Նրանք վախենում են հասարակության վերաբերմունքից/ վիդեո
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ այս տարի գրանցվել է ՄԻԱՎ-ի 206 նոր դեպք:
Այդ ցուցանիշը, Գրիգորյանի խոսքով, առավելագույնն է նախորդ տարիների համամետ. – «Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ դեպքերի 60 տոկոսը, հավանաբար, վարակվել է արտերկրում: 20 տոկոսն էլ, ասենք, նրանց զուգընկերներն են կամ կանայք են: Այսինքն 80 տոկոսի մոտ առկա է միգրացիոն գործոնը»:
Մասնագետի խոսքերով, կա գրանցման պաշտոնական վիճակագրություն, և կա հաշվարկային թիվ, որն առավել է մոտ է իրական պատկերին, քանի որ ոչ բոլոր ՄԻԱՎ վարակ ունեցող հիվանդներն են արձանագրվում: Դա այդպես է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Հայաստանում այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում գրանցված են մոտավորապես 35 տոկոսը՝ 1359 ՄԻԱՎ-ի դեպք, որոնցից կեսից ավելին 25-39 տարիքային խմբում է: Գրանցված դեպքերի 70,3%-ը տղամարդիկ են, 29,7% -ը’ կանայք:
Սամվել Գրիգորյանը նշեց, որ շատերը խուսափում են հետազոտվել` կանխավ վախենալով հասարակության վերաբերմունքից, իսկ դա հանգեցնում է նրան, որ նրանք տարածում են վիրուսը: Շատերը իրենց հիվանդության մասին տեղեկանալուց հետո մեկուսանում են հասարակությունից, քանի որ վախենում են շրջապատի արձագանքից…
Մինչդեռ ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման կարևոր նախապայմաններից մեկն է խարանի և խտրականության դեմ պայքարը: Հատկապես խարանի, խտրական վերաբերմունքի հանդեպ վախը շատերին հետ է պահում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելուց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի չիմացությունը հնարավորություն չի տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց` ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամ էլ օգտվելու բուժումից, մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելում, խնամք և այլ ծառայություններ տրամադրող ծրագրերից: Խարանի և խտրականության ենթարկվելու վախը նաև բացասաբար է անդրադառնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից պաշտպանական միջոցների կիրառման վրա:
Օրինակ` վարակվածությունը թաքցնելու համար հիվանդները չեն օգտագործում պահպանակներ, իսկ մայրերը, վախենալով ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակի բացահայտումից, շարունակում են կրծքով կերակրել երեխաներին` վտանգելով նրանց առողջությունը: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանն ու խտրականությունը կարող են հանգեցնել նրանց իրավունքների ոտնահարմանը: Այդ մարդիկ կարող են մերժվել բուժօգնություն, կրթություն կամ աշխատանք ստանալու համար դիմելիս: Այս ամենի հետևանքով տուժում են կանխարգելմանն ուղղված ջանքերը:
Խարանի և խտրականության հաղթահարումը մեկ օրվա խնդիր չէ, այն պահանջում է երկարատև, քրտնաջան և հետևողական աշխատանք։ Այս գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության բոլոր շերտերին, ոչ միայն բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն, այլև պայքարել ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց նկատմամբ քննադատական վերաբերմունքի, վախի և սխալ պատկերացումների դեմ, ընդլայնել նրանց տրամադրվող աջակցությունն ու խնամքը։
Միաժամանակ կարևոր է նաև, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հասարակության իրազեկումն իրականացվի բարոյական և հոգևոր արժեքների գնահատման ու ձևավորման համատեքստում: Այս առումով անգնահատելի է եկեղեցու, մտավորականության, արվեստի և մշակույթի գործիչների դերը: Ընդ որում, կարևոր է, որ մարդիկ գիտելիքներ ստանան ոչ միայն վիրուսի փոխանցման ուղիների, այլև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների, հասարակության մեջ նրանց լիարժեք սոցիալական ինտեգրման անհրաժեշտության մասին:
Այս խնդրին են նաև անդրադառնում Հանրային հեռուստատեսության եթերում «Ազատ գոտի» հաղորդման մասնակիցները.
Դիտումների քանակը` 3367