“Կյանքն ինձ ստիպեց հեռանալ Հայաստանից՛՛…

                         

Ցավալի  է, որ Հայաստանում ըստ նոր ձևավորված ավանդույթի՝ շատ ընտանիքներ հավաքվում են միայն Նոր տարուն: Հայրիկները, իսկ վերջերս նաև մայրիկները, տատիկները և պապիկները վերադառնում են տուն, որպեսզի երկարատև բաժանումից հետո դիմավորեն սիրելի տոնը հարազատ մարդկանց շրջապատում: Սակայն յուրաքանչյուր լավ բան ինչոր մի օր ավարտվում է, և 10 օր անց, լավագույն դեպքում մեկ ամիս անց նրանք կրկին կսփռվեն ամբողջ աշխարհով մեկ՝ իրենց ընտանիքի անդամներին հարմարավետություն և հարաբերական կայունություն ապահովելու համար:

 

…Իմ հարևանուհին՝ 15 տարեկան մի աղջնակ, իր տատիկի հետ մայրիկին էր սպասում, ով Մոսկվայից  էր եկել: Պատահմամբ ականատես լինելով իրենց հանդիպմանը` արցունքներս չկարողացա զսպել: Եթե հայրենիքում կարողանար բավականաչափ գումար վաստակել, այս կինը դժվար թե լքեր իր տունը, անչափահաս աղջկան և հիվանդ մորը: ՛՛Կյանքն ինձ ստիպեց հեռանալ երկրից, որպեսզի այնտեղ՝ օտար հողում պայքարեմ գոյության համար: Ես եմ ընտանիքին կերակրողը, սակայն Հայաստանի պայմաններում չեմ կարող կերակրել երեխայիս  և օգնել հիվանդ ու անօգնական մորս՛՛, – ասում է նա:

 

Աշխատելով մոսկովյան ռեստորաններից մեկում, որի սեփականատերը հայ է, իմ հարևանուհուն հաջողվեց կարճ ժամանակահատվածում մեղմացնել ընտանիքի նյութական իրավիճակը . գազ անցկացրեց բնակարանում և վերանորոգեց բաղնիքը, որպեսզի հարազատները կարողանան մարդավայել ապրել: Ռեստորանում մենեջեր աշխատելով նա օրական 80 դոլար է վաստակում, ինչը բավականացնում է Հայաստանում ընտանիքին կերակրելու համար, ինչպես նաև ամեն ամիս 6000 ռուբլի վճարել իրեն հյուրընկալած ծանոթներին: Եվ այսպիսի օրինակները, ցավոք սրտի, շատ շատ են:

 

…Մեկ այլ մեր հայրենակցուհու՝ Արմենուհու խնդիրները այլ բնույթի են: Շատերին գուցե նախանձելի էր թվում, երբ 20 տարի առաջ Արմենուհին ամուսնացավ իրանական ծագմամբ մի հայի հե և տեղափոխվեց Ամերիկա ամուսնու մոտ, ով այդ պահին արդեն նահանգներում էր բնակվում: Երբ աղջիկը 13 տարեկան դարձավ, իսկ տղան արդեն պետք է առաջին դասարան գնար, ծնողները որոշեցին տեղափոխվել Հայաստան: Հաստատվեց Մասիսում գտնվող իր հայրական տանը: Իմ այն տրամաբանական հարցին, թե ինչու փոխեցին Ամերիկան հայրենիքի հետ, սովորաբար ճիշտ հակառակն է լինում, Արմենուհին պատասխանեց, որ բացառապես աճող սերնդի մոտ ավանդույթների պահպանման նպատակով:

 

Հետագայում մեր զրույցներից մեկի ժամանակ իր մտահոգություններն ինձ առավել պարզ դարձան, մենք շատ էինք զրուցում, քանի որ մեր երեխաները նույն դասարանում էին սովորում:

 

՛՛Չգիտես ինչու մենք սովոր ենք մեր ամեն ինչը քննադատության ենթարկել. կրթությունը վատ է, աշխատանք չունենք և այլն: Սակայն մարդկային հարաբերություններում այդքան բարություն և ջերմություն չես նկատի Ամերիկայում: Չկա նաև այդքան համեղ միրգ ու բանջարեղեն՛՛, – խանդավառությամբ պատմում էր Արմենուհին:

 

Իհարկե Ամերիկայում Արմենուհին իր տունն ունի, ամուսինն աշխատանք ունի: Երեխաները խոսում և մտածում են անգլերեն: Շփվելով աֆրոամերիկացի  և մեքսիկացի հասակակիցների հետ՝ նրանք ընդօրինակում են նրանց պահվածքը, և դու ոչինչ չես կարող անել: Իսկ Ամերիկայում դեռահասները նման չեն հայ պատանիներին ու աղջիկներին: Նրանց արդեն յոթերորդ դասարանում ուսուցիչները պարբերաբար հիշեցնում են սեքսի ժամանակ պաշտպանվելու մասին՛՛, – պատմում էր Արմենուհին:

