ԵԽԽՎ նոր բանաձևը. կանանց առաջխաղացման համար պատասխանատու են կուսակցությունները
Կանանց կուսակցություն ստեղծելու մասին օրերս տարածված լուրի համատեքստում առավել արդիական է դառնում հոկտեմբերին կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունված «Քաղաքական կուսակցությունները և կանանց քաղաքական ներկայացվածությունը» թիվ 1898 բանաձևը, որն, ի դեպ, հայաստանյան քաղաքական դաշտի համար աննկատ անցավ: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամները չմասնակցեցին նրա քննարկմանը, սակայն դրա մեջ շարադրված հանձնարարականներն ուղղակիորեն վերաբերում են այն երկրներին, որոնց խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը 20%ից ցածր է: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում այսօր կանայք ընդամենը 10,7% են, կնշանակի` մեր քաղաքական ուժերը պետք է ուշադրություն դարձնեն եվրոպական հանձնարարականներին:
ԵԽԽՎ-ն բավական հետևողական է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարաններում կանանց ներկայացվածության առումով: Ինչպես հայտնի է, երկու տարի առաջ ընդունվեց մեկ այլ բանաձև և, ըստ էության, նույն թեմայով: Խոսքը «Ընտրակարգերը որպես քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության բարձրացման գործիք» թիվ 1706 (2010) բանաձևի մասին է: Դրանով ԵԽ անդամ երկրներին առաջարկվում էր կտրուկ բարձրացնել կանանց ներկայացվածությունը քաղաքական Օլիմպոսում` կուսակցական ցուցակներում քվոտաներ կիրառելու միջոցով` իդեալում` նվազագույնը 40% կանայք, ընդ որում կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության խստիվ պահպանմամբ: Ավելին, կուսակցությունների վրա դրվեց մեծամասնական ընտրակարգով կանանց մասնակցության բարձրացման պատասխանատվությունը:
Նոր բանաձևը նախորդի տրամաբանական շարունակությունն է: Այս անգամ խոսքը կուսակցությունների պատասխանատվության մասին է` ոչ միայն կուսակցություններում կանանց ներգրավելու և նրանց քաղաքական աճին և առաջընթացին նպաստելու, այլև օրենսդիր մարմնում և ամբողջ հասարակությունում գենդերային հավասարակշռության ապահովման առումով:
Վեհաժողովն առաջարկեց կազմակերպել այս խնդրին նվիրված սեմինար այն անդամ երկրների խորհրդարաններում, որտեղ կանանց ներկայացվածությունը չի անցնում 10%ը:
Զեկույցը նախապատրաստել էր ռումինացի խորհրդարանական Մարիա Ստավրոսիտուն (լուսանկարում): Փաստաթղթում հեղինակը ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում կանայք կազմում են բնակչության շուրջ 51%-ը, սակայն ազգային խորհրդարանների անդամների շրջանում կանայք ընդամենը մոտ 23% են: Այս միջինացված ցուցանիշը թաքցնում է հսկայական խզումը ընդամենը չորս երկրների, որոնցում կանանց ներկայացվածությունը խորհրդարանում գերազանցում է 40%-ը (Անդորրա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Շվեդիա) և շատ ավելի մեծ թվով երկրների միջև, որտեղ այս ցուցանիշը չի գերազանցում 20%ը, իսկ որոշ դեպքերում նաև` 10%-ը:
«Իմ զեկույցը նվիրված է ժողովրդավարական գործընթացներում առանցքային խաղացողներ հանդիսացող կուսակցություններում գենդերային հավասարության ապահովման առաջավոր փորձին», ասաց Մարիա Ստավրոսիտուն` նշելով, որ գոյություն չունի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու միասնական բանաձև, սակայն առավել հաճախ պետությունների կողմից կիրառվող գործիքների շարքում օրենսդրական քվոտաներն են, որոնցով ընտրական ցուցակներում սահմանվում են կանանց ներկայացվածության նվազագույն տոկոսը, ինչպես նաև ֆինանսական կամ այլ խթաններ:
