Իմացի’ր քո իրավունքը
Դեկտեմբերի տասը մարդու իրավունքների միջազգային օրն է: Այդ օրվա խորհուրդին ընդառաջ «The club» ակումբում տեղի ունեցավ «Իմացի’ր քո իրավունքը» գրքույկի շնորհանդեսը: Այն երեք բաժիններից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է իրավական տարբեր ոլորտների` «Դատավարական պաշտպանություն և տեղեկատվական ազատություն», «Ամուսնաընտանեկան և ժառանգական իրավունք», «Առողջապահական և աշխատանքային իրավունք»: Գրքույկների ստեղծման գաղափարը Կանանց ռեսուրսային կենտրոնն էր, իսկ ֆիանասական աջակցություն էր տրամադրել Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան կազմակերպությունը:
«Իմացի’ր քո իրավունքը» գրքույկի ստեղծման աշխատանքները սկսվել էին դեռ 1 տարի առաջ: Հեղինակները` Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբաններ Նվարդ Փիլիպոսյանն է և Լուսինե Մինասյանը:
-Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հիմնականում օրենքներին լավատեղյակ են հենց իրավական ոլորտի ներկայացուցիչները և ոչ հասարակությունը: Այդ խնդրին առնչվում ենք ամեն օր` մեզ դիմած կանանց միջոցով: Նրանք տարբեր հարցերուվ են դիմում` կրթություն, աշխատանք, ընտանեկան հարաբերություններ, ժառանգության հետ կապված խնդիրներ…,- նշում է Նվարդ Փիլիպոսյանը և հավելում, որ հենց այս դիմումներն էլ գրքույկի ստեղծման շարժառիթներից մեկը դարձան,- գրքույկի նպատակը կանանց իրավական կարգավորումներին ծանոթացնելն էր` հնարավորինս պարզ լեզվով: Ընտրվել են նաև այնպիսի թեմաներ, որոնք կանանց համար առավել խնդրահարույց են և հետաքրքրական:
Գրքույկի շնորհանդեսին հաջորդեց «Կահիրե 678» Ֆիլմի ցուցադրություն, որն ազդարարեց «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի ավարտը:
Լիլիթ Քոչինյան
Լուսակարները՝ հեղինակի
P.S> “Կահիրե 678” – ֆիլմի հիմքում երեք եգիպտացի կանանց իրական պատմություւններն են: Ֆայզան, Սեբբան եւ Նելլին՝ բախվելով սեռական ոտնձգության դրսեւորումներին, միավորվում են կանանց նվաստացման դեմ պայքարելու նպատակադրմամբ:
Դիտումների քանակը` 2971