագիծն արդիական է, լուրջ հետաքրքրություն է ներկայացնում և նաև անհրաժեշտ է:
-Տիկին Վարդանյան, շատերը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ արտահայտության տակ միայն կանանց իրավունքներն են պատկերացնում:
– Այստեղ խոսքը կանանց իրավունքերի մասին չէ, այստեղ խոսքը գենդերային հավասարության մասին է: Ցավոք, մեզանում գենդերային հավասարություն ասելով, անմիջապես ֆիքսվում են կանանց իրավունքների և հնարավորությունների վրա: Այնինչ, խոսքը երկու սեռերի հավասար իրավունքների և հանարավորությունների խնդիրն է բարձրացվում:
– Եթե, ինչպես նշվեց օրենքը դեկլարատվ բնույթ է կրում, ապա գործնականում ինչպե՞ս է ապահովելու սեռերի հավասար իրավունքներն ու հնարավորույթունները: Թե՞ այն, պարզապես հերթական «գալոչկան» է լինելու առ այն, որ մենք կատարեցինք մեր ստանձնած միջազգային պարտավորությունները:
– Մեր օրենքների մի մասն, իսկապես, «գալոչկայի’’ բնույթ են կրում: Այստեղ կարևոր է, թե մենք որքանով հետամուտ կլինենք տվյալ օրենքում հստակ մեխանիզմների սահմանմանը: Մյուս կողմից, օրենքում նախատեսվում է մշտադիտարկման ինստիտուտը և նաև օրենքների փորձաքննությունը գենդերային հավասարության տեսանկյունից, ինչն իմ կարծիքով կարևորագույն առաջընթաց է: Վերջին հաշվով, հենց որ մենք նկատենք, որ օերնքը շարունակում է մնալ զուտ դեկլարատիվ և պարզապես թղթի վրա գրված, կարծում եմ շատ արագ և հասարակական սեկտորը, և օրենսդիրները պետք է ձեռնամուխ լինեն այնպիսի մեխանիզմների մշակմանը, որ օրենքն իսկապես կյանքի կոչվի: Ուղղակի առաջին քայլով պետք չէ սահմանափակվել, որովհետև մեր երկրում, ամեն դեպքում, փոփոխելու շատ բան կա:
Մարիաննա Ղահրամանյան
Դիտումների քանակը` 3801