ԿԸՀ գրանցեց նախագահի 8 թեկնածուների. ընտրապայքարը կընթանա առանց կանանց մասնակցության

Հունվարի 14-ին լրացավ այն ժամկետը, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գրանցեր ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներին: Ինչպես և սպասվում էր, գրանցված թեկնածուների թվում կին չկա: Հիշեցնենք, որ առաջադրված միակ կին թեկնածուն՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը չկարողացավ վճարել Ընտրական օրենսգրքով սահմանված 8 մլն դրամ ընտրագրավը: 

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու համար  ի սկզբանե առաջադրվել էր 15 քաղաքացի:  Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 14-ին գումարած նիստում ընդունված որոշման  , երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար կպայքարեն 8 թեկնածուներ:

 

 

Նրանք են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:

 

Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքում զետեղված ժամանակացույցի, թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 18:00-ն:

 

Նշենք, որ հունվարի 21-ին կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Այն  կշարունակվի մինչև փետրվարի 16-ի ժամը 24-ը:

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3827

Գլխավոր էջ