«Օրենքը խիստ է. կարող է կինդ վաղը շրջվի ու ասի` բռնարար է…»
Տեղի ունեցան հանրային լսումներ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի շուրջ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր այսօր հանրային լսումներ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Միջոցառմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կամակերպությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ օրենքը ներկայացվելու կառվարություն փաթեթով, քանի որ լրացումներ է ենթադրում մի շարք այլ գործող օրենքներում, այդ թվում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում: Լսումներին մասնակցող Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Սմբատյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծում լրամշակումներ անելու համար ոստիկանությունն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել աշխտանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Իրենց կարծիքով, նախագիծն այս վիճակում ունի մի շարք դրույթներ, որոնց հետ ոստիկանությունը համակարծիք չէ, քանի որ կիրառումն ապահովելը ռեալ չէ:
«Մեր համոզմամբ, նախագծում կան ոչ իրատեսական մոտեցումներ: Հուսով եմ, դրանք կշտկվեն և նախագիծն ընդունումից հետո կլինի այնպիսին, որ լինի իրագործելի և ի շահ մեր հասարակությանը»,-ասաց Ա. Սմբատյանը, օրինակ բերելով նախագծի 22 հոդվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը, որը սահմանում է. «Արգելել բռնարարին` 100 մետրից ավելի մոտենալ իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող ընտանեկան բռնության զոհին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա երեխաներին կամ խնամքի տակ գտնվող անձանց»:
Սա հենց այն դրույթներից մեկն է, որի ապահովումը ոստիկանության ներկայացուցիչը համարում է ոչ իրատեսական, քանի որ նախ անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ապա նաև ռեալ չէ օրինակ, սեփականատիրոջը արգելել մուտք գործել իր տուն: «100 մետր հեռավորություն բռնարարի ու երեխաների միջև կարող է լինել օրինակ հասարակական վայրում կամ այն տների միջև, որոտեղ նրանք ապրում են»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը, չմանրամասնելով, թե կոնկրետ այս պարագայում ինչ է առաջարկել իրավապահ այս մարմինը: Նշենք, որ օրինագծի 7-րդ հոդվածն ամբողջությամբ նվիրված է ոստիկանության լիազորություններին:
«Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագաիծը դեռ 2007-ին մշակել ու հետագա շրջաբնառության մեջ դնելու համար նախարարությանն է հանձնել «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գևորգյանը երկու օր առաջ է վերադարձել Ստամբուլից, որտեղ տարածաշրջանի մյուս երկրների ներկայացուցիչների հետ քննարկել են գենդերային խնդիրներ: Հանդիպման ժամանակ նաև կարծիքներ են փոխանակել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի վերաբերյալ: Հարևան Վրաստանում, Ադրբեջանում այն արդեն օրենքի ուժ ունի:
«Նրանք նշում էին, որ օրենքը կա, բայց կիրառման մեխանիզմների հետ կապված թերություններ ու բացթողումներ կան: Սա նշանակում է, որ ընդունվելուց հետո մեծ աշխատանքեր պետք է տարվեն օրենքի կիրառումն ապահովելու համար»,-ասաց Ս. Գևորգյանը: Նրա խոսքով, հետագայում նաև պետք է տարածաշրջանի երկրների հետ փորձի փոխանակում իրականացվի: Ս. Գևորգյանը համոզված է, որ օրենքն ընդունվելուց ու մի քանի տարվա իրազեկման ու այլ աշխատանքներից հետո կարելի է հասնել դրական արդյունքների:
Կանանց ռեսուրսների կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանի կարծիքով, օրենքի ընդունումից հետո հարկավոր է լայնածավալ վերապատրաստական աշխատանքներ իրականացրել դատարանների, դատավարների, ինչպես նաև իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչների հետ:
«Մենք չունենք ընտանեկան բռնության դեպքեր քննող դատարաններ, չունենք մասնագիտացված փաստաբաններ: Սա նշանակում է, որ օրենքի ընդունումը բավարար չէ, շատ կարևոր է, սակայն եթե մենք չաշխատենք, ապա այս օրենքն էլ այլ օրենքների նման չի գործի»,-WomenNet.am-ին ասաց Լ. Ահարանոյանը: Կազմակերպության ղեկավարի խոսքով, կանայք վերջին տարիներին առավել անհանդուրժող են դարձել իրենց նկատմամբ կիրառվող բռնությունների նկատմամբ, սակայն դա ավելի շատ հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ է:
«Կառավարությունը բավարար քայլ չի ձեռնարկում խնդրի լուծման համար: Նա մի քանի կոնվենցիաներ է վավերացրել, պարտավորություններ ստանձնել, սակայն դրանք ամբողջությամբ չի իրականացնում»,-ասաց Լ. Ահարոնյանը: «Զարուհու դեպքն ու մինչև այսօր էլ ընթացող Մարիամ Գևորգյանի դատավարությունը փաստում են նման օրենքի անհրաժեշտության մասին: Փաստաբաներն էլ նշում են, թե տուժողներին ավելի հեշտ կլիներ պաշտպանել նման օրենքի առկայության դեպքում: Միանշանակ է, որ բռնության ենթարկվածը չի կարող մեղավոր լինել: Սխալն այն է, որ մենք փորձում ենք մեղավոր փնտրել այն դեպքում, երբ իրական մեղավորը հայտնի է և նա բռնություն կիրառողն է»:
Համալսարանական կրթության կանանց ասոցիացիայի Արտաշատի մասնաճյուղի ղեկավար Վարդիթեր Ղազարյանը WomenNet-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընտանեկան բռնությունը սոցիալական վատ պայմանների ու դժվար կացության հետևանք է: Նրա համոզմամբ, պետք է վերացնել ոչ թե հետևանքը, այլ պատճառները:
«Սոցիալական խնդիրներն ավելի շատ են բերում ընտանեկան բռնության: ԵՍ կարծում եմ, առավել շատ հարկավոր է լուծել սոցիալական խնդիրները»,-ասաց Վ. Ղազարյանը, նշելով, իր պրակտիկայում ամուսնալուծությունների, արտագաղթի ու ընտանեկան խնդիրների հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ֆիլարետ Բերիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սոցիալական դժվարությունները ընտանեկան բռնության գործոններից մեկն է միայն և չի կարելի միանշանակ ասել, որ բերեկեցիկ ընտանիքներում բռնություն չկա:
«Կան մարդիկ, որ ինչքան էլ լավ պայմաններում ապրեն, բռնարար են»,-ասաց փոխնախարարն ու հույս հայտնեց, որ օրենքի ընդունումը կբարելավի իրավիճակը:
«Շատ կարևոր է, որ հասարակության ընկալման մեջ բան փոխվի: Հիմա տղամարդիկ ավելի զգոն պետք է լինեն»,-ասաց Բերիկյանը:
Բռնարարի դերում եղել ե՞ք, ներողություն խնդրելով, հարցրեցինք փոխնարարին. «Ֆիզիկական բռնության հեղինակ հաստատ չեմ եղել, բայց այսօրվա օրենքներն այնպես են գրել, որ կարող են հոգեբանական, ֆինանասական բռնության հեղինակ դարձնեն: Ասենք, կինդ խնդրում էս բանն առնենք, ասում ես՝ չէ: Կարող է, վաղը շրջվի ու ասի` բռնարար է, թույլ չի տալիս»:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2929