Փարիզում 3 քուրդ ակտիվիստուհիներ են սպանվել
Երեկ, երեկոյան Փարիզում, անհայտ անձինք հրազենով սպանել են 3 քուրդ կանանց, որոնցից մեկը եղել է Սաքինե Ջանսըզը` PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հիմնադրներից, հայտնում է քրդական Firat գործակալությունը ։
Գերմանիայում PKK-ի ներկայացուցիչ Սաքինե Ջանսըզը և «Քուրդիստանի ազգային կոնգրես»-ի Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողանը սպանվել են գլխին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ Լեյլա Սոըլեմեզը՝ որովայնին ստացած վնասվածքից։
Կանանց դիերը,որոնք եղել են Քրդական ինստիտուտի շենքում, հայտնաբերել են նրանց ընկերները, ովքեր երկար ժամանակ նրանցից տեղեկություն չստանալով, մեկնել են Փարիզ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանյուել Վալը հեռուստատեսությամբ ասել է, թե տեղի ունեցածը, «անկասկած, մահապատիժ է»։
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը հայտարարել է, թե, ամենայն հավանականությամբ, հարձակումը Քրդական բանվորական կուսակցության ներսում հակամարտության հետեւանք է։
Միջազգային լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ Թուրքիայի իշխանությունները օրերս բանակցություններ են սկսել Քրդական բանվորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ, որոնց նպատակն է կազմակերպության զինաթափումը։
Դիտումների քանակը` 3244