Ինչպես են կանայք ամրապնդում կարծրատիպերը
Հետադարձ հայացք ընտրություններին
Նախագահական ընտրությունների նախաշեմին որոշակի սպասումներ կան, որ այս անգամ կարող է եւ կին թեկնածուներ լինեն: Ավելին, լավ կլինի, որ լինեն, քանի որ մինչ այժմ նախագահական մրցավազքում նման նախադեպ չենք ունեցել: Այլ հարց է, ինչպիսի կանայք կառաջադրվեն: Համենայն դեպս, այս տարի անցած ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ բոլոր կանանց առաջադրումն է արդարացնում հասարակության սպասումները:
Այս ուղղությամբ մտորելու առիթ տվեցին խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրությունների ընթացքում արված որոշ դիտարկումները: Անշուշտ քաղաքական անգրագիտության կամ անտեղյակության դրսեւորումներ պատահում են նաեւ տղամարդ թեկնածուների մոտ, ավելին դրանք հաճախ լուրջ քանակ են կազմում, սակայն տղամարդկանց դեպքում խնդիրն ընկալվում է զուտ անհատական, անձնական մակարդակում: Հասարակությունն ասում է` այս տղամարդն անգրագետ է, կամ այս մեկը դրածո է, բայց երբեք մեկ տղամարդու օրինակով կարծիք չի կազմում բոլորի մասին:
Ցավոք, կանանց դեպքում, անպայման ընդհանրացնում են ու եթե որեւէ կին ինչ-որ անհաջող արատահայտություն է անում, ապա այն տարածվում է ողջ սեռի վրա: Անմիջապես հիշատակում են «Մազը երկար խելքը կարճ» կամ նման մի բան, իսկ համատեքստում ենթադրում, որ կանանց մուտքը քաղաքականություն պետք է արգելափակել, քանի դեռ ուշ չէ: Մի խոսքով, հասարակության պատկերացումներում ցանկացած կին թեկնածու կամ պաշտոնյա պատասխանատու են ողջ սեռի համար, այնինչ տղամարդ գործիչները միայն ու միայն իրենց ասածների ու գործածների համար են պատասխան տալիս:
Նման գլոբալ պատասխանատվությանը անշուշտ ոչ բոլոր կանայք են դիմանում, հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ յուրաքանչյուր խոսքը կարող է մեկնաբանվել իրենց դեմ եւ երբ մրցակիցներն առիթ են որսում դիմացինին քննադատելու համար: Դժվար է նաեւ պահանջել ընտրողներից ու լրագրողներից, որպեսզի նրանք նույնքան ներողամիտ գտնվեն կանանց նկատմամբ, որքան համբերատար են տղամարդ գործիչների հանդեպ: Գուցե ժամանակի ընթացքում հավասար վերաբերմունքը բոլորի նկատմամբ՝ անկախ սեռից, իրականություն դառնա, սակայն մինչ այդ, կանայք, որոնք մուտք են գործում քաղաքականություն, ստիպված են լինելու իրենց օրինակով ջարդել թյուր պատկերացումները կին-քաղաքական գործիչների մասին:
Ցավոք, այս առաքելությունը տրված է ոչ բոլոր կանանց, ոմանք իրենց ամեն մի խոսքով ու պահելաձեւով կարծես ստեղծված լինեն կարծրատիպերը ամրապնդելու համար:
«Ռեմոնտի մեջ եմ, չեմ կարող քաղաքականությունից խոսել…»
