Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Save the Children կազմակերպության կողմից Հայստանում կատարված հետազոտության տվյալներով հանրային կարծիքը այս խնդրով բավականին հակասական է, ինչը հիմնականում տեղեկատվության պակասի արդյունք է:
Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, իսկ 200 միլիոն մարդ հաշմանդամության հետ կապված խնդիրների պատճառով զգալի դժվարությունների է հանդիպում տարբեր գործողություններ կատարելիս: Որպես կանոն, նրանք համեմատաբար ցածր մասնակցություն ունեն առողջապահական, կրթական ու տնտեսական բնագավառներում և առանձնանում են աղքատության ավելի բարձր ցուցանիշներով:
Հայաստանում 2011-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտոնապես գրանցված թիվը՝ 179,257 էր: Նրանց մեծամասնությունը բախվում է հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը: Դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների նկատմամբ մոտեցումը Հայաստանում հիմնված է «բժշկական մոդելի» վրա:
Այդ մոդելի շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է որպես հիվանդության հետևանք` փոխկապակցված կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակմամբ: Արդյունքում, սոցիալական աջակցության ծավալը որոշելիս հաշվի չեն առնվում անհատական գործոնները, ինչպիսիք են անձի մասնագիտական արողությունները, տարիքը, աշխատանքային փորձն ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը և այլն: Գործող համակարգի շրջանակներում հաշվի չեն առնվում նաև շրջակա միջավայրի գործոնները: Վերը նշված հանգամանքները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ բացահայտել հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները, ինչը հնարավոր է աշխարհում լայն կիրառվող «սոցիալական մոդելի» ներդրման միջոցով:
Վերապատրաստման և աշխատանքի բացակայության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց եկամտի հիմնական աղբյուրը կառավարության կողմից սահմանված կենսաթոշակն է, որն այս պահի դրությամբ (2012թ. սեպտեմբեր) կազմում է հիմնական կենսաթոշակի 100-140%-ը՝ կախված հաշմանդամության խմբից, այսինքն՝ 13000-18200 դրամ:
Ինչպես նշվում է «Իրացրու՛ քո աշխատանքի իրավունքը» կայքէջում, «նրանք սահմանափակ տեղեկատվություն ունեն իրենց իրավունքների մասին և վարում են խիստ ներփակ կյանք՝ մերժվելով հասարակության կողմից և, անգամ աշխատանք ունենալու դեպքում, հաճախ խտրականության ենթարկվելով աշխատավայրում»:
Նշված խնդիրները հաղթահարելու նպատակով Save the Children կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ 2012-2014 թ.թ. իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE – Livelihood Improvement tհrough Fostered Employment for People with Disabilities Program) ծրագիրը: Այն իրագործվում է մի շարք հաշմանդության խնդիրներով զբաղվող ՀԿ-ների, ինշպես նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության , այլ պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագիրը միտված է պետական ծառայողների կարողությունների բարձրացմանը, հմտությունների զարգացմանն ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը վերաբերող պետական քաղաքականության, համակարգերի, օրենքների, մեխանիզմների ամրագրմանը: LIFE ծրագիրը կօժանդակի «սոցիալական մոդելի» ընդունմանը, ըստ որի, հաշմանդամությունը դիտարկվում է որպես անձի ֆունկցիոնալ կարգավիճակի և իրավունքների փոխազդեցություն նրա ֆիզիկական, մշակութային և քաղաքական միջավայրի հետ:
Օրերս Save the Children կազմակերպությունը ներկայացրեց LIFE ծրագրի շրջանակներում կատարված «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային կարծիքի վերլուծության» արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» (ՔԶՀՀ) կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Ժողովրդագրության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Սթիվեն Բրագերը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը և LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:
Հետազոտության նպատակն է պարզել հանրության կարծիքը և վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց առջև ծառացած խնդիրների, մասնավորապես` նրանց զբաղվածության վերաբերյալ: Հետազոտության արդյունքները վկայում են հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների, հաշմանդամության տեսակների, հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին հանրային իրազեկության պակասի մասին:
Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել.
