Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

2011 թ.  դեկտեմբերի  19-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացրեց «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցը:  Ինչպես նշեցին  Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներակայացրեցին «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում»  զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ եզրակացություններ:

 

Մասնավորապես, հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծամասնությունը երեխա ունենալ սկսել է բարենպաստ վերարտադրողական տարիքում` 19-ից 35 տարեկանում, ինչը շատ կարևոր է առողջ մայրության համար: Խիստ դրական է նաև, որ հայաստանյան հասարակությունն արդեն ծնված երեխայի նկատմամբ, անկախ սեռից, ցուցաբերում է միևնույն հոգատարությունը:

Այդուհանդերձ, ապագա երեխայի հարցում, հասարակությունը մեծապես նախապատվություն է տալիս տղա երեխաներին՝ վեց անգամ ավելի, քան աղջիկներին: Հետազոտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900.000 վերարտադրողական տարիքի կանանց 0.8%-ը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: Իսկ դա նշանակում է, որ երկիրը յուրաքանչյուր տարի պոտենցիալ կերպով կորցնում է մոտ 1400 ապագա մայր:

 

Բանախոսների ներկայացմամբ, զեկույցը հիմնված է 2830 տնային տնտեսություններում 2011 թ. հուլիսի 15-ից օգոստոսի 15-ն անցկացված քանակական հետազոտության, ինչպես նաև երևույթի որակական ուսումնասիրության արդյունքների վրա:

 

Այն պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աջակցությամբ:

Ըստ ՄԱԲՀ-ի հայաստանյան  գրասենյակի հաղորդագրության

 

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԶԵԿՈՒՅՑԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրականացվել է. ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

 

Ընտրանքը և վերջնական տվյալների բազան ձևավորել և դաշտային աշխատանքներն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

 

Նպատակը . պարզել Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, հիմնական պատճառները և հասարակական ընկալումը:

 

Հիմնախնդրի էությունը.

 

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 1993 թ.-ից սկսած, Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է 110-ից 120 տղա` 100 աղջկա դիմաց:

 

Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Այսինքն, Հայաստանում վերջին տասնամյակում սկսել են ծնվել ավելի քիչ աղջինկեր և ավելի շատ տղաներ: Այս շեղման հնարավոր պատճառներից մեկի՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների առկայությունը ստուգելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նախաձեռնեց հետազոտություն:

 

Տվյալների հավաքագրման կիրառված մեթոդները

 

  • Հայաստանի 2830 տնային տնտեսություններում վերարտադրողական տարիքի (15-49) երբևէ հղիացած կանանց շրջանում անցկացված քանակական հետազոտություն
  • Հղիության արհեստական ընդհատման նպատակով բուժհաստատություններ այցելած հղիների հարցում
  • Տղամարդկանց և կանանց, ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում ֆոկուս-խմբերով  իրականացված արագընթաց  որակական գնահատում

 

 

Ո՞ր ժամանակահատվածում.

 

Քանակական հետազոտությունը և հղիների հարցումն իրականացվել են 2011 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը: Արագընթաց որակական գնահատումն իրականացվել է 2011 թ. հուլիսին:

 

Հիմնական եզրակացություններ.

 

  • Հետազոտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900,000 վերարտադրողական տարիքի կանանց 0.8 տոկոսը (մոտ 7200 կին) վերջին 5 տարվա ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական  ընդհատում: Համապատասխանաբար, միջինացված տվյալներով, Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր:
  • Հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծամասնությունը երեխա սկսել է ունենալ բարենպաստ վերարտադրողական տարիքում` 19-ից 35 տարեկանում:
  • Ծնվելուց հետո աղջիկ երեխաների նկատմամբ առկա է հավասար  վերաբերմունք ու խնամք:
  • Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում.
    • 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում
    • քաղաքաբնակ կանանց շրջանում
    • բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում, և
    • բարձր եկամուտներ ունեցող (100,000 դրամ և ավելի) կանանց շրջանում
  • Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումը հիմնականում (82.6%)  կայացվել է  ինքնուրույն՝ հղիների կողմից:
  • Տղա երեխաներին նախապատվություն տվող ընտանիքները մոտ 6 անգամ ավելի են, քան աղջիկներին նախապատվություն տվողները (գյուղական բնակավայրերում՝ 10 անգամ ավելի, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 4 անգամ ավելի):
  • Քանակական հարցմանը մասնակից յուրաքանչյուր 5 կնոջից 2-ը նշել են, որ առաջին հղիության ժամանակ ցանկանում էին տղա ունենալ: Մինչդեռ աղջիկ երեխա ցանկանում էր ունենալ միայն ամեն յոթ կնոջից մեկը:
  • Միևնույն ժամանակ, առաջին հղիության դեպքում հարցվողների մոտ կեսի (44%) համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել:
  • Այն ընտանիքներում, ուր նախապատվությունը տրվում է աղջիկներին, առաջնեկը հիմնականում (80.1%) աղջիկ է եղել, իսկ այն ընտանիքներում, ուր նախապատվությունը տալիս են տղաներին, առաջնեկը հիմնականում (60.8%) եղել է տղա:
  • Դեպքերի ճնշող մեծամասնությունում (77.8%) ամուսինները միասնաբար են որոշում, թե քանի տղա և քանի աղջիկ պետք է ունենան:
  • Տղաների նկատմամբ նախընտրությունը հիմնականում պայմանավորված է.
    • տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ,
    • ունեցվածքի ժառանգորդ լինելու հանգամանքով, ինչպես նաև
    • ընտանիքում տղամարդու ազդեցիկ դիրքով, հասարակության մեջ տղաների շատ ավելի ակտիվ դերակատարությամբ և սոցիալական մոբիլությամբ:

Որակական հարցազրույցների մասնակիցների պատասխաններից կարելի է եզրակացնել, որ աղջիկների և տղաների պարագայում ընտանիքի ներսում տարբերակված վերաբերմունքի հետ կապված առանձնակի խնդիրներ չկան, և խնդիրը հետագայում հասարակության մեջ կնոջ ինքնադրսևորման հեռանկարները և կնոջ ավելի խոցելի վիճակն է:

Դիտումների քանակը` 5736

Գլխավոր էջ