Ստամբուլի կանայք զբոսաշրջիկի աչքերով
Ինչպես և ցանկացած մուսուլմանական երկրի դեպքում, Թուրքիա մեկնելուց առաջ էլ արդարացված մտավախություն կար, որ գուցե ականատես լինեմ նրան, թե ինչպես են այդ երկրում ապրում կանայք ու տարատեսակ խտրականությունների զոհ դառնում: Գնացի ու տեսա` Ստամբուլում օտարազգի կանայք ապրում են զօրուգիշեր աշխատելով. սպասարկման ոլորտում` հյուրանոցներում իբրև մաքրուհի, արագ սննդի կետերում որպես աման լվացող և այլն, Լալելի առևտրային թաղամասի վաճառակետերում կամ պարզապես վճարովի զուգարաններում, որոնցով չափազանց հարուստ է միաժամանակ Եվրոպայում եւ Ասիայում գտնվող այս քաղաքը:
Տեղացի` թուրք կանայք, նշվածս վայրերում չկան ու բացարձակապես չեն երևում: Միակ վայրը, որտեղ նրանց կարելի է հանդիպել, դա գորգագործության կենտրոններն են, որտեղ երիտասարդ աղջիկները գրավելով զբսաշրջիկների ուշադրությունը գորգ են գործում հենց սրահում կամ էլ հացի փռերում, որի կողքով նույնպես լուսանկարող զբոսաշրջիկները անտարբեր չեն անցնում:
Մեր հյուրանոցի մաքրուհին` վրացուհի Մանանան, արդեն տաս տարի է ապրում է Ստամբուլում ու հենց ինքը բացահայտեց` թուրք կանայք աշխատում են «պրեստիժ» վայրերում` բժիշկ են, ուսուցչուհի և կամ իրենց բազմթիվ մզկիթներում զբաղվում են հոգևորական ինչ-որ գործունեությամբ: Իսկ այսպես ասած «սև գործը» մնում է մյուսներին` վրացիներին, որոնք հիմա ավելի շատ գալիս են Ստամբուլ, քան մեկնում արտագնա աշխատանքի Ռուսաստան, քուրդ կանանց, որոնք եթե փողոցներում փող չեն մուրում, ապա նմանատիպ գործերի մեջ են, թեպետ գործատուները նրանց շատ չեն սիրում ու չեն վստահում` «համ ձեռքից են թույլ, համ բերանից» , ասում է Մանանան:
Նաև շատ են հայերը. «Հարևանուհիս է հայ, ամուսնու հետ էին եկել Հայաստանից, սակայն ամուսինն այդպես էլ գործ չգտավ ու թողնելով այդ իմաստով ավելի հաջողակ կնոջը Ստամբուլում վերադարձավ հայրենիք: Տարեց մի կնոջ է խնամում ու վատ էլ չի վարձատրվում` ամեն դեպքում ամուսինը Երևանում չի աշխատում, ինքն էլ գոհ է: Բայց մասնավոր աշխատանքն իր վատ կողմերն ունի` հայրը երբ մահացավ, նա նույնիսկ չկարողացավ թողնել գործատուին ու գնալ հայրենիք, քանի որ վերջինիս շուրջօրյա խնամք էր անհրաժեշտ… այդպես էլ հուղարկավորության չկարողացավ մանակցել, միայն այստեղի հայկական եկեղեցիում կարողացավ հոգեհանգստի արարողություն պատվիրել… ի՞նչ անես»,- պատմեց մի քանի օրերի ընթացքում մտերիմ դարձած Մանանան:
Ի դեպ, ավելի ուշ, հայկական եկեղեցու փնտրելիս, նույնպես դիմեցինք Մանանային և նա մեզ պատմեց, որ թուրք կանայք շատ են սիրում հայ կանանց հետ մտերմություն անել` մաքրասեր են, համեղ կերակուրներ են պատրաստում, ու շատ են նաև դեպքերը, երբ թուրք կանայք կիրակի օրերին իրենց ընկերուհիների հետ այցելում են հայկական եկեղեցի` պատարագ են լսում.
