Նարինե Մկրտչյան. «Ես պիտի փորձեմ հասարակության հուսահատությունը հաղթահարել»…

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Մտադրությունը կա, վերջնական որոշման համար սպասում է հասարակության արձագանքներին: Առաջին արձագանքները տրամադրող են: Նման մտադրության պատճառների, անելիքների ու թիմի  մասին WomenNet-ը զրուցել է ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի հետ:

 

-Մտադիր եք առաջադրվել, տիկին Մկրտչյան:

-Մտադրություն ունեմ, վերջնական որոշում դեռ չեմ կայացրել:

 

-Ինչի՞ց է կախված վերջնական որոշումը:

-Մի շարք հանգամանքներից: Առաջին` հասարակական արձագանք, հասարակակն տրամադրություններ, ի վերջո նաև դա իմ անձնական որոշումն է:

 

Առաջին արձագանքներն ինչպիսի՞ն են:

-Առաջին արձագանքները կարծես թե բավականին լավն են, հուսադրող են այն առումով, որ ավելի եմ հակվում առաջադրման: Ես պիտի փորձեմ հասարակության հուսահատությունը հաղթահարել և հույս արթնացնել:

 

-Ինչո՞ւ նման մտադրություն առաջացավ:

-…քանի որ Հայաստանի ներկան և ապագան ինձ խիստ մտահոգում են, տեղի ունեցող հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական գործընթացները լրջորեն մտահոգում են, մտահոգում են յուրաքանչյուր քաղաքակիրթ, բանական մարդու, որովհետև սոցիալական անարդարությունը, հարստահարումը, ընդհանրապես անարդարությունը կյանքում, օրենքի առաջ բոլորի հավասար չլինելու հանգամանքը, անպատժելիությունը հանգեցրել են այն վիճակի, որ Հայաստանում մարդիկ հույս չունեն ապագայի նկատմամբ, և երկիրը դատարկվում է: Նախևառաջ և հիմնականում երկրի հանդեպ խոր մտահոգությունից ելնելով և այն հանագամանքից, որ ասպարեզում չեմ տեսնում այն գործիչը, որի հետ կապեմ երկրում փոփոխություններ իրականացնելու հույսը:

 

-Ո՞ւմ աջակցություն եք ակնկալում:

-Հասարակության:

 

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էիք նաև  մտավորականության:

-Հասարակության աջակցությունը, միաժամանակ պետք է ասեմ, որ առանցքային էլեկտորատը ես տեսնում եմ մտավորականության մեջ, այն մտավորականության, որը չի համակերպվում այս իրավիճակի հետ: Մտավորականության, որովհետև ես այդ մասի ներկայացուցիչն եմ, նաև երիտասարդության աջակցությունը այն պատճառով, որ  իմ ամենօրյա շփումները ուսանողների հետ հանգեցրել է նրան, որ նրանք խիստ հուսահատ են, մեծ մասի մոտ կա երկրից հեռանալու ցանկություն:  Դա խիստ անհանգստացնում է ինձ: Այսինքն, եկող բոլոր բացասական երևույթները և ես էլ հասարակության մեջ եմ , ապրում եմ առօրյա նույն հոգսերով, ինչ մյուսները: Այսինքն, երկու հիմնական առանցքային զանգվածը դրանք են, բայց կարծում եմ և հուսով եմ, որ բոլորը պետք է  աջակցեն՝ ունեզուրկներից մինչև գործարար աշխարհ, որոնք չեն հարմարվում այս իրավիճակի հետ: Այսինքն, նորմալ, բանական մարդը չի կարող հանգիստ նայել այս երևույթներին:

 

-Այս պահին հանդիպում-քննարկումները Ձեր առաջադրման վերաբերյալ շարունակվո՞ւմ են:

-Այո, անշուշտ, շարունակվում են,  բավականին հագեցած ժամանակացույցով:

 

 -Առանց անուններ նշելու, կասե՞ք ում հետ՝ գործարարներ..

-Եթե այդպես ասեմ, հիմնական ազդեցիկ հատվածի հետ, գործարարներ, քաղաքական գործիչներ, հասարակական հատված, պարզապես քաղաքացիներ: Ուսանողների հետ արդեն մեկ հրապարակյին հանդիպում եղել է:

 

-Ընտրությունները մեր երկրում վերածվել են վարչական, ֆինանսական ռեսուրսների մրցավազքի: Ով շատ փող, շատ լծակներ ունի, նա էլ մեծ հաջողության է հասնում: Դուք իմանալով դա, ի՞նչ ռիսկով եք գնում ընտրություններին:

-Երկրի վիճակն այնքան լուրջ է, որ հենց պետք է գնաս այդ իրավիճակը հաղթահարելու համար: Գիտեք, ես չեմ հավատում, որ դա  դասական ընտրության հետևանքով կլինի: Եթե Ընտրությւոնները կեղծվում են, մենք ունենք երկու ճանապարհ՝ հեղափոխությունից դեպի ընտրություններ կամ ընտրությւոններից դեպի հեղափոխություն: Մթնոլորտը, հասարակական գործընթացներն այնպես պետք է փոխվեն, որ ընտրակեղծիքներն ու բռնարարքները մնան անցյալում, և իշխանություններն այլևս չկարողանան դրանք իրակացանել, դուք, մյուսը գնաք, բռնեք նրա ձեռքը, անկախ նրանից, թե ում եք ընտրում:

 

_Քաղաքագետներ կան, որոնք պնդում են, չնայած հայտարարություններին, կին առաջադրվողներ չեն լինի, քանի որ կանայք հիմնականում թիմեր չունեն:

_Կարծում եմ, որ քաղաքագետներ կան, որոնք որպես կանոն, արտահայտում են իշխանության դիրքորոշումը:

 

_Ունե՞ք Ձեր թիմը:

-Բնականաբար, անշուշտ, մոբիլ ինտելեկտուալ, աշխույժ, շատ հրաշալի թիմ է, կարծում եմ, հետո էլ ընդլայնվելու է:

 

-Ասացիք , որ ի վերջո դա ձեր անձնական որոշումն է: Ի՞նչն է մի պահ Ձեզ հետ կանգնեցնում այդ մտքից, քայլից:

_ Դեռ ոչ մի բան հետ չի պահում, դեռ մտածում եմ: Այդսինքն, հետ պահելու գործոնները մեծ չեն: Ես պարզապես հետազոտում եմ, ուսումնասիրում եմ, մտածում եմ, ականջալուր եմ լինում հասարակական տրամադրություններին: Այսինքն, ես հետ պահելու խոչընդոտ չեմ առանձնացնում:

 

-Ունե՞ք բավարար ֆինանսական ռեսուրսներ պայքարի մեջ մտնելու համար:

-Ես էլի եմ ասում, դասական ընտրություններ անցկացնելու համար ես բնակաբար փողեր չունեմ և չեմ էլ ունենա: Եթե մտնում եմ ընտրապայքարի մեջ, ես բնականաբար հաշվարկում եմ: Այս բանակցությունների արդյունքում կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն..նրանք, ովքեր իմ հետ հույս կկապեն, նրանք կաջակցեն ֆինանսապես:

 

Ձեզ հաջողություններ ենք մաղթում:

Շնորհակալ եմ:

Զրուցեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 4612

Գլխավոր էջ