Ինչպես հայ կանայք առաջին անգամ բարձրացան Էվերեստ/ վիդեո
2012-ին երկու հայ կին` Լյուբա Բալյանը և Մարիամ Մարտիրոսյանը ուղևորվեցին ճամփորդության դեպի Էվերեստ, հայտնում է ԷկոԼուրը:
Երկրագնդի ամենբարձր կետը` Էվերեստը, գտնվում է Նեպալի և Չինաստանի սահմանին: Նրա բարձրությունը 8844 մետր է: Տիբեթում այն ընդունված է անվանել Ջոմոլունգմա, որը թարգմանաբար նշանակում է «աստվածային»: Նեպալում էլ այն կոչում են Սագարմատխա, որը նշանակում է «Աստվածների մայր»:
Լյուբա Բալյանը և Մարիամ Մարտիրոսյանը բարձրացել են մինչեւ 5364 մետր: Այդ նիշից հետո Էվերեստը կարող են նվաճել միայն պրոֆեսիոնալ լեռնագնացները հատուկ սարքավորումներով: Բայց նույնիսկ այդ ճամբարին են քչերը հասնում:
Իրենց տպավորությունների մասին նրանք պատմում են «ԷկոԼուր»-ին:
Ինչից սկսվեց.
«Ամեն ինչ սկսվեց մի լուսանկարից, որը ես տեսա ինտերնետային կայքերից մեկում: Այդ նկարում պատկերված էր Հիմալայան մի փոքր գյուղ, որը մի չքնաղ տեսարանով անգլիացի մի լուսանկարիչ պատկերավորել էր իր արշավներից մեկում: Երբ որ փնտրեցի, հասկացա, որ այդ վայրը կոչվում է Նամչեբազար, գտնվում է 3500մ բարձրության վրա, եւ այնտեղ հայտնվելու համար պետք է գնալ եւ հասնել Էվերեստի բազային ճամբարը: Այդ նկարն այնքան գրավիչ էր, որ ես որոշեցի ինքս ուղեւորվել եւ ինքս հայտնվել այդ տեղում,- ասաց Լյուբա Բալյանը,- Եթե Մարիամը չլիներ, երեւի ճանապարհն այդքան թեթեւ չէր անցնի»:
Աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանի մասին.
«Ամենադժվար պահը, որը ես անձամբ շատ ծանր էի տանում, դա հենց Կատմանդուից Լուկլա թռիչքն է: Ինչու է դժվար, որովհետեւ Լուկլայի օդանավակայանը համարվում է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը: Մի փոքր պատմեմ օդանավակայանի մասին, թե ինչու է վտանգավոր: Այն գտնվում է Լուկլայում` 2800 մետր բարձրության վրա, ընդամենը ունի 20 մետր լայնություն եւ 460 մետր երկարություն` ինքնաթիռի լիարժեք վազքը կատարելու համար: Նաեւ ունի 12 աստիճան կորություն, որպեսզի վայրէջք կատարելիս ինքնաթիռը հասցնի ժամանակին դանդաղեցնել: Բայց խնդիրը նաեւ նրանում է, որ օդանավակայանի մի կողմից 700 մետր խորությամբ անդունդ է, եւ դիմացը ժայռեր: Ու քանի որ եղանակային տեսանելիությունը շատ ցածր է լինում, շատ ժամանակ հավասարվում է զրոյի, օդաչուները ստիպված թռչում են 200-300 մետր բարձրության վրա, շատ ցածր՝ փորձելով շրջանցել տարբեր լեռնային զանգվածներ, ժայռեր, որպեսզի ժամանակին տեսնեն այդ փոքր թաթի չափ Լուկլայի թռիչքուղին, որովհետեւ եթե դու ժամանակին չես իջնում, դու կամ ընկնում ես վայր, կամ էլ անմիջապես բախվում ժայռին: Ժայռի վրա էլ, իդեպ, գրված էր «Բարի գալուստ», որը մենք համարեցինք որպես սեւ հումորի տարբերակ»:
Նեպալացիների եւ շերպաների մասին.
