«Նուրբ աշխատանք է հարկավոր, որպեսզի ունքը դզելու փոխարեն՝ աչքն էլ չհանեն»…

Womennet.am-ը կարծիքներ հավաքեց  «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի վերաբերյալ

 

Այս  օրենքի ընդունման հետ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունները մեծ հույսեր են կապում` դրա ընդունումը համարելով անհրաժեշտությունը: Իսկ ի՞նչ են մտածում «Ընտանեկան բռնության մասին»  օրենքի անհրաժեշտության եւ արդյունավետության սովորական քաղաքացիները՝ տարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների, քաղաքաբնակ ու գյուղաբնակ:

 

30-ամյա Արմանը, ով ապրում ու աշխատում է  Երևանում, օրենքի ընդունումը ողջունելի է համարում: Նա հատկապես կարևորում է օրենքի, դրա սահմանած պաշտպանության ու բռնության կանխման մեխանիզմների մասին հասարակության իրազեկումը:

«Նման օրենքը, իմ կարծիքով, կարող է պետք գալ այն դեպքերի համար, երբ դանակը ոսկորին է  հասնում»,-ասում է նա: Արմանի կարծիքով, հայ ընտանիքներում շատ ընդունված է, որ տանը կատարվող վատ բաների ու բռնության մասին տեղեկությունները տան պատերից պետք է դուրս չգան: Հենց այդ պատճառով էլ քիչ կանայք կհամարձակվեն դիմել իրավապահներին:

 

27 տարեկան Տաթևն ասում է, որ իր համար «բռնություն» տերմինը շատ անհասկանալի է: Հայրը նկարիչ է, մայրը` ուսուցիչ, ինքը մասնագիտությամբ արվեստագետ է, եղբայրը` դասախոս, քույրը` տնտեսագետ: Որևէ անգամ բռնության ականատես չի եղել ընտանիքում: Ամուսնացել ու հարս է գնացել կիրթ ընտանիք: Այստեղ էլ, նրա խոսքով, երեք տարիների ընթացքում որևէ դեպք չի եղել:

«Կարծում եմ, որ անկախ օրենքի ընդունումից ու չընդունումից, մարդիկ, ովքեր ապրել են հաշտ ու համերաշխ, առանց բռնության, այդպես էլ կշարունակեն ապրել, իսկ բռնարարը` անկախ օրենքից, սահմանվող պատժից, կշարունակի նույն կերպ վարվել: Դա դաստիարակության հարց է»,-ասում է  Տաթևը:

 

PR մասնագետ 33-ամյա Անուշի խոսքով, օրենքը պետք է կատարյալ լինի`  որևէ մանևրելու հնարավորություն չթողնելու համար: «Աշխատանքի բերումով ծանոթանում էի Գավառում իրականացրած աղքատության մի ծրագրի արդյունքներին: Կանանց մեծ մասը բռնության էր ենթարկվել: Մի քանիսի պատմելով, դիմել են ոստիկանություն, սակայն իրավապահ այս մարմինում հաճախ նրանց հանդիմանել են, թե մարդդ է, մի հատ էլ խփել է, ի՞նչ կա որ»,-պատմում է Անուշը: Նրա խոսքով, եթե անգամ ամուսիներին էլ տանեն ոստիկանություն կամ պատասխանատվության  ինչ-որ միջոցներ կիրառեն, ապա «պատժված տղամարդիկ կանանց հախից կսկսեն ավելի ուժեղ գալ»:

 

53-ամյա գյուղաբնակ Թ.-ն բազմազավակ մայր է: Ամուսինը հարբեցող է, մի քանի անգամ մի քանի ամսով դատապարտվել է գողության համար: Մի քանի օր առաջ է դուրս եկել բանտից: Վերջին անգամ կինն էր դիմել ոստիկանություն: «Ծեծում էր բոլորիս անխնա, անջատված արաղի ազդեցության տակ,  ամենավերջին հայոհանքները տալիս, մերկանում չափահաս ու անչափահաս երեխաներիս առաջ: Վերջին անգամ արդեն ես ճարահատյալ դիմեցի ոստիկանություն, փողոցում կիսամերկ ընկել էր աղջկաս հետևից…»,-պատմում է Թ-ն, միաժամանակ խնդրում չհրապարակել անուն-ազգանունը, բնակության վայրը:

«Չնայած արդեն մեր ու հարևան գյուղերում բոլորն էլ գիտեն մեր պատմությունը, ամաչում եմ, բայց որևէ բան փոխելն արդեն իմ ուժերից վեր է: Տուն չեմ ընդունել, թող ապրի որտեղ ուզում է: Կարծում եմ, օրենքը պետք է նաև ինչ-որ մեխանիզմներ ապահովի  բացատրական, պատժիչ գործողություններից զատ, նաև հետագայում ընտանիքի անվտանգության ապահովման համար»,-կարծիք է հայտնում կինը:

 

50 տարեկան Լուսինեն հիշում է իր ծանոթներից մեկին, ով ամուսնու կողմից ծեծի ենթարկվելուց հետո դիմել էր ոստիկանություն:

