Ռուզաննա Ղազարյան. «Հասարակությունը պատրաստ է վստահել կանանց»:

Վայոց Ձորում ավագանու թեկնածու առաջադրված 21 կանանցից 18-ն ընտրվել է

 

Ռուզաննա Ղազարյանը՝ Վայք քաղաքում գործող «Աշխատանք եւ հայրենիք» հասարակական կազմակերպության նախագահն է:  Անդրադառնալով անցկացված ՏԻՄ ընտրություններին կանանց ներգրավվածությանը,  հատկապես ավագանու անդամներ ընտրվելու  փատին,  համարում է  այն հեղափոխություն:  «Գրեթե բոլոր համայնքներում կային ավագանու անդամության կին թեկնածուներ: Մարզում առաջադրվել էր ավագանու 21 կին թեկնածու, նրանցից 18-ը ընտրվել են. այսինքն, մոտավորապես 90 տոկոսանոց արդյունք է գրանցվել: Սա իհարկե մեծ արդյունք է: Այսինքն, հասարակությունը պատրաստ է վստահել կին ավագանու թեկնածուներին, նա արդեն ընկալում է կին առաջնորդներին եւ նրանց ձայն տալիս: Կանայք հասել են հասունության այն աստիճանին, որ վերցնում են այդ պատասխանատու հանձնառությունն ու հասարակությունն էլ դրական է արձագանքում: Այս փոխադարձ կապը, իրար ընդառաջ գնալը, վստահության ձեւավորումը շատ կարեւոր է», -ասում է նա, միաժամանկա նշելով, որ, ցավոք, կին գյուղապետեր քիչ էին առաջադրված, քաղաքապետեր ընդհանրապես չկային:

 

Գյուղապետի երկու թեկնածու ունեինք, սակայն երկուսն էլ չընտրվեցին:  Ղազարյանի կարծիքով,  գյուղապետի մակարդակի համար դեռեւս կանայք պետք է հասունանան, աշխատեն, վստահություն ձեռք բերեն: Հանրային քննարկումների մշակույթը հնարավորություն կտա, որ լիդեր կանայք ի հայտ գան.

 

«Որտե՞ղ պետք է պոտենցիալ ունեցող կինը ներկայանա: Պետք է միջավայր ստեղծվի, որպեսզի կինն իրեն դրսեւորի, որպեսզի բնակիչներն էլ տեսնեն, որ նա լիդեր է եւ կարող է դառնալ ավագանու անդամ, իսկ հետո, ինչո՞ւ ոչ, նաեւ գյուղապետ: Ավագանին դա սկիզբն է, հանրային քննարկումներն էլ այն միջավայրն է, որտեղ կանայք պետք է դրսեւորվեն, հանրությունը նրանց տեսնի, գնահատի եւ նրանք կարողանան հաստատվել»:

 

Կանանց  ակտիվացման գործում իր լուման ունի նաեւ Ռուզան Ղազարյանի ղեկավարած  «Աշխատանք եւ հայրենիք» հասարակական կազմակերպությունը:  Արդեն տասնմեկ տարի ակտիվ գործունեություն ծավալող այդ կազմակերպության օրակարգային խնդիրներն են մարզի համայնքային կյանքի բարելավումը, համայնքներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, տուրիզմի զարգացման հիմնախնդիրները, գործազուրկների ակտիվացումն ու երիտասարդության ներգրավվածությունը համայնքային խնդիրների լուծմանը: Նրա  խոսքով, համայնքային կյանքի զարգացման բոլոր ծրագրերում կանանց ներգրավվածությունը մեծ է, ակտիվությունը` բարձր:

 

Ռուզաննա Ղազարյանը պատմում է, որ  խնդիրներից շատերի  լուծման բանալին փորձում են գտնել նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: «Երկար տարիներ համագործակցում ենք «Օքսֆամ»-ի հետ, հատկապես գյուղական համայնքների աղքատության հաղթահարման ծրագրի շրջանակներում իրականացնում են «Կայուն կենսաապահովման» ծրագիրը, որը շատ արդյունավետ է եւ արդեն տալիս է իր արդյունքները:  Գերմանական կազմակերպությունների հետ համագործակցում ենք փոքր եւ միջին բիզնեսների կայացման վերաբերյալ, իրականացնում ենք հետազոտություններ, ՄԱԿ-ի հետ համագործակցությունն էլ շատ ակտիվ է: Արդյունքները հատկապես նկատելի են գյուղական համայնքներում, քանի որ ստեղծվել են գյուղական կոոպերատիվներ,  որոնք ավելի են աշխուժացնում գյուղերում կյանքը: Խթանում ենք տուրիզմը որպես գյուղական համայնքների զարգացման կարեւորագույն ծրագիր»,- ասում է նա`հավելելով, որ հատկապես խրախուսվում է ագրո, էկո եւ խոհանոցային տուրիզմը,ինչը գյուղացիների համար այլընտրանքային եկամտի աղբյուր կարող է հանդիսանալ:

 

«Տուրիզմը հատկապես մեր մարզի համար շատ հեռանկարային ոլորտ է, որովհետև մենք ունենք տուրիզմի զարգացման շատ լավ ռեսուրսներ: Գյուղացիները, բացի գյուղատնտեսական աշխատանքներից, կարող են ունենալ նոր, հետաքրքիր ու շահավետ աշխատանք, որը կլինի մեծ եկամտի աղբյուր»,- ասում է « Ռուզաննա Ղազարյանը:  «Օքսֆամ»-ի   աջակցությամբ  կատարվում է գյուղացիների կարողությունների զարգացում, հատկապես կարևորվում է հյուրընկալությունը, օգնություն են ցույց տալիս, թե ինչպես իրենց համայնքը դարձնեն գրավիչ, բարելավեն սանիտարական վիճակն ու ճանապարհները, պատմական հուշարձաններ տանող արահետները:

 

Ծրագրի շրջանակներում անցյալ տարի լույս է տեսել «Վայոց ձոր» տուրիստական տեղեկատվական գիրք-ուղեցույցը, որն էլ զբոսաշրջիկներին հնարավորություն կտա ավելի արագ ու հեշտ կողմնորոշվելու տարածքում: Ի դեպ, «Գելափ» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ զբոսաշրջիկների 95 տոկոսին հետաքրքրում է տվյալ երկրի խոհանոցը: «Այդ հարցում նույնպես քայլեր ձեռնարկեցինք, և այժմ հրատարակության փուլում է  «Վայոց ձորի ավանդական խոհանոց» գիրքը: Առհասարակ ագրո- և էկոտուրիզմը իսկապես հեռանկար է բացում գյուղական համայնքների զարգացման համար»,- փաստեց ՀԿ նախագահը , ընդգծելով, որ  իրենց  ծրագրերի ակտիվ կազմակերպիչների եւ իրականացնողների մեծամասնությունը կանայք են:

 

«Տարբեր գյուղերում մինչեւ 37 հոգանոց կանանց կոոպերատիվներ ունենք: Որպես հաջողված օրինակ կարող եմ բերել մեր մարզի Գոմք փախստականներով բնակեցված գյուղը, որտեղ ավագանու հինգ անդամներից 3-ը ընտրվեցին հենց կոոպերատիվի կանայք: Այսինքն, այդ կոոպերատիվները կարողացան բարձրացնել իրենց դերը համայնքում, կանանց ինքնագնահատականն էլ բարձացավ  եւ նրանք առանց վարանելու առաջադրվեցին եւ ընտրվեցին ավագանու անդամներ»:

 

 

Ավագանու գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար  «Աշխատանք եւ հայրենիք» հասարակական կազմակերպությունում նոր մարտավարություն են մշակել. համայնքներում ծրագրերը պետք է քննարկեն նաեւ բնակիչները:

 

«Որքան էլ զարմանալի է, սակայն հաճախ քառամյա ծրագրերը չեն արտացոլում այն խնդիրները, իրական մտահոգությունները, որոնք հանդիպումների ժամանակ նշում են բնակիչները: Սովորաբար ՏԻՄ-երի կազմած պլաններում հիմնականում ընդգրկված են լինում մեծամասշտաբ գործեր` դպրոցի ջեռուցում կամ վերանորոգում, փողոցների ասֆալտապատում եւ այդ ծրագրերը ֆինանսավորում չգտնելով, երբեմն քառամյակից քառամյակ են տեղափոխվում եւ այդպես էլ չեն իրականանում: Մինչդեռ համայնքներում բնակիչներին հուզող բազմաթիվ հարցեր կան, որոնք առանձնապես մեծ ծախսեր չեն պահանջում, լուծումներն իրատեսական են եւ հնարավոր է մտցնել ծրագրերի մեջ, տեսանելի դարձնել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել այն լուծելու համար: Չկա այդ մշակույթը, որ խնդիրները քննարկվեն ժողովրդի հետ»,- ասում է Ռուզաննա Ղազարյանը` հավելելով, որ կամ քառամյա պլանները պետք է կազմվեն ավագանի-բնակիչ քննարկումների արդյունքում, կամ արդեն մշակված ծրագրերը ներկայացվեն հանրային քննարկման:

 

ՀԿ- ղեկավարը հավելում է, որ հասարակությունը պետք է իմանա, թե  ի՞նչ պլաններ են կազմվում եւ իր ընտրած ավագանու անդամն ինչ գործունեություն է ծավալում: Տիկին Ղազարյանը համոզված է, որ այս մշակույթը պետք է ներդնել բոլոր համայնքներում եւ ընթացակարգն օրենքով ամրագրել. դա ոչ միայն կնպաստի հանրության իրազեկման բարձրացմանը, այլեւ առավել կբարձրացնի ավագանու դերը:

 

 

Հասմիկ  Հարությունյան

Վայք-Երեւան

Դիտումների քանակը` 5334

Գլխավոր էջ