Նրա խոսքով` ընտրական քվոտաներ գոյություն ունեն Եվրոպայի խորհրդի 13 անդամ երկրներում, սակայն, բացի այդ, շուրջ 30 անդամ պետությունների կուսակցություններ կամավոր հիմունքներով մտցրել են գենդերային քվոտաներ` կանանց նվազագույն տոկոսը երաշխավորելու համար: Կուսակցությունները դիմել են բազմաթիվ այլ միջոցների` իրենց ներքին կառույցներում կանանց ակտիվ մասնակցությունն ապահովելու` առաջադրելով նրանց աչքի ընկնող և պատասխանատու պաշտոններում և սատարելով նրանց առաջխաղացմանը:
Նա նաև հիշեցրեց, որ կանանց ներկայացվածության հարցի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար Խորհրդարանական վեհաժողովը որոշում է ընդունել սահմանել գենդերային հավասարության մրցանակ այն կուսակցությունների համար, որոնք տարբեր միջոցներ և նախաձեռնություններ են հանդես բերում այս ոլորտում:
Ընդունված բանաձևում հղում է արվում 2010ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի և Վենետիկի հանձնաժողովի հրապարակած «Քաղաքական կուսակցությունների գործունեության իրավական կարգավորման ղեկավար սկզբունքներին», որում պարունակվում են աշխատանքի արդյունավետ ձևերի և մեթոդների օրինակներ:
«Դեպի բարեկեցություն միակ ուղին անցնում է տղամարդկանց
ու կանանց հավասարության միջով»
«Քաղաքական կուսակցությունները և կանանց քաղաքական ներկայացվածությունը» բանաձևի քննարկման ընթացքում հանդես եկավ Շվեդիայից պատգամավոր Մարիետա ՊուրբեԼունդինը, ով շեշտադրեց, որ կուսակցությունները պետք է գիտակցեն ցուցակում առաջինների շարքում կանանց ներկայացնելու անհրաժեշտությունը: «Ինչոր բան հնարավոր է օրենսդրությամբ ամրագրել, իսկ ինչոր բան` ոչ: Մենք պետք է խրախուսենք կուսակցություններին կանանց առաջ մղելու», ասաց շվեդ պատգամավորը:
Կիպրացի պատգամավոր Ստելլա Կիրիկիդեսը նշեց. «Իմ երկիրը` Կիպրոսը, զեկույցում հիշատակվում է որպես Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ երկրներից մեկը, որոնց խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 20%ից ցածր է: Դրա հետ մեկտեղ ԵԽ 47 անդամ երկրներից միայն չորսում խորհրդարանում 40%ից ավելին կանայք են: Իհարկե, մենք կարող ենք հետևել Արիստոֆանեսի նշանավոր պիեսի աթենացի կնոջը` Լիսիստրատի օրինակին, որը համոզեց հույն կանանց` հրաժարվել իրենց ամուսնական պարտականություններից` Պելեպոնեսյան պատերազմին վերջ դնելու համար: Սակայն հուսով եմ, որ մենք ի զորու ենք լուծելու այս խնդիրը առանց արմատական միջոցների դիմելու»:
Նրա խոսքով` այս խնդիրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես կանանց հիմնախնդիր: «Հիմնական տեղաշարժը պետք է տեղի ունենա կարծրատիպերում, որոնցով դաստիարակվում են մեր երեխաները: Այս կարծրատիպերը ձևավորվում են վաղ տարիքում ԶԼՄների և մեր քաղաքական ու քաղաքացիական հասարակության միջոցով: Պետք է լինի հստակ, նպատակաուղղված քաղաքականություն, որը նպաստի կանանց համար ընտանիքի և քաղաքական կարիերայի համատեղմանը», ընդգծեց կիպրացի պատգամավորը:
Քննարկումներին մասնակցեց նաև Նորվեգիայից պատգամավոր Լիզ Քրիշտոֆերսենը, ով նշեց, որ իրենց պատվիրակությունն ամբողջությամբ աջակցում է կուսակցություններին ուղղված կոչին` ` ներմուծել գենդերային քվոտաներ: «Նորվեգական աշխատավորական կուսակցությունում մենք 50:50 քվոտա ունենք իշխանության և կուսակցական կազմակերպության բոլոր մակարդակներում, և այս կանոնի խախտումը կարող է անհրաժեշտության դեպքում հանգեցնել պատժամիջոցների: Քվոտան ուղղված է ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանությանը, այլ նաև քաղաքական որոշումների որակի բարձրացմանը` քաղաքականության մեջ կանանց կենսափորձի օգտագործման հաշվին», նշեց նա:
Պատգամավորն առաջարկեց վերցնել խորհրդարանում կանանց ներկայացվածության «վատ ցուցանիշներով» երկրների ցուցակը և զուգահեռներ անցկացնել Համաշխարհային տնտեսական ֆորումի գենդերային խզման համաթվի հետ: «Մենք սերտ փոխադարձ կապ կհայտնաբերենք կանանց ներկայացվածության և բարեկեցության ու կյանքի պայմանների վարկանիշի միջև: Մենք համոզված ենք, և պատմությունն ապացուցել է դա` դեպի բարեկեցություն և բարգավաճում միակ ուղին անցնում է ժողովրդավարության և տղամարդկանց ու կանանց համար հավասար պայմանների միջով: Հակառակ տեսակետը վաղ թե ուշ փակուղի կտանի»:
Օքսանա Մուսայելյան
Ստրասբուրգ- Երեւան
Արփինե Հովհաննիսյան. «Ցանկացած լավ գաղափար կարելի է փչացնել վատ կատարմամբ»
ԵԽԽՎում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը WomenNet.am –ի հետ զրույցում ասաց, որ թեև այս բանաձևը քաղաքական օրակարգային այլ հարցերի համատեքստում փոքրինչ անուշադրության մատնվեց, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանը կարևորություն չի տալիս այդ բանաձևին: Նրա խոսքով, բանաձևը, ըստ էության, մեկ անգամ ևս վերահաստատում է Եվրոպայի խորհրդի մոտեցումները քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության վերաբերյալ:
«Բանաձևը ըստ էության երկու հարցադրում է պարունակում: Առաջին հատվածը ուղղված է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, որոնց կոչ է արվում ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծել կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում առավել բարձրացնելու համար: Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ապա դրանով կարևորվում է կանանց ներգրավվածությունը հենց Եվրոպայի խորհրդի ներսում` իրենց մարմինների ընտրությունների ժամանակ», նշեց ատգամավորը:
Արդյո՞ք բանաձևը որոշակի պարտավորություննե՞ր է սահմանում ու, մասնավորապես, Հայաստանի համար: Մեր այս հարցին պատասխանելիս պատգամավորն ասաց.
«Ոչ, որևէ պարտավորեցնող դրույթ բանաձևը չի սահմանում, պարզապես երաշխավորում է, որ այն քայլերը, որոնք իրականացնում են տարբեր երկրներ, այդ թվում նաև` Հայաստանը (հիշենք Ընտրական օրենսգրքում զետեղված գենդերային քվոտան), իրականացվեն նույն եռանդով ու շարունակականությամբ: Կարծում եմ` պետք է քայլ առ քայլ գնալ, միանգամից ոչինչ հնարավոր չէ անել, որովհետև ցանկացած լավ գաղափար կարելի է փչացնել վատ կատարմամբ: Հետևաբար աստիճանական զարգացումը այն մոտեցումն է, որը, իմ խորին համոզմամբ, այստեղ կարող է լուծում հանդիսանալ»:
Ի դեպ
Թիվ 1898 բանաձևում այլ հարցերի հետ մեկտեղ հատուկ շեշտադրված է ընտանիքի և քաղաքական կարիերայի զուգակցման հիմնախնդիրը .
«Ձեռնարկել միջոցներ, որոնք հնարավորություն կտան կուսակցությունների կին անդամներին զուգակցելու քաղաքական գործունեությունը և ընտանեկան պարտականությունները, մասնավորապես, հնարավորություն ընձեռելով անվճար օգտվելու նախադպրոցական հաստատությունների ծառայություններից կարևոր կուսակցական իրադարձությունների կամ ընտրական քարոզարշավների ժամանակ, և որքան հնարավոր է խուսափել երեկոյան և հանգստյան օրերին կուսակցական ժողովներ հրավիրելուց»…
Դիտումների քանակը` 4723