 

Իհարկե ցավալի է տեսնել, թե ինչ աղքատության մեջ են ապրում մարդիկ և անճարությունից են լքում հայրենիքը: Սակայն 20 տարի օվկիանոսից այն կողմ ապրելուց հետո նա չի ցանկանում վերադառնալ Ամերիկա, համենայն դեպս մինչև երեխաների մեծանալը: ՛՛Ես ուզում եմ, որ նրանք հայրենիքում մեծանան, իմանան իրենց լեզուն, իրենց արմատները, իրենց ժողովրդի ավանդույթները: Պարզապես որ իմանան, որ ունեն հարազատ հորեղբայրներ և մորաքույրներ: Ամերիկայում գլոբալիզացիայի պայմաններում այսպիսի հասկացությունները հետադիմական են համարվում՛՛, – ավելացրեց նա:

 

Արմենուհին կարիք չունի ցանկացած աշխատանք կատարելու. ամուսինը ապահովում է հայրենիքում նրանց գոյությունը: Միակ խնդիրը, որ նրան անհանգստացնում է, նման է մեր այլ հայրենակցուհիների խնդիրներին, ովքեր իրենց ամուսիններին ճանապարհում են արտերկիր գումար վաստակելու. միայնությունն է: Ամեն անգամ դպրոցական արձակուրդների ժամանակ Ամերիկա հասնելը հեշտ չէ, և ստիպված ենք բավարարվել ժամանակակից կապի միջոցներով. սկայպով:

 

Հնարավոր է՝ հասարակ հայ կանանց համար, ովքեր հոգնել են անվերջանալի աղքատությունից, Արմենուհու կյանքը իրենց կյանքի հետ համեմատած քաղցր թվա: Սակայն, ըստ էության, սա նույնպես տխուր պատմություն է: Չէ որ արժանապատիվ ապրելու և երեխաներին հայրենիքում մեծացնելու համար նա ստիպված է զոհաբերել ամենաթանկ բանը – սիրելի ամուսնուն: Եվ գուցե եթե չունենար այդքան ուժեղ ամուսին, ստիպված կլիներ պահպանել ազգային ավանդույթները Գլենդելի իր տան պատերի ներսում:

 

…Անկեղծ ասած երրորդ պատմությունն ինձ ամենից շատ զարմացրեց: Հանուն իր սիրելիի թուրքական ծագմամբ մի հայ, ով 20 տարի առաջ լքել էր Թուրքիան և ընտանիքի հետ հաստատվել Ֆրանսիայում, փոխեց արդեն հարազատ դարձած Փարիզը Երևանի հետ: Նրա ծանոթությունը ապագա կնոջ հետ շատ տարածված տարբերակով էր. լուսանկարով: Հետո տեղի ունեցավ հանդիպում  Հայաստանում,  ինչն էլ որոշեց ողջ ճակատագիրը: Ամուսնությունից հետո տեղափոխվեցին Ֆրանսիա, որտեղ էլ ծնվեցին նրանց երկու երեխաները: Սակայն Միշելին, ում կարելի է համարել համարյա թե իսկական ֆրանսիացի, պատմական հայրենիքի հետ ծանոթանալուց հետո,  նախկին կյանքն այլևս չհետաքրքրեց: Լինելով ծնունդով Թուրքիայից՝ նա Ֆրանսիայում էլ էր շրջապատված մուսուլմաններով, քանի որ կնոջ՝ Իննայի խոսքերով նրանք ամենուր են: Հայաստանում նա գուցե կյանքում առաջին անգամ իրեն հանգիստ և հարմարավետ զգաց իրեն շրջապատող միջավայրում:

 

Այդ մենք ՝ Հայաստանում բնակվողներս ենք օբյեկտիվ պատճառներով ցանկանում ինչ-որ գույներ ավելացնել մեր իրականությանը, և արբած արևմտյան երազանքից, վաճառում են ամեն ինչ և գնում  Եվրոպա: Սակայն Ֆրանսիայում  ավելի քան 7 տարի ապրած Իննայի կարծիքով ֆրանսերեն չիմացող մեր հայրենակիցները այնտեղ ոչինչ չունեն անելու: Երկրորդը մշակույթների միջև եղած հսկայական տարբերությունն է: ՛՛Անկասկած ամեն ինչ կախված է կոնկրետ մարդուց, բոլորին պետք չէ նույնացնել: Հնարավոր է ՝ կան այնպիսիք, ովքեր շատ շուտ են հարմարվում: Սակայն մեծամասնության համար օտար երկիր տեղափոխվելը շատ բարդ և ցավոտ պրոցես է: Հատկապես, եթե դու այդքան էլ երիտասարդ չես: Չէ որ լեզու սովորելը և արևի տակ տեղ զբաղեցնելը հեշտ չէ, երբ արդեն միջին տարիքում ես՛՛, – կիսվում էր իր տպավորություններով Իննան, ում  հայրենիքի, ընկերների և բարեկամների հանդեպ աննկարագրելի կարոտը ստիպեց յոթ տարի անց լքել Փարիզը:

 

Շուտով նրանք ամուսնու հետ տեղափոխվեցին Հայաստան: Ֆրանսիա վերադառնալու մասին էլ դեռևս չեն մտածում: Երեխաներն այստեղ վճարովի ֆրանսիական դպրոց են հաճախում, որի համար վճարում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: ՛՛Սկզբում ամուսնուս գործերը շատ լավ էին, նա իր սեփական բիզնեսն ուներ: Ամեն ինչ շատ հարթ էր ընթանում: Սակայն հետո խնդիրներ առաջացան և բիզնեսը փակվեց՛՛, – պատմում էր Իննան: Ներկայումս ընտանիքը հարուստ կյանքով չի ապրում, սակայն որպես Ֆրանսիայի քաղաքացիներ սոցիալական նպաստ են ստանում Ֆրանսիայի դեսպանատնից: Բացի այդ Իննայի կարծիքով նա Ֆրանսիայում երեխաներին չի կարող այսքան որակյալ կրթության տալ:  ՛՛Դա այնտեղ շատ թանկ է: Ավելին, մենք Ավանում ենք ապրում, և երեխաները հնարավորություն ունեն անվճար հաճախել Ֆուտբոլի ակադեմիա, որը վերանորոգված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև անվճար շախմատի են գնում: Այսպիսի բան Ֆրանսիայում հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել՛՛, – ասում է Իննան:

 

Նրա խոսքերով մեր հայրենակիցները՝ բազմաթիվ խնդիրներից ճնշված, ինքնակամ հանձնվում են Ֆրանսիայում փախստականների ճամբարներ,  և պարզապես չեն պատկերացնում, թե ինչ դժոխքում են հայտնվում: Ճիշտ է, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նրանցից ոմանց բախտը կբերի և առանձին սենյակ կհատկացնեն:  ՛՛Սակայն ինչքան կարելի է դիմանալ 4 պատերի ներսում, նույնիսկ եթե ապահովում են քո օրական մինիմումը: Իսկ հետո ինչ՛՛, – հարցնում է Իննան:

 

Եվ իսկապես, չէ որ կյանքում կան նաև այլ ցանկություններ և գաղափարներ: Ստացվում է, որ բացի լավ հայկական ախորժակից, որը ի դեպ բավարարվում է համեստ ֆրանսիական ճաշիկով, ձեզ այլևս ոչինչ չեն տրամադրում: Շատերը կարող են հարցնել. իսկ դրանում ինչ վատ բան կա, հայրենիքում նույնիսկ ընտանիքիդ չես կարողանում կերակրել: Ոչ ոք միանշանակ չի կարող պատասխանել այս հարցին, ամեն մեկն իրավունք ունի վարվելու այնպես, ինչպես կցանկանա…

 

Սակայն ցավն այն է, որ այս ամենի մասին պատմելով՝  և Արմենուհին, և Իննան դեմ չէին լինի, որ հետագայում իրենց երեխաները տեղափոխվեին Ամերիկա և Ֆրանսիա ավելի ապահով կյանք ունենալու համար: Ստացվու՞մ է, որ երեխաներին մեծացնելու համար Հայաստանն է լավ, իսկ հետո նրանց ուղարկել Արևմուտք կամ Ամերիկա: Իհարկե մտածելու շատ բան կա: Ամեն դեպքում իմ զրուցակիցները հույս են հայտնում, որ ինչ-որ մի օր՝ գուցե հինգ  տարի անց, Հայաստանը ավելի կհարստանա, և իրենց երեխաները անելիք կունենան հայրենիքում:

 

Ինքս կավելացնեմ, որ նույնիսկ ըստ իմ մակերեսային դիտարկումների ՝ տարբեր պատճառներով Հայաստան վերադառնալ ցանկացողներն այնքան էլ քիչ չեն:  Եթե միայն աշխատատեղեր և նորմալ վարձատրություն լիներ, մարդիկ ստիպված չէին լինի  խմբերով լքել երկիրը, որպեսզի աղյուս շարեն կամ կոյուղի մաքրեն օտար հողում, կանայք    էլ ստիպված չէին լինի ամենակեղտոտ աշխատանքն անել ընտանիքին կերակրելու համար: Չէ՞ որ դա սարսափելի նվաստացուցիչ է: Թող որ Նոր Տարում մեզ՝ հայերիս հաջողվի փոխել մեր վաղվա օրը:

 

Իլոնա Քամալյան

Դիտումների քանակը` 3756

Գլխավոր էջ