…Նախընտրական փուլի եռուզեռին զանգեցի կուսակցական ցուցակում ընդգրկված կին թեկնածուին (այստեղ կարեւոր չէ որ կուսակցության ցուցակում, կարեւորը՝ անցողիկ տեղում), եւ խնդրեցի պատասխանել որոշ հարցերի, կամ հարցազրույցի համար օր ու ժամ նշանակել: Պատասխանը զավեշտալի է. « Ազիզ ջան, ես հիմա խիստ զբաղված եմ անձնական հարցերով, տանս ռեմոնտ է, հիմա ես չեմ կարող քաղաքականությունից խոսել…»
Կասեք արտառոց երեւույթ է, գուցե եւ այդպես է , սակայն նման տեսակետով է հասարակությունն ընկալում ու վերաբերմունք դրսեւորում քաղաքականություն մտնող բոլոր կանանց:
Ասվածը, իհարկե, չհրապարակեցի ` ավելորդ անգամ կանանց քննադատության սուր ալիքի տակ չգցելու համար, սակայն այսօր` ընտրությունների ավարտից հետո կարեւոր եմ համարում դրա մասին խոսելը ` զուտ սխալները հասկանալու եւ դրանք չկրկնելու նկատառումով:
Նշեմ, որ տիկինն չանցավ խորհրդարան, թե չէ բացառված չէ, որ բյուջեի կամ այլ կարեւոր օրենքների քննարկմանն էլ նույն պատճառաբանությամբ կբացակայեր` քանի որ զբաղված կլիներ ավելի լուրջ գործով` օրինակ վարունգի մարինադով կամ բադրիջանի «զակատով»: Ի դեպ, կուսակցության դիրքորոշումն էլ նման դեպքերում ակնհայտ է. այդպիսի կանանց շատ հարմար է ընդգրկել ցուցակներում, նրանք հետագայում էլ հեշտ կառավարվող են՝ եթե պետք լինի ինքնաբացարկ կհայտնեն կամ էլ ցուցումով կոճակ կսեղմեն … Կասեք, նման տղամարդիկ էլ կան, անշուշտ կան, բայց իրենցով չեն դատում ուրիշներին…
«Մի քննադատեք իմ արտաքինը, ընդունեք ինձ իմ գործերով ու մտքերով»:
Դեռեւս առաջին տիկին եղած տարիներին լրատվամիջոցներին նման կոչով ներկայացավ Հիլլարի Քլինթոնը: Հետագայում էլ, ԱՄՆ պետքարտուղար դառնալով, անընդհատ կրկնում էր, որ չի կարելի հրապարակավ քննադատել կնոջ տարիքը, արտաքինն ու հագուկապը: Առավել սխալ է, երբ դա անում է մրցակիցը: Ստացվում է, որ դիմացինի կատարած աշխատանքում ու ծրագրերում թերություններ չկան, եթե քննադատվում է արտաքինը:
«Եթե դուք անգամ տեսնում եք ձեր մրցակցի ոճային, արտաքին թերությունները, ապա թող ձեր փոխարեն դրա մասին գրեն լրատվամիջոցները. ի վերջո նրանց աչքն ավելի սուր է, լսարանն ավելի բազմազան»: Դա արդեն PR մասնագետներն են ասում՝ հավելելով. « Մի’ ցածրացեք ու գցեք ձեր անունը նման կերպ»:
Խորհրդարանական մրցավազքի ընթացքում ոչ բոլոր կին թեկնածուներն էին հետեւում այդ խորհրդներին: Նախընտրական շրջանում տեղի ունեցած կին թեկնածուների մասնակցությամբ մի քննարկումից հետո, սոցիալական ցանցերում կարդացի մասնակիցներից մեկի կողմից արված գրառումը, որում նա անդրադառնում էր ոչ թե քննարկվելիք թեմային, այլ մրցակից կանանց հագուկապին՝ իրավունք վերապահելով իրեն քննադատության ենթարկել նրանց հագնվելու ոճը …
Տեղական ընտրությունների զավեշտները
