Օմբուդսմենի առաջարկությունները «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով։

 
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ առաջարկությունների փաթեթը ներառում օրենքի բարեփոխման տարբեր  առաջարկներ, մասնավորապես՝ նախատեսել անչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգ, համաձայն որի այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությամբ` ոստիկանության անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիր ներկայությամբ` հաշվի առնելով, որ ընտանեկան բռնությունները  երեխայի վրա ունենում են ծանր և հոգեճնշող ազդեցություն:

 

Եվս մեկ կարևոր առաջարկություն էր «Թեժ գիծ» բառակապակցությունից առաջ ավելացնել «շուրջօրյա»  բառը՝ ելնելով  հնարավոր ընտանեկան զոհերի իրավունքների լիարժեք պաշտպանության նկատառումներից։ Սա հիմնավորվում է միջազգային փորձով, համաձայն որի` ընտանեկան բռնության կանխարգելման, անձանց պաշտպանության, նրանց հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ստեղծված «Թեժ գիծ» ծառայությունները շուրջօրյա են։

 

Առաջարկվում է նախատեսել նաև, որ յուրաքանչյուր ահազանգ կամ բողոք ենթակա լինի անհապաղ ստուգման և/կամ քննարկաման, որի արդյունքում կկայացվի ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցի կիրառման մասին  որոշում:
Բացի այդ առաջարկվում է  մշակել ընտանեկան բռնություններից պաշտպանության այնպիսի հատուկ մեխանիզմներ, որոնց արդյունքում կբացառվեն ընտանեկան բռնության զոհի կամ նրա երեխաների կրթության իրավունքի  հնարավոր սահմանափակումները:

 

Հ. Կարապետյան

 

P.S. Օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի բոլոր առաջարկություններին ծանոթանալու համար այցելեք Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջ՝

http://pashtpan.am/article/837:

 

Դիտումների քանակը` 2990

Գլխավոր էջ