ԱՄՆ Կոնգրեսի յուրաքանչյուր 5-րդ անդամը՝ կին է
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարին զուգահեռ անցան նաև Կոնգրեսի վերին և ստորին պալատների ընտրություններ: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱՄՆ 113-րդ Կոնգրեսը կին պատգամավորների թվով ռեկորդ է սահմանել: Կին սենատորների թիվը, նախկին 17-ի փոխարեն, հասել է 20-ի: Ըստ այդմ` 2013թ. հունվարից սկսած` Կոնգրեսի յուրաքանչյուր 5-րդ անդամը՝ կին է լինելու, հաղորդում է Politico-ն:
Այն փաստը, որ Կոնգրեսի վերին պալատում՝Սենատում 100 սենատորներից 20-ը կին է լինելու իսկապես հատկանշանական է , քանի որ սկսած 1789 թվականից՝ Սենատում ընդամենը 39 կին է աշխատել:
Սենատի առաջին կին անդամը՝ գրող և քաղաքական գործիչ Ռեբեկա Լատիմեր Ֆելթոնը, ընտրվել է 1922 թվականին: Մինչ 1992 թվականը, երբ միանգամից 5 կին հայտնվեց Սենատում, իգական սեռի ներկայացուցիչները հազվադեպ էին հայտնվում Կոնգրեսի վերին պալատում:
Դեռևս ընտրություններից առաջ Ռաջերս համալսարանին առընթեր կենտրոնը, որն ուսումնասիրում է կին քաղաքական գործիչների աշխատանքը, հաղորդել էր, որ այս տարի Կոնգրեսում տեղի համար պայքարում էր 184 կին, որոնք ներկայացնում էին Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները (համեմատության համար`2010 թվականին կին քաղաքկան գործիչները 152-ն էին): Սենատի համար 18 կին (12 դեմոկրատ, 6 հանրապետական) էր առաջադրված, իսկ 435-տեղանոց Ներկայացուցիչների պալատի (Կոնգրեսի ստորին պալատ) ` 166 կին:
Ջենիֆեր Լոուլեսը՝ Ամերիկյան համալսարանին առըթեր կանանց և քաղաքակայն գործիչների ինստիտուտի տնօրենը, նշում է, որ այդ թվի աճը դեռ չի կարելի բեկումնային անվանել.«Անգամ ներկայիս թիվը նշանակում է, որ սենատոր կանայք թեկնածուների ընդհանուր թվի 20 տոկոսն էին կազմում: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդ կոնգրեսականները բոլորն էլ ձգտում են վերընտրվել, ընտրողներն էլ ավելի շատ վերընտրում են թեկնածուներին, քան թե նոր թեկանծուի օգտին են քվեարկում, այդ իսկ պատճառով կանանց քանակն այնքան էլ չի փոխվում»:
Դրա հետ մեկտեղ, փորձագետը այնուամենայնիվ համարում է, որ առաջադրվելու դեպքում, կանայք նույն շանսերը ունեն ընտվելու, ինչ տղամարդիկ:
Աղբյուրը՝
http://www.politico.com/news/stories/1112/83548.html
Դիտումների քանակը` 5061