Լյուդմիլա Պետրովա. «Կինը և մեծ խնդիրներն է տեսնում, և նրանք, որ տղամարդկանց աննշան են թվում»…
Լյուդմիլա Պետրովան Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար է 2004թ-ից: Համոզված է` կնոջ ղեկավար պաշտոնում լինելը նշանակում է հետագայում տեսնել սերունդների բարեկեցությունը գեցեցիկ ու բարգավաճ համայնքում.
«Նախքան համայնքի ղեկավար ընտրվելը աշխատում է գյուղապետարանում` աշխատակազմի քարտուղարն էի և մեր տղամարդ համայնքի ղեկավարի անտարբերությունը համայնքի հիմնախնդիրների ու հատկապես համայնքի բնակիչների նկատմամբ այնքան ցավոտ էր ինձ համար: Ամեն օր տեսնում էի, որ, օրինակ, մի հասարակ տեղեկանքի համար բնակիչը կարող էր տաս անգամ գալ- գնալ… ու երևի թե հենց այդ ամենը տեսնելուց էլ իմ մոտ ցանկություն առաջացավ փորձել ուժերս ու մի բան փոխել», – WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Լ.Պետրովան:
Սակայն ընտրապայքարը ու նաև դրան հաջորդած զարգացումները հարթ անվանել չի կարող: Համայնքի ղեկավարը այնքան վատ էր ընդունել իր առաջադրման փաստը, որ նույնիսկ դժվարանում էր թաքցնել իր վերաբերմունքը, իսկ քանի որ աշխատում էին նույն հիմնարկում` այդ ամենը ստիպված էր ամեն օր զգալ: Բայց, ասում է, կարևորը համագյուղացիները լավ ընդունեցին առաջադրումն ու ընտրություններն էլ հաղթանակ բերեցին: Դե իսկ ընտրություններից հետո, ինչպես ասում են, սկսվեց իսկական կինոն.
«Երբ պաշտոնապես հայտարարվեց իմ հաղթանակի մասին, արդեն նախկին գյուղապետը դիմեց դատարան, թե ընտրությունները պատշաճ չեն անցել, ընտրակեղծիքներ են եղել (Է.Մ.- ժպտում է), բայց դատարանը հայցը նույնիսկ վարույթ չընդունեց… նույնիսկ ծիծաղելի էր այդ մեղադրանքը»,- պատմեց նա:
Ի դեպ, այդ ընտրություններում նա միակ կինն էր, ով պայքարում էր երեք տղամարդու դեմ: Ու դրանից հետո էլ երկու անգամ արդեն վերընտրվել է, բայց էլ երբեք տղամարդկանց խտրական վերաբերմունքի չի արժանացել… Թեև կոլեկտիվում էլ, որը ղեկավարում է, 12 աշխատակցից միայն 3-ն են տղամարդ.
«Կինն ավելի սրտացավ է, օրինակ իմ աշխատակազմի ղեկավարն այսօր այնպիսին է, ինչպիսին ես եմ եղել այդ պաշտոնում` սրտացավ, բնակչին օգնելու պատրաստակամ: Կանանց թվի գերազանցումը սակայն չի նշանակում, որ ես խտրական վերաբերմունք ունեմ, բոլորովին: Որպես ապացույց էլ նշեմ, որ իմ տեղակալը տղամարդ է, ավելին` ընտրություններում իմ մրցակից թեկնածուի թիմից էր, բայց քանի որ լավ մասնագետ է, խելացի ու բանիմաց, ընտրվելուց հետո անմիջապես առաջարկեցի այդ պաշտոնը»,- նշեց Վերին Դվինի գյուղապետը:
Գուցե տղամարդկանց պակասը Վերին Դվինի գյուղապետարանում պայմանավորված է նաև նրանով, որ գյուղը, որի բնակչությունը 2700 է, շատ է խեղճանում աշխատատեղերի պակասից, որի արդյունքում էլ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը միշտ եղել է բարձր ու հիմա էլ այդ բարձր ցուցանիշը պահպանվում է: Լ.Պետրովայի խոսքով, նաև այդ պատճառով էլ է նաև, որ գյուղը որոշակի առումով կարելի է ռուսալեզու անվանել, իսկ քանի որ ռուսաց լեզվի ուսուցանումը բարձր մակարդակի վրա է` երբեմն երիտասարդները մեկնում են սովորելու ու այլևս հայրենիք չեն վերադառնում:
«Կինն անպայման պետք է լինի քաղաքականության մեջ, քանզի կնոջ մոտեցումը բոլորովին այլ է` կինը և մեծ խնդիրներն է տեսնում, և նրանք, որ թվում է աննշան են ու տղամարդիկ գուցե և չեն նկատի: Հաշվապահս է ինձ շատ անգամ ասում է, որ գյուղի բյուջեն այնպես եմ տնտեսում, ինչպես ընտանեկան բյուջեն.. այնպես որ կնոջ դերը իսկապես շատ կարևոր է, առավել ևս փոքր համայնքներում, որոնց խնդիրները շատ են, բյուջեն փոքր և պետք է գլուխ հանես որտեղից ինչ տնտեսես, որ առկա հարցերից մեկն էլ փակես»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը ու հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք պատրաստ է չորրորդ անգամ ևս առաջադրվել պատասխանեց. «Այո. Եթե բնակիչները դա ցանկանան ու ինձ նորից աջակցեն, ապա անպայման կառաջադրվեմ նորից»:
Արարատի մարզի Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովայի հետ մեր զրույցը կայացավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող, ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործընկերությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակում Արտաշատում կազմակերպված «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» կլոր սեղանի ժամանակ, որը վարում էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Նշենք, որ Արարատի մարզը վերջին ՏԻՄ ընտրություններում առաջադրված կանանց կանանց 75 տոկոսն ընտրվել է, իսկ բացի այդ, ինչպես նշվեց կլոր սեղանի ժամանակ, բացառությամբ մի քանի դեպքերի ` բոլոր կանայք ընտրվել են ձայների մեծամասնությամբ:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 5066