Հղիության արհեստական ընդհատում` կառավարությունը շտկում է գործելակարգերը / վիդեո

Այս շաբաթ ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին»  որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով հղիության արհեստական ընդհատումը սահմանվում է որպես բժշկական միջամտություն և ամրագրվում են դրա վիրաբուժական և դեղորայքային տարատեսակները։ Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներին համահունչ հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման բժշկական գործելակարգերը։

 

«Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ արված փոփոխությունները  բխում են  «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներից և այդ ոլորտում առկա միջազգային նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունից:

 

Ըստ որոշման ` հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական հղիության դեպքում կիրականցվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ճանապարհով:

 

Մինչև 22 շաբաթական ժամկետը բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը իրականացվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ:

Մերի Մարգարյան

 

 

 Թվեր եւ փաստեր

 

Հարցվողների մեկ երրորդը երեբևէ կատարել է հղիության արհեստական ընդհատում:

Այդ կանանց 64%-ը կատարել է երկու և ավելի, իսկ 17%-ը` չորս և ավելի հղիության արհեստական ընդհատում: Դրա մասին են վկայում 2010 –ին անցկացված Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, ըստ որի նախորդող երեք տարվա ընթացքում բոլոր հղիությունների 63 %- ը  ավարտվել է կենդանի ծնունդով, իսկ 29 %-ը` աբորտով: Հետազոտության ընթացքում հարցումներ ն իրականացվել ավելի քան 7 000 տնային տնտեսություններում, որոնցում ընդգրկվել են 15-49 տարեկան 5 922 կանայք:

 

 

Աբորտների հաճախականությունն աճում է տարիքին և երեխաների թվաքանակին զուգահեռ: Երեխա ունեցող կանանց 17 տոկոսը երբեք չի դիմել աբորտի: Այնինչ, երկու և ավելի երեխա ունեցող կանանց կեսից ավելին կատարել է հղիության արհեստական ընդհատում:

 

 

Աբորտով ավարտված հղիությունների շուրջ կեսի պարագայում կանայք օգտագործելիս են եղել հակաբեղմանվորման մեթոդներ, իսկ ավանդական մեթոդների ձախողումը գրեթե ավելի հաճախ է հանգեցրել է անցանկալի հղիության:

 

 

Կատարված աբորտների 39 տոկոսի պատճառը կնոջ ցանկությունն է այլևս երեխա չունենալ, սոցիալ տնտեսական խնդիրները` 15 տոկոս, հաջորդ երեխայի ծնունդը հետաձգելու ցանկությունը` ևս 15 տոկոս:

 

 

Դրա հետ մեկտեղ վերջին տասը տարիների ընթացքում հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը Հայաստանում եռակի նվազել է :  Մասնավորապես, 2005-ին աբորտով էին ավարտվում հղիությունների 45 տոկոսը:

 

2000 թվականին կատարված հետազոտության արդյունքում հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը եղել` 2.8, 2005-ին 1.8, 2010-ին 0.8:

 

 

Տեսահոլովակը՝  CIVILNET TV   http://civilnet.am/

 

Դիտումների քանակը` 7371

Գլխավոր էջ