Զանգվածային բողոքները Հնդկաստանում ՝ կանանց նկատմամբ բռնության դեմ

 

Դեկտեմբերի վերջից ողջ Հնդկաստանում եւ հատկապես Դելիում  ընթանում են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Հասարակական բողոքի ալիքը  բարձրացավ  դեկտեմբերի կեսերից  խմբակային բռնաբարության  իրար հաջորդած երկու դեպքից հետո:

 

Դեկտեմբերի  16 –ին 23-ամյա ուսանողուհուն բռնաբարել էին ավտոբուսում, իսկ դեկտեմբերի 29-ի առավոտյան նա  մահացավ Սինգապուրի հիվանդանոցում, ուր նրան  տեղափոխել  էին ՝ Դելիի հիվանդանոցներից մեկում երեք վիրահատության ենթարկվելուց հետո։ Միջադեպը ամբողջ Հնդկաստանում հանգեցրել է զանգվածային բողոքների, որոնք ուժգնացան զոհի մահից հետո:  Ձերբակալվեցին   բռնաբարության համար կասկածվող վեց տղամարդ։

 

Դեկտեմբերի 26-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի  ունեցավ խմբակային բռնաբարության հերթական դեպքը: Երեք տղամարդ ավտոմեքենայի սրահում բռնաբարել ու ճանապարհին են նետել 42-ամյա մի կնոջ: Դեպքը տեղի է ունեցել, երբ կինը երեկոյան տուն է վերադարձել հարևան Վրինդավանա քաղաքից: Նրան Վերմա անունով մի տղամարդ առաջարկել է տուն տանել, իսկ ճանապարհին մեքենա են նստել վարորդի երկու ծանոթները: Տուժածի խոսքով՝ տղամարդիկ կապել են իր բերանը ու հերթով բռնաբարել, իսկ հետո նետել Դելիից դեպի հարավ-արևելք գտնվող ճանապարհի վրա: Բժշկական փորձաքննությունը հաստատեց բռնաբարության փաստը: Ներկայում կինը հիվանդանոցում է, իսկ Վերման` կալանավորված: Ոստիկանությունը որոնում է նրա համախոհներին:

 

Մինչդեռ փողոց դուրս եկած մարդիկ պահանջում էին ոչ միայն մահապատժի ենթարկել բռնարարներին, այլև ձեռնարկել կնոջ իրավունքները պաշտպանող միջոցառումներ, քանի որ Դելին հաճախ անվանում են «բռնաբարությունների մայրաքաղաք»:

 

Բռնարարները դատարանում  

 

Հաշվի առնելով լայն հասարակական արձագանքը, որը առաջացրել էր  Դելիում ավտոբուսում 23-ամյա ուսանողուհու  բռնաբարության դեպքը, դատը կազմակերպվեց սեղմ ժամկետներում: Դատական լսումները  ընթանում են փակ դռների ետևում:

 

Հունվարի  3-ին  ձերբակալված հինգ տղամարդկանց ներկայացվեց 23-ամյա ուսանողուհու առևանգման, խմբակային բռնաբարության և սպանության մեղադրանք: Վեցերորդ կասկածյալի գործը, ով հավանաբար 17 տարեկան կլինի, կլսվի առանձին անչափահասների գործերով զբաղվող դատարանում:

 

Մեղադրանքը հաստատվելու պարագայում ամբաստանյալների դատավճիռը մահապատիժն է:

 

…Ոստիկանները աննկատ դատարան բերեցին 5  մեղադրյալ ներին: Ըստ Ռեյտեր գործակալության 5 մեղադրյալներից երկուսը առաջարկեցին ցուցմունք տալ, երևի թե պատժի մեղմացման նպատակով:

 

Դժվար է պատկերացնել առավել հարմար տեղ այս գործի քննության համար: Ճանապարհի հանդիպակաց կողմում, որտեղ Դելիի դատարանն է և հեռուստատեսային արբանյակները, որոնք ուղիղ եթերում հեռարձակում են ընթացող դատը, այն կինոթատրոնն է, որտեղ 23-ամյա ուսանողուհին և նրա ընկերը ֆիլմ են դիտել դեկտեմբերի 16-ի երեկոյան և այնուհետև այդտեղից փորձել են տուն գնալ տաքսիով: Նրանք ավտոբուս են նստել, և իրենց թվացել է, թե այն ուղևորներ է հավաքում: Մինչդեռ  մգաացված ապակիներով այդ ավտոբուսում վեց հարբած տղամարդ է եղել, որոնք սկսել են վիրավորական արտահայտություններ անել աղջկա հասցեին: Հաշվեհարդարը սկսվեց, երբ տղան փորձեց նկատողություն անել նրանց: Երիտասարդ զույգին մետաղյա ձողերով էին ծեծում, այնուհետեւ  գրեթե մեկ ժամ բռնաբարում էին աղջկան, ինչից հետո երկուսին էլ  դուրս նետեցին ընթացող ավտոբուսից… Երկու շաբաթ անց աղջիկը  մահացավ Սինգապուրի հիվանդանոցում:

 

Միջադեպից հետո ողջ Հնդկաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հիմնական   պահանջներն էին.  խստացնել օրենսդրությունը և բարեփոխումներ անցկացնել  ոստիկանությունում, որը քննադատների կարծիքով շատ հաճախ քրեական գործ չի հարուցում տեղի ունեցող բռնաբարությունների համար:

Զոհված աղջկա հայրը ավելի ուշ հերքեց ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունը, որ նա չի ուզել իր աղջկա անունը մամուլում արծարծվի: Ավելին, նա բաձրաձայնեց նրա անունը՝ Ջոտտի Սինգխ Պանդի, հայտնելով  նախորդ շաբաթ Բի-Բի-Սի-ին ,  որ դեմ չի լինի, որ իր աղջկա անունով կոչվի նոր օրենքը, որն ուղղված է սեռական բռնության դեմ պայքարելուն:

 

Նոր զոհ

 

Անցյալ հանգստյան օրերին 4 հնդիկ ոստիկաններ ժամանակավոր հեռացվեցին աշխատանքից Դելիի մերձակայքում տեղի ունեցած մեկ այլ բռնաբարության և սպանության հետ կապված:

 

21-ամյա աղջկա դին հայտնաբերել են շաբաթ օրը: Նրա հայրը, ով աշխատում է Դելիի գործարաններից մեկում, Բի-Բի-Սի-ին հայտնել է, որ իր աղջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել: Իր իսկ խոսքերով ոստիկանությունը սկզբից չի արձագանքել իր աղջկա անհետացման հետ կապված դիմումին՝ ենթադրելով, որ նա պարզապես իր ծանոթներից մեկի հետ է գնացել: Աղջիկը կորել է ուրբաթ, իսկ դին հայտնաբերել են շաբաթ: Այս միջադեպը նույնպես հանգեցրեց զանգվածային անկարգությունների այն ավանում, որտեղ աշխատում էր զոհված աղջիկը:

 

Կանանց համար անվտանգ քաղաք

 

Պաշտոնական տվյալների համաձայն յուրաքանչյուր 14 ժամը մեկ Դելիում բռնաբարություն է կատարվում: Անցյալ տարի Դելիում արձանագրվել է  բռնաբարության 661  դեպք: Մասնագետների գնահատմամբ 2011- ի ընթացքում  ողջ երկրում  կանանց նկատմամբ մոտ 230 հազար  հանցագործություն է կատարվել:  Ամբողջ երկրով մեկ կանայք խոստովանում են, որ հաճախ են ենթարկվում սեռական բռնության և ոտնձգության:

 

Հնդկական կառավարությունը սուր քննադատության ենթարկվեց կանանց հանդեպ բռնության նկատմամբ միջոցներ չձեռնարկելու համար: Բռնության հետևանքով մահացած աղջկա բռնաբարությունից հետո Դելիի ոստիկանները ձեռնարկեցին մի շարք միջոցներ՝ կանանց համար քաղաքը ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ: Ի թիվս այլ բաների՝ առաջարկվում է կազմակերպել փողոցներում գիշերային հսկողություն, ավտոբուսների վարորդների և նրանց օգնականների ստուգում, մգեցված ապակիներով կամ վարագույրներով ավտոբուսների արգելում:

 

Հնդկական կառավարությունը նաև ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը գլխավորում է երկրի Գերագույն դատարանի նախկին դատավորը: Նա կզբաղվի բռնության դեմ պայքարի մասին օրենքի մեջ նոր փոփոխություններ մտցնելով:

 

Քաղաքում հայտնվել է նաև կանանց օգնության թեժ գիծ, որի միջոցով նրանք կկարողանան կապվել ամբողջ քաղաքի ոստիկանական բաժանմունքների հետ:

 

Սակայն շատերը բավարարված չեն ձեռնարկված միջոցառումներով, և կարծում են, որ կանայք Հնդկաստանում դեռևս շարունակում են համարվել երկրորդ սորտի մարդիկ, և նրանց պաշտպանելու համար պահանջվում են արմատական փոփոխություններ մշակույթում և հասարակական կյանքում:

 

Դելիի ոստիկանությունը կվարձի կանանց բռնության դեմ պայքարելու համար

Դելիի 166 ոստիկանական բաժանմունքներից յուրաքանչյուրում պետք է հերթապահեն կին-ոստիկանները: Հնդկական կառավարությունը նախատեսում է վարձել ավելի շատ կին-ոստիկաններ մայրաքաղաք Դելիում ուսանողուհու բռնաբարության հետևանքով բարձրացած մեծ աղմուկից հետո:

 

Հնդկաստանի Ներքին գործերի նախարար Սուշիլ Կումար Շինդեն նախօրեին հայտնեց այն մասին, որ Դելիի 166 ոստիկանական բաժանմունքներից յուրաքանչյուրում շուրջօրյա կհերթապահեն ոստիկանության կին ծառայողները:

 