«Հիշում եմ, բակի ամբողջ ժողովուրդը բամբասում էր, որ Դանիելի կինը վրեն միլիցիա է բերել: Այնինչ կինը ընդամենը փորձել էր պաշտպանվել բռնարար ամուսնուց, պաշտպանել իր իրավունքը: Էդ տղայի ծնողները, հարազատները պնդում էին, որ «այդ լեզվանի» կինը էլ հետ դառնալու ու էդ օջախ մտնելու իրավունք չունի: Փառք աստծո, հիմա ամեն ինչ հարթ է, կատարյալ չէ, բայց ապրում են միասին, երեք աղջիկ ունեն»,-պատմում է զրուցակիցս:

 

25-ամյա Արտյոմը, ով Սևան քաղաքից է, այժմ բնակվում է Երևանում, համարում է, որ այս օրենքը շատ ընտանիքների պառակտման ու կազմաքանդման պատճառ է լինելու:

«Նման օրենքի ընդունումը հարիր չէ հայկական ավանդույթներին, չի էլ աշխատի: Վերջերս եթե չեմ սխալվում Թուրքիայում տներում SOS կոճակներ տեղադրեցին: Դա մարդու մասնավոր կյանքի իրավունքի ոտնահարում էլ է, քանի որ պետությունը խառնվում է ընտանիքի գործերին: Եթե ամերիկյան ու եվրոպական ընտանիքներում դա նորմալ է ու ընդունված, որ կինը կամ երեխաները բողոքեն հար կամ մոր գործողություններից, ապա հայկական ընտանիքում դա կդատապարտվի բոլոր բարեկամների կողմից, կբերի ընտանիքների քանդմանը: Դա հայկական մենթալիտետի առումով անընդունելի բան է: Ուղղակի ամուսինը պետք է այնքան հասուն և գիտակից լինի, որ բռնություն չկիրառի, իսկ եթե խնդիր կա, ապա հարցը պետք է կարգավորվի ընտանիքի անդամների, կամ ամուսնու ու կնոջ բարեկամների «կլոր սեղանի» շուրջ բանակցությունների ու պայմանավորվածությունների շրջանակում: Թե չէ այդ օրենքը չի աշխատի»,-ասաց Արտյոմը:

 

40-ամյա Լիանան ողջունում է նման օրենքի ընդունումը: «Եթե պետության ներսում կա խնդիր, ապա պետք է լինեն նաև խնդրի լուծման միջոցներ: Այդպիսով պետությունը ցույց է տալիս, որ անտարբեր չէ հասարակությունում առկա վատ ու մտահոգող երևույթների նկատմամբ: Ուղղակի սա շատ նուրբ հարց է, պետք է այնպես աշխատել, որպեսզի ինչպես ասում են ունքը դզելու  փոխարեն՝ աչքն էլ չհանեն»,-ասում է կինը:

 

Նշենք, որ «Կանանց իրավունքների կենտրոն»-ի անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  Հայաստանի տասը կանանցից ինը կարծում է, որ ընտանեկան բռնությունն ավելի լավ է լուծել տան ներսում, քան դիմել ոստիկանություն: Իսկ տասը կանանցից վեցը համարում է, որ դա հասարակական խնդիր է ու պետք է լուծվի կառավարության ու հասարակության կողմից: Նույն հարցման համաձայն, տասը կանանցից 7-ը համարում է, որ Հայաստանը ընտանեկան բռնության մասին օրենքի կարիք ունի: Բռնության ենթարկված կանանց միայն վեց տոկոսն է դիմել ոստիկանություն, տասը կանանցից վեցը համաձայնել է, որ դատական համակարգը շատ քիչ բան է անում հետապնդվող կնոջը պաշտպանելու համար:

 

Հիշեցնենք, որ մի քանի հասարակական կազմակերպություններ ու պետական գերատեսչություններ կատարված ուսումսնիրությունների արդյունքում ձեռնամուխ են եղել «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի մշակմանը, որը հանրային քննարկմանը կներկայացվի նոյեմբերի 13-ին: Այն 20 օրվա ընթացքում պետք է ուղարկվի կառավարությանը` սահմանված ընթացակարգերն անցնելու համար:

 

Օրինագիծը ոչ թե առանձնացնում է տուժողերի  հատուկ խումբ, այլ ընդարձակում է պաշտպանությունը ցանկացած այն անձի վրա, որը, բռնարարից հոգեբանական և/կամ տնտեսական կախման մեջ գտնվելու պատճառով դառնում է ֆիզիկական և հոգեբանական բռնության թիրախ: Նախագիծը գենդերային չեզոքություն է պահպանում և ուղղված է թէ` իգական, թէ` առական սեռի ներկայացուցիչների պաշտանությունը ապահովելու  համար:

 

 

Կարծիքները լսեց ու գրի առավ Հ. Կարապետյանը

 

Օրինագծի մասին առավել մանրամասն   կարելի է կարդալ մեր կայքում.

 

Լալա Ղազարյան. «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումն անհրաժեշտություն է»:

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3440

Գլխավոր էջ