Կին ավագանիների թիվը Հայաստանում ավելացել է 2,2 տոկոսով
Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են կանանց քաղաքական մասնակցության և ընդգրկվածության հիմնական ցուցանիշներն ու կառավարչական հմտությունների բարելավման առկա խնդիրները: Նշվել է, որ 2012 թվականին հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կանանց համար կազմակերպվել են ընտրական գործընթացների վերաբերյալ սեմինարներ, որոնց մասնակցել է 325 կին: Նրանցից յուրաքանչյուր երկրորդն առաջադրել է իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններին, որոնց 64 տոկոսն ընտրվել է ավագանի: Տեղեկացվել է, որ ՏԻՄ նախորդ ընտրությունների համեմատ հանրապետությունում 2,2 տոկոսով ավելացել է կին ավագանիների թիվը:
Ընտրություններին առաջադրված կանանց ընտրվելու ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում, որտեղ ընտրվել է առաջադրվածներից 17,4 տոկոսը, Լոռու մարզում այդ ցուցանիշը կազմում է 12,5 տոկոս, Տավուշում՝ 9,3, Արմավիրում՝ 8,7: Մյուս մարզերում արձանագրվել են համեմատաբար ցածր ցուցանիշներ:
Այնուհետև խորհրդին է ներկայացվել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն ներկայացվելիք 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների նախապատրաստման ընթացքն ու առկա խնդիրները, գենդերային հավասարության ազգային մեխանիզմի կայացման հիմնահարցերը, գենդերային հավասարության ազգային մեխանիզմի վերաբերյալ միջազգային պահանջներին համապատասխան կանանց խորհրդի ձևափոխման հիմնախնդիրները:
Քննարկվել են նաև «Լավագույն համայնքապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» ՀՀ վարչապետի 2013 թվականի մրցանակաբաշխություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ձերբակալվածին պահելու վայրերում և կալանավայրերում կանանց խնդիրներին: Վերջին հարցի կապակցությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ստեղծել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը կքննարկի առկա բացթողումներն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
Նիստի ավարտին վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ և նշել. «Ցանկանում եմ բոլորիդ կանացի երջանկություն, սեր և համերաշխություն: Թող 2013 թվականը ձեր օջախներին բերի միայն ուրախություն և, որ ժպիտը միշտ լինի ձեր դեմքին»:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 4108