Աղջիկների առևանգումը Հնդկաստանի փողոցներում

Դելիում ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ դարձած ուսանողուհու մահը բազմաթիվ հարցեր առաջացրեց հնդկական հասարակությունում կանանց զբաղեցրած տեղի վերաբերյալ:Հնդկաստանում լայնորեն տարածված աբորտների պրակտիկան այն դեպքում, երբ ծնողները իմանում են, որ աղջիկ են ունենալու, ինչպես նաև նորածինների սպանությունները մանրամասն փաստագրված են, սակայն ավելի քիչ բան է հայտնի ամբողջ երկրով մեկ կանանց և տղամարդկանց միջև գոյացած անհամաչափության հետեւանքով իրականացվող աղջիկների առևտրի մասին:

 

 Ինչպե՞ս են գողանում երեխաներին.

 

Բիլասի Սինգի դուստրը երկու տարի առաջ անհետացավ…Ռուսխանան հատակն էր մաքրում, երբ ոստիկանությունը ներխուժեց տուն:

 

Մեծ աչքերով նիհարիկ այդ աղջիկը կանգնել էր սենյակի կենտրոնում ավելը ձեռքում: Ոստիկանները շրջապատեցին նրան՝ հարցնելով. ՛՛Քանի՞ տարեկան ես: Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել՛՛…

 

՛՛Տասնչորս՛՛, – ցածրաձայն պատասխանեց նա: ՛՛Ինձ առևանգել են՛՛:

 

Սակայն մինչ աղջիկը կշարունակեր խոսել, իրեն շրջապատող ոստիկանների ամբոխի միջից մի կին առաջ եկավ: ՛՛Նա ստում է: Նա 18 է, համարյա 19: Ես նրա համար վճարել եմ նրա ծնողներին: Երբ ոստիկանությունը փորձեց դուրս տանել աղջկան, այդ կինը անմիջապես ձգվեց դեպի նրա ականջօղերը. ՛՛ Սրանք իմն են՛՛, – և պոկեց աղջկա ականջներից դրանք:

 

Մեկ տարի առաջ 13-ամյա Ռուսխանան ապրում էր ծնողների և 2 կրտսեր քույրերի հետ Բանգլադեշի հետ սահմանին գտնվող գյուղում:

 

՛՛Ես սիրում էի դպրոց գնալ և խաղալ փոքր քրոջս հետ՛՛, – հիշում է նա:

 

Սակայն Ռուսխանայի մանկությունն ավարտվեց, երբ 3 տղամարդիկ դեռահաս աղջկան դպրոցից վերադառնալիս մեքենան խցկեցին: ՛՛Նրանք ինձ դանակ ցույց տվեցին և սպառնացին, որ կկտրեն, եթե հրաժարվեմ՛՛, – պատմում է Ռուսխանան:

 

Մեքենաներով, ավտոբուսներով և գնացքներով 3 օր շարունակ ճանապարհորդելուց հետո նրանք հասան հնդկական Խարյան նահանգ, որտեղ Ռուսխանային ծախեցին մի ընտանիքի վրա, որտեղ ապրում էր մայրը իր 4 որդիների հետ միասին: Մի ամբողջ տարի նրան թույլ չտվեցին լքել այդ բնակավայրը: Ռուսխանային անընդհատ վիրավորել են, ծեծել, ընտանիքի մեծ որդին պարբերաբար բռնաբարել է նրան՝ համարելով իրեն Ռուսխանայի ամուսինը:

«Նա հաճախ էր կրկնում. ես գնել եմ քեզ, և դու պարտավոր ես անել այն, ինչ ասում եմ քեզ, – հիշում է աղջիկը: Ես մտածում էի, որ այլևս չեմ տեսնի երբեք բարեկամներիս և լացում էի ամեն օր»:

 

Ֆեմինոցիդի  մասշտաբները

 

Ամեն տարի Հնդկաստանում տասնյակ հազարավոր աղջիկներ են անհետանում: ՄԱԿ-ի- ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական ֆոնդը հաղորդում է, որ այս խնդիրը ՛՛գենոցիդի մասշտաբներ՛՛ է ձեռք բերում, և Հնդկաստանը ամեն տարի կորցնում է 25-50 մլն. կին: Պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե ինչքան աղջիկներ են վաճառվում և ուղարկվում Հնդկաստանի հյուսիսային նահանգներ, սակայն ըստ ակտիվիստների այդ թիվն անընդհատ աճում է: Ըստ պաշտոնական տվյալների 2011 թ. ընթացքում Հնդկաստանում անհայտ կորել են շուրջ 35 հազ. երեխաներ, որոնց համարյա 1/3-ը եղել են Արևմտյան Բենգալիայում: Ոստիկանների գնահատմամբ բարեկամները երեխաների անհետացման մասին հայտնում են միայն 30% դեպքերում:

 

Ինչու՞ Հնդկաստանի հյուսիսում այդքան քիչ են աղջիկները:

 

 

Խարայանում մարդիկ չեն ուզում աղջիկներ ունենալ, այդ իսկ պատճառով նրանք սպանում են երեխաներին: Այս ամենը այնքան վաղուցվանից է տեղի ունենում, որ արդեն ավանդույթ է դարձել: Եվ հիմնական պատճառը օժիտն է:

 

Խարայանը հարուստ նահանգ է՝ շնորհիվ մեծ պտղատու հողատարածքների և գյուղատնտեսության: Սակայն կրթությունն այստեղ շատ ցածր մակարդակի վրա է:

 

Տղաները աշխատում են ֆերմայում և արդյունքում ժառանգում են այն: Սակայն եթե ֆերման աղջկան է մնում, այն անցնում է նաև նրա նոր ընտանիքին:

 

Իսկ Կերալա նահանգում, ընդհակառակը, կինը համարվում է բեռ: Որոշ կանայք էլ, օրինակ Փենջաբում, կարծում են, որ աղջիկների մեծ թիվը դուր չի գա նոր ընտանիքին, այդ իսկ պատճառով էլ աբորտ են անում:

 

Կալկուտայի ետնախորշերից մեկում մեզ հաջողվեց հանդիպել մի մարդու հետ, ով ամբողջ կյանքում աղջիկների առևտրով էր զբաղվում: Իհարկե նա չցանկացավ ասել իր անունը, սակայն բացահայտ խոսեց իր ՛՛բիզնեսի՛՛ մասին:

 

՛՛Պահանջարկը աճում է, և այդ այսպիսով ես շատ փող եմ աշխատել և գնել 3 հատ տուն Դելիում: Տարեկան ես վաճառում եմ 10-11 և 16-17 տարեկան 150-200 աղջիկ: Ես ինքս չեմ փնտրում, մի քանի աշխատող ունեմ, ովքեր զբաղվում են դրանով: Մենք ասում ենք ծնողներին, որ Դելիում աշխատանք կտանք իրենց աղջիկներին և բերում ենք գործակալություն: Իսկ թե հետո ինչ է լինում նրանց հետ, դա արդեն իմ գործը չէ՛՛:

 

Նրա խոսքերով ամեն աղջկա համար նա ստանում է 55 հազ. ռուպի /1000 դոլար/: Եվ նրա աշխատանքի կարևոր բաղկացուցիչն են տեղի ոստիկանությունն ու քաղաքական գործիչները:

 

՛՛Ոստիկանությունը տեղյակ է այն մասին, թե մենք ինչով ենք զբաղվում: Ես ստիպված եմ լինում ոստիկաններին ասել, որ աղջիկներ եմ տանում, և կաշառք տալիս ամեն մի նահանգում՝ Կալկուտայում, Դելիում, Խարայանում, ես իշխանությունների հետ խնդիրներ եմ ունեցել, սակայն չեմ վաղենում նրանցից. եթե անգամ բանտում հայտնվեմ, ես բավականաչափ փող ունեմ ազատությունս գնելու համար», – համոզված է նա:

 

Շատերը համարում են,  որ  այս խնդրով էլ  անհրաժեշտ են այնպիսի դատեր, ինչպիսին եղավ օրինակ 23-ամյա ուսանողուհուն խմբակային բռնաբարության ենթարկելու գործում կասկածյալների հանդեպ: Դա արվեց ոչ միայն մեղավորներին արագ պատժելու, այլև այն բանի համար, որ մեղադրյալներին թույլ չտրվի փողի դիմաց արագ և հեշտությամբ ազատվել:

 

Ոմանց կարծիքով էլ ավելի անհրաժեշտ է փոխել  հնդկական հասարակությունում եղած մոտեցումը այս խնդրին:

 

Այնուամենայնիվ բռնության պարույրը շարունակում է պտտվել Հնդկաստանում:

 

Աղբյուրը՝

http://www.bbc.co.uk

Թվեր եւ փաստեր

 

  • Հնդկաստանում անհայտ կորած բնակչուհիների թիվը գնահատվում է 25-50 մլն.:
  • Ապագա երեխայի սեռը որոշելու համար ուլտրաձայնի կիրառումը Հնդկաստանում հակաօրինական է, այնուամենայնիվ ամենուր կիրառվում է:
  • Փենջաբ և Խարայան նահանգները դարձել են ինքնատիպ ՛՛առաջնորդներ՛՛՝ ըստ չծնված աղջիկների հարաբերական թվի:
  • Ժամանակակից և հարուստ քաղաքներում, ինչպիսիք են Դելին, Չանդիգարխեն, նկատվում է տղամարդկանց և կանանց թվի ամենամեծ անհամաչափությունը:

Դիտումների քանակը` 6027

Գլխավոր էջ