«Պետք չէ կնոջ ուսերին բարձել այդքան մեծ պատասխանատվություն»…

Ի՞նչ կարծիքի են կին նախագահ ունենալու հավանականության մասին հայ օրենսդիրները և առհասարակ` երբեևէ մտածե՞լ են, որ երկրի ղեկը կլինի կնոջ ձեռքում: WomenNet.am-ի այս հարցադրումը մեծ վերապահումով ընդունվեց  նրանց  կողմից , պատասխաններն էլ ոչ միանշանակ էին…

 

Տաճատ Վարդապետյան, ՀՀԿ խմբակցություն

–          Այսինքն դա… ի՞նչ է նշանակում` ես տեսնում եմ կին նախագահ հեռանկարում: Եթե իմ հոգեկերտվածքից  բխող պատասխան տամ, ապա ոչ իհարկե, ես պատրաստ չեմ դրան: Գուցե իմ զարգացվածությունը առաջադեմ այդ չափանիշներին  դեռ չի հասել, բայց ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է միմիայն տղամարդ նախագահ ունենա: Իմ աշխարհընկալումն է այդպիսին և ես, օրինակ, վերապահումով եմ մոտենում, երբ կինը ավտոմեքենա է վարում, որ կինը ծխում է…  Թույլ տվեք չպատասխանեմ այն հարցին, թե ինչպես եմ ես վերաբերում կին պատգամավորներին` դա էլ թող իմ գաղտնիքը մնա…

 

 Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ խմբակցություն

–         Այո~, իհարկե հնարավոր է և ես անձամբ շատ կցանկանայի, որպեսզի մենք արդեն իսկ ունենայինք այս ընտրություններին նախագահի կին-թեկնածու: Ավելին, այն բոլոր անունները, որ շրջանառվում են, թե առաջադրվելու են գալիք նախագահական ընտրություններում ուղղակի ողջունելի են:

Աստված ի սկզբանե կնոջը պարգևել է այն ամենով, ինչ անհրաժեշտ է և ինչով կարելի է աչքի ընկնել տարբեր ոլորտներում: Ինքնին կնոջ առկայությունը ստիպում է շատ մեծ ջանքեր գործադրել կուտակելու համար էներգիան, ջանքերը, էմոցիաները և մեկտեղելու բոլոր ուժերը, «որպեսզի մթագնած ուղեղի դեմը կարողանանք առնել, ծնկներում եղած դողը կարողանանք առնել և ինքնատիրապատենք»… Սա կոմպլիմենտ էր (ժպտում է)…

 

Արտակ Դավթյան, ԱԺ կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ.

–         Գիտեք… ես երբևէ չեմ մտածել այդ հարցի շուրջ` արդյո՞ք հեռանկարում տեսնում եմ կնոջը նախագահի պաշտոնում: Բայց հստակ կարող եմ ասել` ինչո՞ւ ոչ: Ինձ թվում է այս հարցում միակ ու ամենագլխավոր դերակատարը ժամանակն է, մենք իսկապես ժամանակի խնդիր ունենք: Դա ասում եմ զուտ միայն այն բանի համար, որ նաև մեր հասարակությունում այդ գաղափարը լինի ընկալելի, քանի որ չեմ կարծում, որ  այսօրվա պարագայում դա հնարավոր է իրացնելու տեսակետից և հենց այն պատճառով, ինչ նշեցի: Այսօր մենք իսկապես պատրաստ չենք, որպեսզի այդ գաղափարն ընդունենք:

Բայց նաև ամեն մեդալ երկու երես ունի. եթե իհարկե ի հայտ գա այն կին քաղաքական գործիչը, որը կարող է մարմնավորել  բոլոր այն հատկանիշները, որ մեր պատկերացմամբ պետք է նախագահն ունենա, ապա գուցե նաև պայմանավորված ժամանակի գործոնը  ավելի շուտ իրականություն կդառնա: Թեկուզ նախագահական ընտրություններում նախագահի ուժեղ թեկնածու լինելու առումով էլ, ինչո՞ւ չէ: Բայց, կրկնում եմ, կոնկրետ ես այս ամենում անորոշության գործոն  տեսնում եմ…

 

Կարինե Աճեմյան, ՀՀԿ խմբակցություն.

–         Ե՞րբ, այսօ՞ր: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում Հայաստանը չի ունենա կին նախագահ, քանի որ  ես այն համոզման եմ, որ կնոջ ուսերին պետք չէ բարձել այդքան մեծ պատասխանատվություն: Մեր երկիրը և աշխարհագրական դիրքով, և արտաքին մարտահրավերներով, որոնք մենք դժվարությամբ, բայց հաղթահարում ենք: Այնուամենայնիվ Հայաստանն այնպիսի երկիր է, որին միմիայն ուժեղ` տղամարդ նախագահ է հարկավոր:  Երբեմն մեզ որպես օրինակ մատնանշում են սանդինավյան երկրները, որտեղ կանայք պաշտպանության նախարար են կամ վարչապետ են, բայց մեր երկիրը, իրականում, դեռ պատերազմի մեջ է և մենք իրավունք չունենք այդպիսի մոտեցում ցուցաբերելու: Ես համարում եմ, որ կինն իր ուսերի վրա այնքան պատասխանատվություն ու բեռ պետք է կրի ինչքան պետք է, և մեր տղամարդիկ երկրի համար պատասխանատվությունը պետք է կրեն, ինչն էլ փայլուն անում են:

Ինչ վերաբերում է իմ անձին, ապա ես երբևէ նման երազանքներ չեմ ունեցել, որովհետև միշտ շատ իրատես եմ եղել ու լավ  պատկերցնում եմ Հայաստանի իրավիճակն ու քաղաքական անցուդարձը: Ինձ համար շատ կարևոր է իմ ընտանիքը, իմ կյանքն ու ազատ ժամանակը, ես ցանկանում եմ ապրել` որպես կին, որպես մայր և որպես քաղաքացի: Եվ նման բեռ ես չէի ցանկանա կրել…

 

Էդմոն Մարուքյան, ԱԺ անկախ պատգամավոր

–         Իհարկե ոչ: Իսկ թե ինչու եմ այդպես միանշանակ ասում` պատասխանեմ: Բոլորովին վերջերս էլ գենդերային թեմայով մի սեմինարի էի, որտեղ այս նույն հարցն էր քննարկվում ու ես միայն մեկ բան ասացի, բայց դրանով ողջ հարցը փակվեց. «Կինը կնոջ երբեք չի ընտրում, սա է խնդիրը»…

 

                                                                                                                        Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 4072

Գլխավոր էջ