Սյունիքում կանայք առավել հաջողության են հասել ՏԻՄ-ընտրություններում:

Կանանց թիվը ավագանիների կազմում Սյունիքում ամենամեծն է – 17,4 տոկոս, այն դեպքում երբ ողջ հանրապետության կտրվածքով կանայք ավագանիներում՝ ընդամենը 8,3 տոկոս են :

 

Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններին համեմատաբար  մեծ թվով կանայք են  մասնակցել. մարզում համայնքի ղեկավարի թեկնածություն է առաջադրել 21 կին (  11%) , իսկ ավագանու անդամության կին թեկնածուների թիվը 125 էր( 17,5%): Համեմատության համար նշենք, որ  ողջ հանրապետության կտրվածքով՝ համայնքի  ղեկավարի պաշտոնին հավակնողներից  կանանց թիվը  5-տոկոսից չի անցել, իսկ ավագանի անդամության թեկնածուներից կանայք 10 տոկոս են կազմել:

 

Համայնքի ղեկավար առաջադրված 21 կանանցից ընտրությունները հաջողությամբ ավարտվեցին  միայն 3 կանանց համար՝ Հացավան, Շրվենանց, Քարահունջ գյուղերում վերընտրվեցին գործող գյուղապետեր ՝  Մարգարյան Շուշանը , Մանուկյան ԱրմինենԱվետյան Լուսինեն: Իսկ ավագանի անդամ առաջադրված 120  թեկնածուներից ընտրվել են 86-ը:

Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին կայացած  ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝

Արարատում ընտրված 614 ավագանու անդամից` 37-ը կին են;

Արմավիրում` 649-ից` 57-ը կին են;

Լոռիում` 574-ից` 72 կին են;

Շիրակում` 574-ից` 43-ը կին են;

Արագածոտնում ՝ 458-ից՝ 19 կին են;

Գեղարքունիքում 385-ից՝  միայն 8-ը կին են;

Կոտայքում՝ 468-ից՝ 36-ը;

Վայոց ձորում՝ 213—ից՝ 10-ը;

Տավուշում՝ 302-ից 28-ն են կին;

Սյունիքում` 494-ից` 86-ը կին են;

 

 

Այսպիսով Սյունիքը  առաջատար է ավագանիների կազմում  կանանց ներկայացվածության առումով: Ընդ որում ավանդաբար, քանի որ գրեթե նույն պատկերն էր ստացվել անցած ընտրությունների արդյունքներով: Սակայն խոսքը միայն գյուղական ավագանիների մասին է, քաղաքների դեպքում թեպետ առաջընթաց արձանագրվել է, բայց աննշան: Կարեւորը՝ սայլը տեղից շարժվել է, քանի որ անցած ընտրություններում Սյունիքի քաղաքային ավագանիներում ոչ մի կին չի եղել:

 

 

Ինչպես հաղորդում է մեր գործընկեր Իրինա Յոլյանը Գորիսից, թիվ 37 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գորիսի և Սիսիանի տարածաշրջանները, կին թեկնածուների հաջողության գործակիցը բավականին բարձր է եղել:  Այստեղ է, որ ընտրություններին մասնակցած համայնքի ղեկավարի  7 կին թեկնածուներց 2-ը վերընտրվել են: Ավագանու անդամության 42 կին թեկնածուներից ընտրվել են 33-ը, որոնցից 19-ը Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մնացածը` Գորիսում եւ կից համայնքներում:

 

 

Կին թեկնածուների քաղաքական ակտիվությունը այս ընտրատարածքում  պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տարածաշրջանում գործող կազմակերպություններն աջակցել են կանանց` տարբեր նախաձեռնություններ իրականացնելով: Մասնավորապես` Գորիսի Կանանց  զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամը , Կանանց  քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում   ծրագրի շրջանակներում, Սյունիքի մարզի Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի հետ համատեղ աջակցել են Գորիս,  Խնածախ,Հալիձոր, Քարահունջ համայնքներում առաջադրված կին թեկնածուներին: Ծրագիրը իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

 

 

Նրանց մասին պատրաստվել են տեսանյութեր, քաղաքական գովազդներ, որոնք հեռարձակվել են տեղական և մարզային հեռուստաընկերություններով, բոլոր տեսանյութերն ու կանաց մասին պատմող այլ հոդվածներ տեղադրվել են նաև Womennet.am  կայքում: Բոլոր այն կանայք , որոնց մասին պատրաստվել են տարբեր տեղեկատվական նյութեր ու տարածվել տեղեկատվական հարթակներում, ընտրվել են:   Թերեւս այս փաստը  անուղղակիորեն ապացուցում է, որ կանայք ՏԻՄ ընտրություններում գերխոչընդոտները հաղթահարելու խնդիր ունեն եւ լրացուցիչ աջակցություն ստանալու դեպքում,  լինի դա  բարոյական կամ տեղեկատվական,  հասնում են հաջողության:

 

 

Դիտումների քանակը` 4806

Գլխավոր էջ