«Առաջին հարցը, որ հայերը տալիս են Ստամբուլ գալով` ինչպե՞ս են թուրքերը հայերի նկատմամբ: Շրջաններում չեմ կարող ասել ինչպես է, բայց այս քաղաքում հարցը ակտուալ չէ. Ստամբուլը իսկապես ինտերնացիոնալ քաղաք է ու ավելի հաճախ այստեղ կհանդիպես օտարների, քան թուրքերի»,- նկատեց Մանանան:
Նրա խոսքերի իսկությունը ապացուցվեց հենց նույն երեկո, երբ Բոսֆորով շրջագայելուց հետո նավը մեզ իջեցրեց մեզ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող արաբական մի բազառում, որը սկսում է գործել ամեն երեկո հենց ծովափնյա փողոցում, ժամը 22-ից հետո: Ինչ-որ մարդիկ ամեն ծակուծուկից դուրս էին գալիս մեծ ապրանքով լի տոպրակներով, օդի մեջ ճախրում էին գունավոր շալերը, եգիպտացի տղամարդիկ ժամացույցերով լի քեյսերով շրջում էին մարդկանց մեջ, արագ-արագ տեղավորում իրենց ապրանքը հատակին…
Գիշերային այս տոնավաճառի գկխավոր առանձնահատկությունը նրանում էր, որ վաճառողներն այստեղ բոլոր ազգերի ներկայացուցիչներ են` աֆրիկացիներ, աֆղանցիներ, քրդեր, ռուսներ և այլն: Ավելին` այստեղ անգամ մանկական աշխատուժն է կիրառվում:
Այսպես, մոտ 10-12 տարեկան աֆղանուհի Գյուլլաշտան (ինչպես պարզեցինք նշանակում է «վարդի ցողուն») այդ ուշ ժամին վաճառում էր աֆղանական ձեռագործ պայուսակներ ու դրամապանակներ: Իր խոսքով` նա վաղուց էր Ստամբուլում: Հաշվի առնելով նրա տարիքը այդ վաղուցը դժվար էր հասկանալ, առավել ևս, որ ոչ անգլերեն, ոչ ռուսերեն նա նորմալ չէր հաղորդակցվում: Ձեռագործ ապրանքը, որ վաճառում էր ուղղակի հատակին փռած կտորի վրա. իր մորաքրոջ ու տատիկի ձեռքի գործերն են: Նա մի կերպ բացատրեց, որ մայրը զոհվել է ու Ստամբուլում նա ապրում է հոր հետ, ով մի քանի «տաղավար» այն կողմ տղամարդու հագուստ էր վաճառում…
Հաջորդը հետաքրքրեց Մարոկկոյի «տաղավարը»` իր փայտա արդուզարդով, ինչպես նաև սևամորթ գեղեցկուհի-վաճառողուհիներով, ովքեր իրենց լուսանկարելու ու իրենց մասին որոշ տեղեկություն տրամադրելը համաձայնեցին միայն մեկ պայմանով, եթե իրենցից մի բան գնեմ. «Առաջինն ես, պիտի անպայման մի բան գնես, թե չէ օրս վատ կանցնի: Ադաթն է էդպիսին` առաջինը, ով գին հարցրեց, պիտի մի բան առնի, այլապես կարող ես հավաքվես ու գնաս տուն»,- համոզում էր նա ու ձևացնելով, թե իսկապես սնահավատ է… թեև գուցե հենց այդպես էլ կա:
Պահանջը կատարելով՝ իրավունք ստացան հարցնելու, թե որքան ժամանակ է նա իր երկրի ձեռագործ արդուզարդը Բոսֆորի ափերին վաճառում, կինը ձեռքի շարժում արեց, որը նշանակում էր` շա~տ վաղուց: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք չի հոգնում ամեն օր՝ գիշերը ուշ այդ գործունեությունը ծավալել, մեր զրուցակիցն ասաց, որ այս ժամը իր համար ուշ չէ. «Մարոկկոյում սա ամենևին էլ ուշ ժամ չէ, օրինակ մեր հասանեկան արարողություններն էլ գիշերն են տեղի ունենում` ժամը տասի կողմերը հյուրերը նոր ժամանում են հարսանիքի: Այնպես որ ես ինձ զգում եմ ինչպես ձուկը Բոսֆորում»,- շրջվելով դեպի Բոսֆորը ասաց նա ու գործընկերուհու հետ սկսեցին երգել իրենց լեզվով ինչ-որ երգ, որը, պարզվեց, հարսանեկան արարողության ավանդական երգերից էր:
Ավելորդ է ասել, որ բազառը ուղղակի լեցուն էր գունեղ շալերով: Ի դեպ, Ստամբուլում քիչ կարելի է հանդիպել սև շորերով, ոտքից գլուխ փաթաթված հիջաբներով կանանց, իսկ եթե հանդիպում ես, ապա գործ ունես կամ քրդերի, կամ ազգայնականների հետ:
Սակայն թրքուհիները չեն հրաժարվում գլխաշորից, ինչն էլ, թերևս, հասկանալի է` ընտրված գունեղ գլխաշորը ուղղակի անփոխարինելի աքսեսուար է ու ճիշտ ընտրության դեպքում նաև գեղեցկությունը ընդգծող , նորաձև պարագա:
Հետաքրքիրն այն է, որ, ինչպես արդեն նշեցինք, Ստամբուլում զբոսաշրջիկներին ծառայություն մատուցող բոլոր վայրերը զուրկ են կին աշխատողներից: Ու անգամ կանանց արտադրանքը` խմորեղեն, թուրքական սիմիթ բուլկին ու նույնիսկ տարբեր տեսակի թթուն փողոցում վցաճառում են տղամարդիկ: Այնպես որ զուտ զբոսաշրջիկի հայացքով կարելի է ասել, որ Ստամբուլը այս առումով «man’s world» է…
Էնզելա Մակարյան
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտումների քանակը` 3591