Անուշ Սեդրակյան. « Կին նախագահ թեկնածու ունենալու շուրջ քննարկումն արդեն իսկ բավականաչափ լավ ցուցանիշ է»…
Առաջիկա նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քննարկում է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի առաջադրման հարցը: Վերջնական հստակ որոշում դեռևս չկա, սակայն Ա. Սեդրակյանը WomenNet.am-ի հետ զրույցում «շատ հնարավոր համարեց», որ իր առաջադրումը քննարկումների մակարդակում էլ մնա: Մեր զրույցը նրա հետ Հայաստանի քաղաքական անցուդարձի, առաջիկա ընտրությունների և այլ հարցերի շուրջ է…
-Երկար ժամանակ քաղաքական անցուդարձին հետևում էիք կողքից` քաղաքագետի աչքով: Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն:
-Տրամաբանական ելք է: Մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ լրագրությունից, հարակից սֆերաներից մտնում են քաղաքականություն: Ոչ մի կոնկրետ շարժառիթ չեմ կարող նշել: Չեմ կարող նաև ասել, որ ուզում էի առանձնահատուկ ակտիվ մասնակցել այդ գործընթացներին: Ուղղակի Հայաստանի քաղաքական դաշտը սկսեց մաքրվել: Հիմա էլ դուք տեսնում եք, որ այն գաղափարապես մաքրվում է, գաղափարների ավելի ակտիվ ներմուծման խնդիր կա, դրա համար որոշեցի ուղղակի մասնակցել այդ պրոցեսին: Բայց հայկական քաղաքականության այժմյան ընկալման իմաստով ես ինձ չեմ պատկերացնում, ես ավելի շատ միտված եմ ապագա, շատ շուտ գալիք քաղաքականության վեկտորներին:
-Ինչ-որ հույսե՞ր եք կապում:
-Իհարկե հույսեր եմ կապում հենց Եվրաինտեգրացիոն շրջանակներում, որովհետև կարծում եմ, որ եթե տարածաշրջանի վեկտորներն արդեն որոշիականում են, և որոշկիացված վեկտորների հետ մեկտեղ չի կարող լինել նույն քաղաքական մոդելը, որը մենք տարիներ շարունակ ապրել ենք: Այդ քաղաքական մոդելն այլևս ոչ միայն հնամենի է, այլև խոչընդոտում է բոլոր տիպի զարգացումներին:
–Փոփոխության միտումները նկատո՞ւմ եք:
-Փոփոխության միտում չեմ նկատում, նկատում եմ այլևս այդպես ապրելու անհնարինությունը, որը վաղուց շատ լավ հասկացել են թե վերևում, թե ներքևում:
-Տիկին Սեդրակյան, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը քննարկում է Ձեր թեկնածության առաջադրման հարցը: Որոշում կա՞:
-Ես կարծում եմ, որ այդ հարցը քննարկման մակարդակում էլ կմնա, որովհետև տեսնում ենք` վերջին ընդդիմադիր զարգացումների հետ մեկտեղ առաջադրվելը մի քիչ ֆորմալացվում է, իսկ մենք չենք ուզում ֆորմալ մասնակցություն ունենալ: Մենք ուզում ենք նպատակային, գաղափարական մասնակցություն ունենալ: Դրա համար պարտադիր չէ թեկնածուի մակարդակով այդ ամենն անցկացնել: Տարբեր հարթակներ կունենանք արտահայտելու մեր կարծիքը:
-Այսինքն, հնարավոր է` չառաջադրվե՞ք:
-Շատ հնարավոր է, որ չառաջադրվեմ: Կարծում եմ, որ դրա մեջ որևէ ողբերգություն չկա, որովհետև արդեն այն փաստը, որ մենք ունեցանք պոզիտիվ քննարկում կին նախագահ թեկնածու ունենալու շուրջ, արդեն բավականաչափ լավ ցուցանիշ է:
–Հնարավոր առաջադրման դեպքում գաղափարական առումով ո՞ւմ եք տեսնում Ձեզ արժանի մրցակիցը:
-Գաղափարական առումով ես մրցակից չունեմ,, որովհետև այդ դաշտում բավականաչափ թրծված եմ: Բայց նաև կարող եմ ասել, որ ցավոք Հայաստանը քաղաքական այն իրավիճակում է, որ գաղափարական ռեսուրսը դեռևս բավարար չէ ողջ դաշտը վերցնելու համար: Բայց աշխատելու ենք այդ ուղղությամբ:
–Նախագահական ընտրություններում կանանց մասնակցությունն ապահովելու համար բավարար պայմաններ կա՞ն: Շատերը կանխատեսում էին, որ կխոսվի կին թեկնածուների առաջադրումների մասին, բայց այդպես էլ ոչինչ չի լինի:
-Այդ ամենն ինքնանպատակ չպետք է լինի: Ոչ թե պետք է դեպի գենդերային ուղղորդում լինի, այլ պետք է արժանի գաղափարական մրցակցի խնդիր լինի: Բայց տեսնում ենք՝ առայժմ Հայաստանի քաղաքական դաշտում այդ հարցն արմատապես դրված չէ: Իսկ եթե այդ հարցն արմատապես դրված չէ, ուրեմն մենք պետք է այլընտրանքներ գտնենք` դաշտը նախապատրաստելու համար:
– Ձեր գնահատականով, առաջիկա նախագահական ընտրություններն ինչպե՞ս կընթանան:
-Իմ պատկերացմամբ, բավականաչափ հանգիստ: Բայց դա կարծեցյալ հանգստություն կլինի, որովհետև մեկ է՝ կա խզում, կա ճեղքվածք, որի դեմ պետք է պայքարել: Իսկ առաջին ճեղքվածքի հիմքն այն է, որ մեր հասարակությունը բացարձակապես կապ չունի մեր պետական մեքենայի հետ, իսկ այն պետական մեքենան, որն ապրում է հասարակությունից անկախ, թույլ է: Միշտ այնպիսի տպավորությունն է, որ հասարակությունն է դրանից թուլանում: Երբե՛ք: Հասարակությունը հնարավորություն ունի թողնել, գնալ, բողոքն արտահայտել, իսկ պետական մեքենան առանց հասարակության չի ապրի: Եվ ահա այդ կապը վերականգնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել: Կհասկանան արդյո՞ք ներկայիս իշխանությունները, որ առանց դրա նրանք դատապարտված են ինստիտուցիոնալ մահվան, չգիտեմ: Այ դա արդեն մեծ խնդիր է:
–ԲՀԿ որոշումը` ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ որևէ ազդեցությո՞ւն կունենա:
-Կարծում եմ, որ և՛ մասնակցությունը, և՛ չմասնակցությունը իշխանական երկու թևերի միջև հակասությունների այս կամ այն լուծումն է: Դա գաղափարական պայքար չէ, որ մենք դրա մեկնաբանությունը տանք: Ցավոք, Հայաստանում գաղափարական դաշտը բացարձակապես է ամլացել: Հիմա մենք փորձում ենք այդ բացը լրացնել, շատ մեծ միսիա է, տեսնեն՝ կհաջողվի՞ իրականացնել:
–Հնարավո՞ր է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարի որևէ թեկնածուի սատարման մասին:
-Կապրենք, կտեսնենք: Դրա մասին կոնկրետ չգիտեմ:
Զրուցեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 5427