ՄԱԲՀ՝ վերջ դնել երեխաների ամուսնությանը
142 ՄԻԼԻՈՆ ԱՂՋԻԿՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆԸ …
Չնայած այդ երևույթը նվազեցնելու ջանքերին երեխաների ամուսնության հաճախականությունը
վերջին տասնամյակում մնացել է նույնը
Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, առաջիկա տասնամյակում մանկահասակ աղջիկների ամուսնությունների թիվը կարող է կտրուկ աճել՝ նշվում է «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրված զեկույցում, որը հրապարակվեց ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից այսօր՝ Աղջիկ երեխայի անդրանիկ միջազգային օրը: Զեկույցում նշվում է նաև, որ չնայած երևույթը կանխելուն ուղղված օրենսդրության առկայությանը, վերջին տասնամյակում զարգացող երկրներում երեխաների ամուսնության տարածվածությունը մնացել է հիմնականում անփոփոխ:
«Մանուկ հասակում ամուսնացնելու սոցիալական, մշակութային կամ կրոնական որևէ հիմնավորում չի կարող արդարացնել այն վնասը, որ այդ ամուսնությունները պատճառում են երիտասարդ աղջիկներին ու նրանց ներուժին», – նշում է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն, դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: «Աղջիկը պետք է իրավունք ունենա ընտրելու, թե ում հետ և երբ ամուսնա: Քանի որ կան բազմաթիվ ծնողներ ու համայնքներ, որ նույնպես լավագույնն են ցանկանում իրենց դուստրերին, ապա մենք պետք է միասին աշխատենք երեխաների ամուսնությանը վերջ դնելու համար: Դա միակ ուղին է, որով մենք կարող ենք կանխել երեխաների ամուսնությունը, որն այլապես վերածվում է մարդկային ողբերգության»:
2010 թ.-ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010 թ.-ին զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչև 18-րդ տարեդարձը: Այդ մանկահասակ ամուսնությունների կեսը տեղ էր գտել Ասիայում, իսկ ևս մեկ հինգերորդը՝ Ենթասահարային Աֆրիկայում: Ինչևէ, այս երևույթը լայնորեն տարածված է նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի մի շարք համայնքներում:
Գրանցվել է նաև առաջընթաց, և, ըստ զեկույցի, մանուկների ամուսնությունները նվազել են մի շարք զարգացող երկրներում՝ ներառյալ Հայաստանը, Բոլիվիան, Եթովպիան և Նեպալը, ի թիվս այլ երկրների:
«Երեխաների ամուսնությունը մարդու իրավունքների մի սարսափելի ոտնահարում է և աղջիկներից խլում է նրանց կրթությունը, առողջությունն ու երկարաժամկետ հեռանկարները», – ասում է դոկտոր Օսոտիմեհինը: «Ամուսնությունն աղջիկների դեպքում կարող է բերել հղիությանն առնչվող և ծննդաբերական բարդությունների, որոնք զարգացող երկրներում հանդիսանում են 15-ից 19 տարեկան աղջիկների մահացության հիմնական պատճառները»:
«Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» զեկույցի համաձայն, աղքատ, քիչ կրթված կամ ընդհանրապես կրթություն չունեցող և գյուղական վայրերում բնակվող աղջիկներն առավել հավանական է, որ ամուսնանան մանուկ հասակում: Զարգացող աշխարհի գյուղական վայրերում բնակվող աղջիկների համար մինչև 18 տարեկանն ամուսնանալու հավանականությունը կրկնակի մեծ է քաղաքաբնակ աղջիկների համեմատությամբ, իսկ կրթություն չունեցող աղջիկների պարագայում այդ հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, քան միջնակարգ և բարձրագույն կրթությամբ աղջիկների դեպքում: Աղջիկների խոցելիությունը մանուկ հասակում ամուսնանալու առումով էականորեն աճում է հումանիտար ճգնաժամերի ժամանակ:
«Երբ ես 14 տարեկան էի, ինձ ճնշում էին, որ ամուսնանամ, բայց ես գիտեի, որ դա լավ չէ իմ առողջության ու ապագայի համար: Մեր գյուղի այն աղջիկները, որ շուտ էին ամուսնացել, դադարել էին դպրոց գնալ, իսկ ոմանք նույնիսկ մահացել էին ծննդաբերության ժամանակ», – ասում է Սալամատու Ագհալի Իսուդան, նիգերցի մի երիտասարդ կին, ով կարողացել էր համոզել ծնողներին հետաձգել իր ամուսնությունը: «Ուզում էի մնալ դպրոցում ու դառնալ մանկաբարձուհի»:
Զեկույցը կոչ է անում կառավարություններին և ղեկավարներին վերջ դնել երեխաների ամուսնությանը:
Նշենք, որ բոլորովին վերջերս Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություն արվեց, ըստ որի և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար սահմանվեց է միևնույն ամուսնական տարիքը ` մինչև տասնութ տարեկան ( մինչ այդ սահմանված ր ամուսնական տարիքը կանանց համար` տասնյոթ էր, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան )։
Դիտումների քանակը` 6504