1. Հասարակության շրջանում տեղեկատվության պակաս կա հաշմանդամության տիպաբանության, հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների ու խոչընդոտների, նրանց անհրաժեշտ աջակցությունների մասին, աշխատանքի ընդունվելու և աշխատանքի ընթացքում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին:
2. Հանրությունը «դրական» վերաբերմունք է արտահայտում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և պատրաստ է օգնել նրանց, բայց դրա հետ մեկտեղ գոյություն ունի ընդհանրական կարծիք, որ լայն հանրության վերաբերմունքը «բացասական» է:
3. Հանրությունը «բացասական» վերաբերմունք ունի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և նրանց` աշխատաշուկայում ներգրավվածության նկատմամբ: Միաժամանակ, մարդիկ պատրաստ են աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ միասին՝ միևնույն աշխատավայրում, նշելով, որ նրանք պետք է որոշակի արտոնություններ ունենան աշխատավայրում:
4. Աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ըստ հասարակական կարծիքի, առկա է աշխատակիցների և՛ «դրական», և՛ «բացասական» վերաբերմունք: Սակայն հարկ է նշել, որ հանրությունը հիմնականում տեղեկատվության պակաս ունի աշխատավայրում նրանց նկատմամբ առկա վերաբերմունքի մասին:
5. Հանրությունն այն կարծիքին է, որ գործատուները հրաժարվում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց` վերջիններիս սահմանափակ կարողությունների պատճառով, թեպետ գործատուները նշում են, որ պատրաստ են աշխատանքի ընդունել նրանց: Ընդ որում, գործատուները տեղյակ չեն այդ անձանց զբաղվածությանն աջակցող պետական ծրագրերի մասին և տեղեկատվության կարիք ունեն:
Հետազոտության արդյունքում ընդգծվել է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է լայնածավալ իրազեկում հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամության տիպաբանության, ընդունելի հասկացությունների կիրառման վերաբերյալ: Սույն հետազոտության համատեքստում հույժ կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների, աշխատանքային ունակությունների վերաբերյալ կրթական միջոցառումներ անցկացնել թե՛ հանրության, թե՛ հատկապես գործատուների շրջանում: Տեղեկատվության տարածումն ու կրթական միջոցառումները կնպաստեն նաև հանրային վերաբերմունքի փոփոխությանը, ընդ որում, բացի հաշմանդամություն ունեցող անձի՝ «հիվանդ» կամ «սահմանափակ կարողություններով» մարդու կարծրատիպերից, հարկ է վերանայել նաև խղճահարության, կարեկցանքի, առանձին հիացմունքի առարկա լինելու վերաբերյալ պատկերացումները, որպեսզի հանրությունն ի վերջո հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկի որպես լիարժեք և հասարակության մեջ հավասար դիրք ունեցող անձի:
Ընդհանուր առմամբ՝ հետազոտության արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ անհրաժեշտ է լայնածավալ իրազեկում հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամության տիպաբանության, ընդունելի հասկացությունների կիրառման վերաբերյալ: Հույժ կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների, աշխատանքային ունակությունների վերաբերյալ կրթական միջոցառումներ անցկացնել թե՛ հանրության, թե՛ հատկապես գործատուների շրջանում: Տեղեկատվության տարածումն ու կրթական միջոցառումները կնպաստեն նաև հանրային վերաբերմունքի փոփոխությանը:
Ինչպես նշում է, LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան, բացի հաշմանդամություն ունեցող անձի՝ «հիվանդ» կամ «սահմանափակ կարողություններով» մարդու կարծրատիպերից, հարկ է վերանայել նաև խղճահարության, կարեկցանքի, առանձին հիացմունքի առարկա լինելու վերաբերյալ պատկերացումները, որպեսզի հանրությունն ի վերջո հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկի որպես լիարժեք և հասարակության մեջ հավասար դիրք ունեցող անձի:
Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ.
http://life-disability.am/Docs/Public%20Opinion%20Survey%20Report%20Arm.pdf
Դիտումների քանակը` 6220