«Շերպանները բեռնակիրներ են: Շերպանները Տիբեթում նեպալական փոքր էթնիկական խումբ են: Ուղղակի ապշեցուցիչ էր այն, թե ինչ քանակության, ինչ քաշի, ինչ կիլոգրամներ էին կրում այդ մարդիկ, պարզապես երկու ճամպրուկ իրար հետ միացնելով ինքն ուղղակի վերցրեց 60-70 կգ չափով իրերը շալակը եւ 3000 մետրից ընդհուպ մինչեւ վերջ՝ 5000 մետր ամբողջությամբ հանեց վերեւ՝ ընդորում չունենալով համապատասխան կոշիկներ` ձյան, սառույցի, կարկուտի վրայով, ուղղահայաց լեռնային ռելիեֆներով:
Ես նույնիսկ տեսնում էի, որ շերպաները շինանյութ են հանում՝ դուռ, պատուհան, ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է, ընդորում երբ 4 կողմը անտառ է: Ամենաառաջին հարցը, որ իմ մեջ ծագեց հայկական մտածելակերպի համաձայն, ինչի պիտի ես շինանյութը տանեմ, երբ կարելի է շրջակայքում ծառ կտրել: Ես նույնիսկ մի անգամ չտեսա, որ ինչ-որ մեկը մի հատ ծառ կամ ծառի կեղեւ հետը տանի: Ամեն ինչը, ինչ անհրաժեշտ էր մարդկանց ապրուստի համար, հանվում էր մարդկանց մեջքի վրա: Նույնիսկ եթե փորձում էինք ինչ-որ աղբ նետել, ուղեկցողը շատ խիստ զգուշացրեց, ասաց, որ ոչ մի կերպ չի կարելի, քանի որ դա մեր կրոնին հակառակ է: Մենք փորձում ենք այդ բնությունը պահպանել ոչ միայն մեր համար, այլեւ մեր սերունդների համար: Ինչպես որ իրերն էին բարձրացվում 3000 մետրից վերեւ, նույն կերպով աղբը տարբեր բարձրություններից մեջքի վրա, կամ յակերի վրա, քանի որ այլ տրանսպորտային միջոց չկար, այդ ամենը իջեցվում էր ներքեւ: … Մեզ մոտ չկա խնայելու այդ գաղափարը, այն, ինչ-որ ես նկատել եմ նեպալացիների մոտ: Պետք է գիտակցել, որ եթե դու օգտվում ես քո անտառից, օգտվում ես ջրային պաշարներից, պետք է անել այնպես, որ բնությունը նաեւ հասցնի վերականգնվել եւ կարողանա տալ այդ տուրքը քեզ, որից որ դու օգտվում ես, որովհետեւ բնությունը այնքանով նուրբ էկոհամակարգ է, որը երբ դու վերցնում ես, ապա պիտի հասցնես հետադարձ տալ, եթե չես անում այդ բանը, բնական է, այդ ամենը, ի վերջո, կվերանա…
Նեպալացիք շատ բարի, շատ հյուրասեր, շատ հյուրընկալ մարդիկ էին, եւ զբոսաշրջիկներնի շատ մեծ հարգանքով էին վերաբերվում: Հատկապես Հայաստանից քանի որ առաջին անգամ էին տեսել մարդ, լուրը միանգամից տարածվեց, որ Հայաստանից երկու աղջիկ կային: Իհարկե դա ինչ-որ չափով գրավեց նրանց ուշադրությունը, որովհետեւ այդ երկրի անվանումը երբեք նախկինում չի հնչել: Բոլորին հետաքրքիր էր, թե ինչ երկիր է, ինչ մարդիկ են, որ տարածաշրջանից են: Ու Մարիամը հատկապես, իր մոտ շատ լավ ստացվում էր քարոզել, թե Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, որ դա նաեւ ինչ-որ փոքր Հիմալայներ է, որ գտնվում է Կովկասում, ու շատ էր քարոզում այն փաստը, որ եթե դուք ուզում եք տեսնել փոքր Հիմալայներ, եկեք` Հայոց լեռնաշխարհը տեսնելու: Ինձ թվում է՝ հաջողվեց, որովհետեւ առնվազն 10 հոգի խոստացան, որ պիտի գան Հայաստան՝ այն բացահայտելու համար…»:
Թե ինչ տեսան.
«Ամբողջ ճամփորդությունը, ամբողջ արշավը մի ընդհանուր գեղեցկություն էր: Նույնիսկ ռիսկերից մեկը լեռնային հիվանդությունը, որը մեզ անընդհատ զգուշացնում էին, որ կարող է սկսվել ցանկացած բարձրության վրա, մեզ վրա չազդեց: Ես, օրինակ, ինձ շատ լավ էի զգում: Բարձրացանք 5364 մետր, որտեղ որ այդ ճամբարն է գտնվում, բայց ինձ թվում է, որ մենք մի 5 ու կես հազար բարձրացել ենք, որովհետեւ այդ կետին հասնելու համար առնվազն մի քանի լեռնանցքներ ես անցնում, որը դիրքով շատ ավելի բարձր է: Հրաշքներից կարող եմ նշել, որ հետադարձ ճանապարհին, երբ որ ես փորձում էի վայրի թռչուն նկարել, աջ կողմից ահռելի ձայն լսվեց, երբ որ ես շուռ եկա, տեսա, որ դա կենդանի մի ձնակույտ է թափվում…»:
Նաեւ կլիմայի փոփոխության մասին.
«Էվերեստը հալվում է, նույնիսկ գիտեմ, որ այս տարի քանի խումբ փորձել են Էվերեստը նվաճել Նեպալի կողմից, բայց քանի որ Նեպալի կողմից նվաճելը շատ ավելի հեշտ է, մի քանի խմբերի չի հաջողվել, քանի որ Էվերեստի փեշերից ձյան շերտը ամբողջովին քամով քշվել է, ու փաստորեն, այդ խմբերը ստիպված էին Տիբեթի կողմից նվաճել: Դա էլ հենց կլիմայական փոփոխության հետեւանքներից մեկն է, որ լեռնագնացների համար շատ դժվար էր Էվերեստը գրավել այս տարի»:
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ.
http://www.ecolur.org/hy/news/climate-change/first-armenian-women-on-their-way-to-everest/4469/
Լուսանկարներն ու տեսանյութերը «ԷկոԼուր»-ին տրամադրել է Լյուբա Բալյանը:
Դիտումների քանակը` 8214