Նարինե Մկրտչյանը կդիմի նաև Սահմանադրական դատարան
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց որպես նախագահի թեկնածու, դիմել է Վարչական դատարան: Կին գործիչը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել հանձնաժողովի այդ որոշումը, ինչպես նաև պարտավորեցնել հանձնաժողովին ընդունել որոշում իմ թեկնածության գրանցման մասին: Հունվարի 18-ին կայացավ դատական առաջին նիստը:
WomenNet.am-ի հետ զրույցում Նարինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 21-ին, ժամը 11-ին կայանալիք դատական նիստում: Եթե հանկարծ դատարանը չբավարարի թեկնածուի հայցը, ապա Ն. Մկրտչյանը պայքարը կշարունակի Սահմանադրական դատարանում:
Հիշեցնենք, որ Ն. Մկրտչյանին ԿԸՀ-ն թեկնածու չէր գրանցել 8 մլն դրամ գրավի վճարման անդորրագրի բացակայության հիմքով: Ընտրական օրենսգրքի պահանջ է, նախագահի թեկնածուներին գրանցում է այն դեպքում, երբ քաղաքացին կվճարի 8 մլն դրամ: Դասախոս, լրագրող, հրապարակախոս կնոջն այդ գումարը գտնել չհաջողվեց:
Մեկնաբանելով հայցի ներկայացումը, Ն. Մկրտչյանը նշում է. «Նախաձեռնությունն ուղղված է ՀՀ բոլոր քաղաքացիների համար քաղաքականությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների սահմանմանը` ընտրական իրավունքի իրացման համար ունեցվածքային ցենզի բացառմանը»:
Տարածած հայտարարությունում Մկրտչյանը նշում է, որ հայցադիմումում վկայակոչվում են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ: Մասնավորապես՝ 14.1 հոդվածը սահմանում է` «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից,գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է` «Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:
ԿԸՀ նմանատիպ որոշումը Սահմանդրական դատարանում վիճարկելու փորձ արել էր նաև Պավլիկ Սարգսյանը: Թոշակառու քաղաքացին ևս ԿԸՀ չէր կարողացել ներկայացնել անդորրագիրը: Հունվարի 9-ին նա դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում: Դիմումն ուսումնասիրվել էր Պաշտպանի աշխատակազմի իրավաբանների կողմից, որի արդյունքում չի հայտնաբերվել սահմանադրականությունը վիճարկելու որևէ հիմք: ՄԻՊ աշխատակազմում եկել էին եզրակացության, որ Պ. Սարգսյանի պահանջը հիմնավոր չէ:
«Առհասարակ ընտրագրավը երաշխիք է, որ նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես իրավունքի սահմանափակում և/կամ խախտում: Ընտրագրավը ընդունված է բազմաթիվ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիա Ֆրանսիա, Կանադա և այլ երկրներե,-նշել էին ՄԻՊ աշխատակազմից:
Ի պատասխան այս և նմանատիպ դիտարկումների, Նարինե Մկրտչյանը մի քանի անգամ հայտարարել է, նաև Վարչական դատարան ներկայացրած հայցում նշել է.
«Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածը որպես առաջադրման ձևերից մեկն է սահմանում ինքնառաջադրումը, ինչը ենթադրում է, որ քաղաքացին առաջադրվում է իր ցանկությամբ, այլ ոչ այլ ընտրողների նախաձեռնությամբ կամ որոշմամբ: Այդ առումով ընտրական գրավի 8 միլիոն դրամ սահմանված չափը ինքնին վերածվում է գույքային ցենզի, քանի որ համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասինե ՀՀ օրենքի, ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է երեսունհինգ հազար ՀՀ դրամի չափով, իսկ միջին աշխատավարձը, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, կազմում է 114000 ՀՀ դրամ, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը` անկախ իրենց քաղաքական ակտիվությունից կամ վարկանիշից: Նշեմ նաև, որ այն երկրներում, որտեղ ընտրական գրավ կիրառվում է, այն կազմում է ոչ մեծ գումար և համադրելի է երկրի միջին աշխատավարձի հետ»:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3583