Ներկա պահին շատ բաժանմունքներում չկա ոչ մի կին աշխատող, և ինչպես ոստիկան պաշտոնյաներն են փաստում, տղամարդ-ոստիկանները շատ հաճախ դժվարանում են օգնություն ցույց տալ այն բնակչուհիներին, ովքեր բռնության զոհ են դառձել:

 

Հնդկական գուրուն մեղադրեց զոհին

 

Հնդկաստանում հոգևոր առաջնորդը մեծ զայրույթ առաջացրեց իր այն հայտարարությամբ, որ Դելիում բռնաբարված և սպանված ուսանողուհին մասամբ ինքն է մեղավոր եղել կատարվածում, նա պետք է աղաչեր, որ իրեն հանգիստ թողնեին, – հաղորդում է Independent-ը:

 

Ըստ լուրերի՝ Ռաջաստան նահանգում իր հետևորդների առաջ ելույթ ունենալով՝ ինքնահռչակված գուրու Ասարամ Բապուն ասեց, որ 23-ամյա աղջիկը ոչ պակաս մեղավոր է: Նա պնդեց, որ նա ՛՛պետք է նրանց եղբայրներ՛՛ անվաներ և խնդրեր դադարեցնել այդ ամենը, – մեջբերում է պարբերականը:

 

Հնդկաստանի սահմաններից դուրս շատ քչերն են լսել Ասարամի մասին: Նրա մեկնաբանությունները հիմնականում կրկնում են տարածաշրջանային առաջնորդների և քաղաքական գործիչների արած արտահայտությունները, ովքեր լուրջ կշիռ ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Եվ եթե քաղաքներում ուսանողների բազմաթիվ խմբեր ամեն երեկո դուրս են գալիս փողոցներ՝ կոչ անելով փոխել կանանց հանդեպ վերաբերմունքը Հնդկաստանում, իհարկե կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են, որ կանայք իրենք պետք է փոխվեն, նշում է թերթը:

 

Դելիում սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռանջանա Կումարին հայտարարեց, որ գուրուի մեկնաբանությունները ցուցանիշ են այն բանի, որ կանայք դասվում են բնակչության ոչ կարևոր  հատվածին: «Նրանց մեջ նկատվում է շատ արմատացած աշխարհընկալում, որը ենթադրում է կանանց ճնշում», – ասում է նա:

 

Բռնաբարության վերաբերյալ մեկնաբանություններ են հնչել տարբեր քաղաքական և կրոնական անհատների կողմից: Ամենասկանդալայինների թվին է պատկանում Չխատիսգարխ նահանգի նախարարի հայտարարությունը, որ կանանց հանդեպ սեռական բռնությունը տեղի ե ունենում այն պատճառով, որ պարզապես ՛՛ աստղերը նրանց չեն ժպտում՛՛: Այս ամենը նա ասեց այն բանից հետո, որ նահանգում ինչ-որ դասատու բռնաբարել էր 11 դպրոցականների:

 

Որոշ քաղաքական գործիչներ էլ շտապեցին վերագրել այս ամենը Արևմուտքի մշակույթին և կանանց պրովոկացիոն հագուստին: Տարբեր մակարդակի 6 քաղաքական գործիչներ ներկա պահին մեղադրվում են բռնաբարության համար, – հաղորդում է Independent-ը:

 

Երկրի խոշոր քաղաքական կուսակցությունները՝ վախենալով աճող զայրույթից, շտապեցին քննադատել Ասարամի հայտարարությունները: Սակայն նա հրաժարվեց ետ վերցնել իր խոսքերը և մեղադրեց լրատվամիջոցներին: ՛՛Լրատվամիջոցները աղմուկ են բարձրացրել, բայց ես ի՞նչ եմ արել: Մի շուն հաչեց, իսկ մյուսները (ԶԼՄ-ները) որոշեցին նրան միանալ: Շները կարող են հաչել, սակայն նրանք չեն կարող փղի արժանապատվությունը ոտնահարել, – մեջբերում է նրա խոսքերը պարբերականը:

 

Մամուլը  մինչդեռ անդրադարձ է կատարում   Ժողովրդավարական բարեփոխումների Ասոցիացիայի կողմից անցկացված հետազորության հատկանշական  տվյալներին,  ըստ որոնց վերջին հինգ տարիների ընթացքում տարբեր ընտրություններին մասնակցած թեկնածուներից առնվազն  260-ը իրենց կենսագրության մեջ ունեցել են կանանց նկատմամբ այս կամ այն  բռնության փաստեր  են ունեցել:

 

Հնդկական պարադոքսը կայանում է նրանում, որ Հնդկաստանը  մի կողմից ցուցադրեց ողջ աշխարհին, թե ինչպես  կանայք կարող են զբաղեցնել ամենաբարձր քաղաքական պաշտոններ եւ հսկայական երկիր ղեկավարել, իսկ մյուս կողմից այդ նույն հասարակությունը բնութագրվում է տղամարդկանց առավել քան դոմինանտ դիրքով առօրյա կյանքում…

 

 

Աղբյուրը՝

http://www.bbc.co.uk

 

Դիտումների քանակը` 3766

Գլխավոր էջ