Գեւորգ Պողոսյան. «Որ չասեն, տեսա՞ք, կին է, բա ի՞նչ էիք ուզում»
«Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ WomenNet.am-ի զրույցը նվիրված է Gallup internetional կազմակերպության հետ համատեղ իրականացվող հարցումներին, որոնք ընթանալու է երեք փուլով եւ որոնց նպատակն է պարզելու հասարակության տրամադրվածությունը մինչ թեկնածուների առաջադրումը, առաջադրումից հետո եւ ընտրությունից մի քանի օր առաջ:
Առաջին փուլի արդյունքներն արդեն հայտնի են եւ տարվա վերջին ներկայացվել էին հանրությանը: Գեւորգ Պողոսյանի խոսքերով, մասնագետները հավասարապես զրուցել են կին եւ տղամարդ ընտրողների հետ: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի քաղաքականացված են, քան կանայք: Գենդերային ասպեկտով հարցեր չեն եղել, այսինքն սոցիոլոգները հարցվածներից չեն փորձել ճշտել, կցանկանայի՞ն ունենալ կին նախագահի թեկնածու, թե ոչ:
– Դա առաջին փուլի սոցհարցման ֆորմատի մեջ չէր մտնում: Հաջորդ հարցումը նախատեսում ենք անցկացնել հունվարի 14-ից հետո եւ եթե մինչ այդ կանայք առաջադրվեին, բնականաբար մենք հարցեր կմշակեինք նաեւ նրանց համար: Թեպետ տարբեր տարիներին մենք իրականացրել ենք նմանատիպ հետազոտություններ` պարզելու հասարակության վերաբերմունքը կին քաղաքական գործիչների վերաբերյալ:
Բնութագրելով հայ հասարակությունը որպես տղամարդկային, նա նշում է, որ ոչ միայն տղամարդիկ, կանայք էլ չեն ցանկանում ընտրել կնոջ: Պատճառը դարերից եկող մենթալիտետն է, որտեղ տղամարդը որոշում կայացնող է, կինը` կատարող, որտեղ տղամարդուն են վերագրվում բոլոր կարեւորագույն պաշտոնները, իսկ կինը պետք է մնա տանն ու խնամի երեխաներին:
Գեւորգ Պողոսյանը շեշտում է, որ այդ մտածելակերպը կամաց-կամաց փոխվում է:
– Այսօր հասարակության մեջ ձեւավորվում է մի խավ, որը դրական է գնահատում կանանց գործունեությունը քաղաքականության մեջ եւ սեռային պատկանելությունը խոչընդոտ չի համարում, սակայն պետք է փաստեմ, որ նրանք դեռեւս մեծամասնություն չեն: Հատկապես վերջին տարիներին կանայք շատ ակտիվ են, մասնավորապես նրանց աշխատանքը նկատելի է խորհրդարանում եւ այդ աշխատանք արդյունքում հասարակության մտածելակերպն է փոխվոմ: Կարող ենք փաստել, որ սառույցը կոտրվել է, սակայն դրական տեղաշարժը դանդաղ է ընթանում:
Թեպետ այսօր արդեն պարզ է, որ այս նախագահական մրցավազքում կին թեկնածուներ չենք ունենալու, Գեւորգ Պողոսյանը նշում է, որ ի սկզբանե կանանց առաջադրման մեջ եւ՛ դրական, եւ՛ բացասական միտումներ էր տեսնում: Սոցիոլոգը համոզված է, որ եթե Նարինե Մկրտչյանը կամ Անուշ Սեդրակյանն մասնակցեին , միեւնույն է չէին հաղթի:
– Նրանք էլ գիտեին, որ չեին հաղթելու, սակայն նրանց առաջադրումը գուցե նպաստեր, որպեսզի հասարակության մեջ կանանց հանդեպ վերաբերմունքը փոխվի: Կոպիտ ասած, մարդկանց աչքը կսովորի տեսնելու կնոջը նախագահի թեկնածուի դերում: Բայց այս առնչությամբ, ես նաեւ մտավախություն ունեմ: Խնդիրն այն է, որ առաջադրվող կանայք պետք է լինեն շատ աչալուրջ, շատ պատրաստված, ունենան լավ մշակված ծրագիր ու կարողանան ճիշտ ու գրագետ ընտրարշավ կազմակերպել: Տղամարդկանց պարագայում հասարակությունն անհատական է ընկալում, իսկ կանանց պարագայում` կինը ներկայացնում է բոլորին, հետեւապես նախագահի կին թեկնածուները ստիպված են դիմակայել այդ պահանջին ու այնպես աշխատել, որպեսզի մինչ այդ հասարակության ձեւավորված վերաբերմունքը կանանց հանդեպ դեպի բացասականը չփոխվի եւ այն տղամարդիկ ու կանայք, ովքեր կտրականապես դեմ են կին քաղաքական գործիչներին, չասեն, բա որ ասում էինք, տեսա՞ք, կին է, բա ի՞նչ էիք ուզում…
Հասմիկ Հարությունյան
Դիտումների քանակը` 5117