Կին փոխնախարարների թիվը ավելացավ ևս մեկով…
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ՝ Շամամ (Սոնա) Հարությունյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Սոնա Հարությունյանը մինչ այդ զբաղեցրել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի պաշտոնը: Մասնագիրությամբ տնտեսագետ է (աշխատանքի էկոնոմիկա): Սոցիալական ծառայության համակարգում աշխատում է 1993 թվականից :
Այսպիսով, դեկտեմբերի 6-ից կառավարության կազմում աշխատելու են 6 կին փոխնախարար: Մինչ այժմ, 61 փոխնախարարներից կանայք 5-ն են ` աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունում 18 նախարարներից միայն 2-ն են կին ` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Կառավարությանն առընթեր 7 մարմիններից և ոչ մեկի ղեկավարը կին չէ: Նրանց տեղակալների շարքում էլ են կանայք բացակայում:
Հայաստանի 10 մարզերի մարզպետերից ոչ ոք կին չէ, 24 փոխմարզպետներից միայն Արմավիրում է կին փոխմարզպետ` Լարիսա Մուրադյանը:
Նշենք, որ 2000-ին Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) շրջանակում Հայաստանի կառավարության կողմից թիվ 3 նպատակով («Օժանդակություն գենդերային հավասարությանը և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում » ) վերցված պարտավորություններով՝ կանանց մասնաբաժինը Աժ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների և մարզպետների ընդհանուր թվաքանակում պետք է մինչև 2015 թ. առնվազն 25% լինի , սակայն 2010 -ին այս ցուցանիշը գնահատվում էր միայն 7%-ի չափով, իսկ 2012-ին ՝ 10 տոկոս է դարձել: Ընդ որում, այս ավելի քան համեստ առաջընթացը հիմնականում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ¬ում կանանց թվի` 11-ից 14-ը ավելացման շնորհիվ:
«ՀԶՆ 3-ի կատարումն անհնարին է առանց կանանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված միջոցառումների լայն շրջանակի: Ներկա իրավիճակը և աջակից միջավայրը բավարար չեն ՀԶՆ 3-ը մինչև 2015 թ. կատարելու համար», – այսպիսի եզրակացության էին հանգել փորձագետները ՀԶՆ-ների առաջընթացի երկրորդ՝ 2010-ին լույս տեսած ազգային զեկույցում:
ՀԶՆ-ների առաջընթացի առաջին և երկրորդ ազգային զեկույցներին կարելի է ծանոթանալ այստեղ
Դիտումների քանակը` 4668