Լալա Ղազարյան. «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումն անհրաժեշտություն է»:

Ընտանեկան բռնության մասին օրինագիծը 20 օրվա ընթացքում պետք է ուղարկվի կառավարությանը: Եթե ամեն ինչ հարթ ընթանա, նախագիծն օրենքի ուժ կստանա մոտ մեկ տարուց:

 

Այս մասին WomenNet.am-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը: Իսկ մինչ կառավարության ներկայացնելը, օրենքի նախագիծը նախ կդրվի հանրային քննարկման:

 

Նոյեմբերի 13-ին կայանալիք քննարկումը Լալա Ղազարյանը, ով նաև նախագծի մշակմամբ զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է, շատ է կարևորում: Ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակումներ անելուց հետո վերջնական տարբերակով նախագիծը կուղարկվի գործադիրին:

 

Օրինագիծը մշակվել է դեռ 5-6 տարի առաջ Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի կողմից: Իսկ դրանից հետո արդեն տարբեր հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների հետ սկսվել են քննարկումները:

 

«Աշխատել ենք ոստիկանության, դատախազության, դատական դեպարտամենտի, արդարադատության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ: Վերջին տարում արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել: Նախագիծն ուղարկվել է կառավարություն, այնտեղ քննարկվել է, մեզ հետ են ուղարկել, որպեսզի մենք հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծ մշակենք, փաթեթով ներկայացնենք»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

 

Նշենք, որ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ կլինի փոփոխություներ կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում:

 

Վարչության պետը համարում է, որ նման օրենքի ընդունումը անհրաժեշտություն է: Իսկ նման համոզման հանգել են կատարված ուսումնասիրությունների արդյունքում, որոնց ձեռնամուխ են եղել ազգային վիճակագրական ծառայության հետ մինչ օրինագծի մշակումը:

 

2008-2009թթ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության  ազգային վիճակագրական ծառայությունն իրականացրել է Հայաստանում կանանց հանդեպ ներընտանեկան բռնության վերաբերյալ համապետական առաջին հարցումը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է. պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ «իրենց կյանքի ընթացքում երբևէ զուգընկեր ունեցած հարցման ենթարկված կանանց 61.0%-ը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25.0%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, 8.9%-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 3.3%-ը ենթարկվել է սեռական բռնության, իսկ 9.5%-ը ենթարկվել է ֆիզիկական և սեռական բռնության:

 

Ըստ նախարարության ներկայացուցչի, ստացված տվյալներն ապացուցում են, որ խնդիրը գոյություն ունի և պահանջում է հատուկ ուշադրություն:

 

Լալա Ղազարյանը, խոսելով ակնկալվող արդյունքի մասին, նշեց, որ դրա նպատակն է հասնել Հայաստանում ընտանեկան բռնության  կանխարգելման և  ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության  և աջակցության տրամադրման հնարավորության ապահովման:

 

Հարևան երկրներից Վրաստանն արդեն մի քանի տարի է նման օրենք ունի, նման իրավական ակտ գործում է նաև Ադրբեջանում: «Մենք աշխատում ենք ունենալ այնպիսի օրենք, որը կունենա գործող մեխանիզմներ: Պետք է փորձենք այն տեղայնացնել: Ցանկացած օրենք, եթե չի տեղայնացվում, չի գործում: Դրա համար ուզում ենք առավելագույնս անենք, որպեսզի օրենքը ընդունվելուց հետո գործող դառնա: Կարծում եմ` մենք չենք ուշացել»,-ասաց վարչության պետը:

 

Նախատեսվում է, որ «Ընտանեկան բռնության մասին»  ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող նոր մոտեցումների արդյունքում ֆինանսական ծավալների փոփոխությունը կկատարվի բյուջետային գործընթացով նախատեսված` Միջնաժամկետ ծախսային ծրագրի կողմնորոշիչ չափաքանակների և տարեկան բյուջեով նախատեսվող միջոցների շրջանակներում:

 

Խորհրդատվական կենտրոնների/ապաստարանների ստեղծման համար  կպահանջվի.

2014 թվականին`  մեկ  կազմակերպության  համար` 45.642.3 հազ. դրամ,
2015  թվականին` երկու կազմակերպության համար` 91.248.6 հազ. դրամ,
2016 թվականին`  չորս կազմակերպություն`  182.497.2  հազ. դրամ:

 

Նշենք, որ  օրենքի նախագիծը կարգավորում է ընտանեկան բռնության հետ կապված հարաբերությունները, սահմանում է ընտանեկան բռնության հասկացությունը, ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող մարմինները և այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունները կանխարգելելու հատուկ միջոցների տեսակները, դրանք ընդունելու և կիրառելու հիմքերը, հատուկ միջոցների կիրառման ժամանակ ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնություն կատարելու համար պատասխանատվությունը:

 

Նախագիծը ոչ թե առանձնացնում է տուժողերի  հատուկ խումբ, այլ ընդարձակում է պաշտպանությունը ցանկացած այն անձի վրա, որը, բռնարարից հոգեբանական և/կամ տնտեսական կախման մեջ գտնվելու պատճառով դառնում է ֆիզիկական և հոգեբանական բռնության թիրախ: Նախագիծը գենդերային չեզոքություն է պահպանում և ուղղված է թէ` իգական, թէ` առական սեռի ներկայացուցիչների պաշտանությունը ապահովելու  համար: Նախագիծը պարունակում է հատուկ միջոցներ երեխաների և անգործունակ անձանց պաշտպանության համար: Այն ՀՀ ոստիկանությանը զինում է ընտանեկան բռնության ազդանշանների վաղ կանխարգելման միջոցներով և գործիքներով, ապահովելով տուժողի պաշտպանությունը և նվազեցնելով ընտանեկան բռնության քրեական դեպքերը: Դրանով օրենքի նախագիծը առավելություն է տալիս կանխարգելմանը պատժելու դեմ:

 

Օրենքով սահմանվում է կանխարգելող հատուկ մեխանիզմներ՝ պաշտոնեական նախազգուշացում, արտակարգ միջամտության և պաշտպանական որոշում: Սահմանվում է երբ և ինչպես այս պետք է իրականացվեն այս գործողությունները, երբ և ինչպես են բռնարարին պրոֆիլակտիկ հաշվառման վերցնում և հաշվառումից հանում։ Հատուկ մեխանիզմներ կարող են կիրառվել շարունակական բռնության դեպքում: Այս բոլոր մեխանիզմների կիրառումը և դադարեցումը սահմանվում են:

 Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 4117

Գլխավոր էջ