«Ամուսնու դեմ առաջադրված կինը» կամ «Հոր դեմ իր թեկնածությունը դրած աղջիկը»… – լրագրողական դաշտը ողջ եռանդով անդրադարձավ նման դեպքերին: Վերնագրերը վկայում էին ոչ թե գյուղի կանանց վերելք ապրած ինքնագնահատականի ու աննախադեպ ակտիվության, այլ ընդամենը ՝ ամուսնու կամ հոր պաշտոնական հավակնությունները ամրապնդելու ջանքերի մասին: Պատճառը՝ օրենքն էր, որը թույլ չի տալիս մեկ թեկնածուով ընտրություններ: Այլ թեկնածուների բացակայության պարագայում կանայք որոշեցին սատար կանգնել իրենց ամուսիններին ՝ զոհաբերելով իրենց այլընտրանքի դերում: Իսկ երբ լրատվամիջոցները գրեցին դրա մասին, դիմեցին հնարամտությանը՝ պատմելով նույն այդ լրագրողներին, որ վաղուց էին երազում ամուսնու պաշտոնը զբաղեցնելու մասին … Ամուսիններն էլ ասեցին, իբր դեմ չեն, որ իրենց կանայք առաջ գնան… Դե, քանի որ այդ դեպքում գյուղի կառավարման ղեկը միեւնույն է իրենց ընտանիքի ձեռքում է մնում …
…«Սկի չգիտենք էլ խի ենք եկել, ի՞նչ պետք ա անենք, դե մեզ ասեցին, մենք էլ դրեցինք, եսիմ է», – սա արդեն ավագանու անդամ առաջադրված որոշ կին թեկնածուների առավել հաճախ արտաբերվող մոտիվացիան է: Իրենց կամ գյուղապետն է ասել, կամ իրենք են մի գեղեցիկ օր ուղղակի որոշել , կամ առաջադրվել են ինչ-որ մեկին մի բան ապացուցելու: Պատճառները բազմաթիվ են, փաստը մեկը. նման թեկնածուները ծանոթ չեն ոչ տեղական ինքնակառավարման մասին օրենքին, ոչ էլ իրենցից ակնկալվող աշխատանքի մասին պատկերացում ունեն: Ավելին, կային անգամ երկրորդ անգամ առաջադրվող թեկնածուներ, որոնք շարունակում էին անտեղյակ մնալ գյուղի զարգացմանը վերաբերող ծրագրերից, բյուջեից…
…Գյուղերից մեկում գյուղապետի թեկնածություն էր առաջադրել երկու անգամ ավագանի անդամ ընտրված կուսակցական մի կին: Վերջինս հրաժարվեց հարցազրույց տալ, ասելով, որ իր սիրելին շատ խանդոտ է եւ գուցե նրան դուր չկա, որ կնոջ մասին թերթում գրել են, լուսանկարն էլ տպել: Իմ դիտարկմանը` ինչպե՞ս է պատրաստվում այդ պայմաններում գյուղապետ աշխատել, կինը միայն ուսերը թոթովեց. «Դե ընտրվեմ, հետո տեսնենք ի՞նչ կլինի: Հիմա մի բան կասեմ` ամուսնուս կարող է դուր չի գա, որ ես հարցազրույց եմ տվել, գնամ տուն իրանից հարցնեմ հետո կասեմ` հա կամ չէ»…
Անշուշտ ընտրությունների ընթացքում հանդիպեցինք նաեւ մեծ թվով խելացի, իրենց գործին տեղյակ, հայրենասեր ու աշխատող կանանց` ովքեր ունեին ծրագրեր, թիմ, մտահղացումներ եւ ցանկանում էին գյուղապետի կամ ավագանու անդամի պաշտոնում որեւէ կերպ օգտակար լինել համայնքին: Հաճախ նրանք ավելի շատ էին տեղյակ գյուղի ու ժողովրդի խնդիրներից, քան գործող գյուղապետն ու ողջ գյուղապետարանը: Հենց նրանց օրինակով է, որ հասարակությունը պետք է համոզվի, որ չի կարելի կարծրատիպերին զոհ գնալով՝ մի կնոջ անգրագիտությունը տարածել բոլորի վրա… Պետք է ուղղակի տեսնել արժանի կանանց ու փորձել գնահատել իրենց ոչ թե սեռով` այլ ծրագրերով:
Հասմիկ Հարությունյան
Դիտումների քանակը` 3471