«Հասնել զրոյի»
Այսօր, դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է : 2011-ից սկսած այդ օրը ողջ աշխարհում անցկացվում է «Հասնել զրոյի» կարգախոսով:
Կարգախոսի իմաստն է` մահվան դեպքեր ՁԻԱՀ-ից` զրո, վարակման նոր դեպքեր` զրո և խտրականություն` զրո: Քարոզարշավը ՄԱԿ-ի հովանու ներքո կտեւի մինչեւ 2015-ը:
«Երեք զրոյի» կարևորությունն ընդգծված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2011թ. հունիսին կայացած նիստում` անդամ պետությունների կողմից ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հռչակագրում, որին միացել է նաև Հայաստանը:
Մասնագիտական գնահատականներով Հայաստանում ՄԻԱՎ վարակով հիվանդ գրեթե բոլոր կանայք՝ 97,9%-ը, վարակվել են սեռական ճանապարհով:
…«ՄԻԱՎ-ով վարակվել եմ ամուսնուցս: Նա երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, սակայն ինքն էլ չգիտեր, որ վարակակիր է: Այսօր երկուսս էլ բուժում ենք ստանում, սակայն ՄԻԱՎ վարակվածությունը թաքցնում ենք բոլորից, նույնիսկ հարազատ մայրս դրա մասին չգիտի»,- մեր հետ զրույցում ասում է 40-ամյա Գոհարը: Նա նշեց, որ բուժման ընթացքում ծանոթացել է որոշ մարդկանց հետ, ովքեր հարազատների հետ չեն շփվում, քանի որ նրանք իրենց վտարել են տանից՝ վախենալով վարակվել կենցաղային շփումների հետևանքով:
«Ուստի շատ հաճախ խարազանվելու վախը մարդկանց ետ է պահում հետազոտվելուց և ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակը պարզելուց, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց կողմից պաշտպանական միջոցների կիրառման վրա»,- նշում է տիկին Գոհարը:
Մասնագետների խոսքերով՝ հիվանդությունն ունի երկար գաղտնի շրջան, մարդիկ կարող են 8-10 տարի իրենց առողջ զգալ և անգամ չիմանալ, որ իրենք վարակված են։ Դրա համար, բացի արձանագրված դեպքերից, միշտ կան որոշակի թվով մարդիկ, ովքեր կարող են վարակված լինել և չիմանալ այդ մասին, դրա համար, բացի արձանագրված թվերից, ասվում է նաև, որ կան հաշվարկային տվյալներ:
Երբ ավելի քան քառորդ դար առաջ ՁԻԱՀ-ը գուժեց իր գոյությունը, քչերը կարող էին կանխատեսել, թե ինչ թափով կզարգանա համաճարակը: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2011թ- ի դրությամբ, աշխարհում արդեն ապրում է մոտ 34 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: 2011թ-ի ընթացքում մոտ 2.5 մլն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով` նրանցից 140 հազարը մեր տարածաշրջանում, ինչն ավելի քան 4 անգամ գերազանցում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում և մոտ 3 անգամ` Հյուսիսիային Ամերիկայում նոր դեպքերի թիվը: 2011թ-ի ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվել է 330 հազար երեխա: Նախորդ տարի ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,7 մլն մարդ, նրանցից 92 հազարը` մեր տարածաշրջանում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: 1988թ. մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը` 2012թ-ի 11 ամիսների ընթացքում, ինչը առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 954 մարդ (70,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 405 դեպք (29,8%): ՄԻԱՎ վարակի 26 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 54,4%-ը ախտորոշման պահին 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (56,6%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (34,4%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 682-ի մոտ (կին` 167, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 124-ի մոտ` 2012թ. 11 ամսվա ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 302 դեպք: Մահացածների թվում կան 49 կին և 5 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում` նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է Ռուսաստանում և Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (49,5%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97,9%):
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում` 526 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 38,7%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 10,7%:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով, Հայաստանում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ՄԻԱՎ-ի կանխարգելման ուղղությամբ: Այս գործում, նա հատկապես կարևորեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դերը, որն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական ծրագիր: Նշվեց նաև, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է հակառետրովիրուսային բուժում, որը հասանելի է բոլոր հիվանդներին, ովքեր ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը:
Ըստ մասնագետի ՝ հանրապետությունում վարակի և հիվանդության կանխարգելման բազմաթիվ հաջողություններ են գրանցվել, թեև կան մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար ավելի շատ կոնսոլիդացիա է անհրաժեշտ բոլոր սեկտորների կողմից: Կարևոր հաջողություններից փոխնախարարն առաձնացրեց այն, որ 2007թ.-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել հղի մորից երեխային վարակի փոխանցման որևէ դեպք, 2001թ.-ից չեն գրանցվել նաև դոնորական արյան միջոցով վարակի փոխանցման դեպքեր:
Փոխնախարարի խոսքերով՝ հաջողությունները պահպանելու և հետագայում նոր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ընդլայնել այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են Հայաստանում: «Այս առումով առողջապահության նախարարությունը Կանխարգելման կենտրոնի, միջազգային կազմակերպությունների հետ միասին նոր ռազմավարություն է մշակել, որն արդեն կառավարությունում շրջանառության մեջ է, և այն ընդունելուց հետո առաջիկա տարիներին շարունակական կլինեն այն ծրագրերը, որոնք այսօր իրականացնում ենք»,- նշեց Ս. Խաչատրյանը:
Մերի Մարգարյան
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն ամփոփող միջազգային վերջին հաշվետվությանը կարելի է ծանոթանալ այստեղ.
http://www.unaids.org/ru/resources/presscentre/
pressreleaseandstatementarchive/2012/november/20121120prresults/
Դիտումների քանակը` 5343