«Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարեցներին չեն սիրւմ այնպես, ինչպես…»/ վիդեո
Հետաքրքիր աշխատանք, նոր ծանոթություններ, նույնիսկ նոր սեր: Եվ այս ամենը 70-ն անց տարիքում: Իհարկե ֆիլմերում: Սակայն իրական կյանքում ևս շատ թոշակառուներ հասկանում են, որ անձնագրում նշված թվերը չեն փաստում կյանքի ավարտի մասին: Բոլոր արգելքները և սահմանափակումները հիմնականում իրենց գլխում են: Եվ եթե կարելի է 70 տարեկանում թռչել օդապարիկով, ապա ինչու չսկսել նոր կյանք:
«40 տարեկանում կյանքը նոր է սկսվում»- այս հանրահայտ արտահայտությունը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմից 80-ականների համար գրեթե հեղափոխական բնույթ էր կրում: Ենթադրվում էր, որ այդ տարիքի կանայք արդեն պետք է մտածեին թոշակի և թոռնիկների մասին և ոչ մի դեպքում անձնական կյանքը դասավորելու մասին: Ոչ սովետական, ոչ էլ հետխորհրդային կինոգործիչները առանձնապես չէին փորձում պարզել, թե ինչպիսին է կյանքը 50-ից , 60-ից կամ 70-ից հետո:
Իսկ ահա բրիտանացիները վերջերս նկարեցին չափազանց դրական, բայց միաժամանակ տարեցների խնդիրները բացահայտող մի ֆիլմ՝ «Մերիգոլդ հյուրանոց. լավագույնը էկզոտիկներից»: Այն պատմում է թե ինչպես մի քանի առույգ բրիտանացի թոշակառուներ փորձում են նոր կյանք սկսել Հնդկաստանում: Նրանց այդքան հեռուն է տարել ոչ թե մոդայիկ դաունշիֆթինգը կամ էկզոտիկայի ծարավը, այլ հասարակ խնայողությունը: Միայն թոշակով ապրելը, նույնիսկ անգլիականի դեպքում, Մեծ Բրիտանիայում շատ թանկ է: Իմիջիայլոց, ֆիլմից պարզ է դառնում, որ Հնդկաստանում շատ շահավետ և հեռանկարային բիզնես է համարվում տարեցների համար սոցիալական պանսիոնատների բացումը, որտեղ նրանք կարող են շատ քիչ գումարներով ապրել մնացյալ կյանքը: Ինչպես գլխավոր հերոսն է ասում, աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարեցներին չեն սիորւմ այնպես, ինչպես Անգլիայում… Եվ դա անհերքելի փաստ է: Մյուս կողմից աշխարհում շատանում են այն երկրները, որտեղ տարեց մարդկանց թիվը գերազանցում է երեխաների թվաքանակին:
ՄԱԿ-ի տվյալներով, տարեցների թիվը աննախադեպ է աճում…
Ըստ ՄԱԿ-ի` բնակչության հիմնադրամի նոր զեկույցի, որը լույս է տեսել վերջերս Տարեցների Միջազգային օրվա (նշվում է հոկտեմբերի 1-ին) առիթով, տարեցների թիվն աճում է ավելի արագ, քան որևէ այլ տարիքային խումբ: Առաջիկա 10 տարիների ընթացքում ավագ սերնդի թիվը կհասնի մեկ միլիարդի, աՃելով 200 մլն.: Իսկ հարյուրամյակի կեսերին թոշակառուների թվաքանակը կգերզանցի երեխաների և 15 տարեկանից փոքր դեռահասների թիվը: Ընդ որում, տարեցների 80 % ապրելու է զարգացող երկրներում: Փորձագետները կոչ են անում կառավարություններին նախապես մտածել, թե ինչպես պետք է պայքարեն իրենց բնակչության արագ ծերացման սոցիալ-տնտեսական հետևանքների դեմ:
Ըստ հետազոտության հեղինակների կենսաթոշակային տարիքի տղամարդկանց 47% և կանանց 24 % շարունակում են ակտիվորեն մասնակցել հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին: Միևնույն ժամանակ շատ տարեցներ տարբեր երկրներում բախվում են խտրականության, դաժանության և բռնության հետ: ՄԱԿ-ում կոչ են անում լիովին օգտագործել ավագ սերնդի ներուժը և ստեղծել ակտիվ և արժանավայել ծերացման պայմաններ:
Եթե ՄԱԿ-ի չափանիշներով՝ ծերացող է համարվում այն հասարակությունը, որում 65 և ավելի մարդկանց թիվը գերազանցում է 7%-ը, ապա Հայաստանում բնակչության այս կատերագորիան կազմում է 11,5%: «60-նն անց մարդկանց թիվը 2050թ-ին գրեթե կրկնապատկվելու է՝ 469 000-ից հասնելով 885 000-ի», – ասաց վերջերս կայացած ասուլիսում Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ՝ նշելով, որ դա երկրի համար մարտահրավեր է, սակայն ոչ ճգնաժամ:
Յուրաքանչյուրիս ապագան, իրականում, այսօրվա տարեցներն են…
Միակ ուրախացնող փաստն թեռեւս այն է, որ Հայաստանում ավելի երկար են ապրում, քան միջինն աշխարհում: Կյանքի միջին տեւողությունը մեր հանրապետությունում 74,2 տարի է, այս ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում առաջինն է: Բայց թե ինչպե՞ս են ապրում երկարակյացները եւ արդյո՞ք նրանց կյանքը կարելի է արժանապատիվ ծերություն անվանել, – այս հարցերի պատասխանը անշուշտ անմիջականորեն կապված է թոշակի չափի հետ, որը միջինում ընդամենը 31 հազար է կազմում: Թոշակը թեեւ հիմնական, բայց տարեցների միակ խնդիրը չէ… Ընդունված է ասել ՝ «Երեխաները մեր ապագան են», բայց իրականում մեր ապագան այսօրվա տարեցներն են, ահա թե ինչ կկատարվի մեզ հետ, երբ …
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հաստատելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գնահատականն այն մասին, թե Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկրներից է, նույնպես նշում է , որ տարեցների թիվը Հայաստանում ավելացման միտում ունի և պատճառները տարբեր են՝ ծնելիության նվազում, կյանքի տևողության երկարում և այլ դեմոգրաֆիկ փոփոխություններ:
“Տարեց մարդիկ պետության ուշադրության կենտրոնում են: Սոցիալական պաշտպանության ծրագրերը, մասնավորապես, ուղղված են միայնակ տարեցներին, որոնց թիվը հասնում է 14.000-ի”,- վստահեցրեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ պետությունը նոր մոտեցումներ է մշակում այս խնդիրները լուծելու ուղղությամբ:
“Այս տարի Կառավարությունը հաստատել է բնակչության ծերացման և տարեցների սոցպաշտպանության ռազմավարություն, որով նախատեսվում է, որ տարեցը կարողանա օգտվել բժշկական և սոցիալական ծառայություններից, նրա համար մատչելի լինի բուժսպասարկումը, նաև սոցիալական շփումների հնարավորություն ունենա”,– ասաց նա:
Առաջիկա 5 տարիներին, ըստ Ջեմմա Բաղդասարյանի, պետությունը պետք է ստեղծի ծերաբուժության և ծերաբանության մասնագիտական կենտրոններ, այսպես կոչված հերոնթոլոգիական կենտրոններ, որպիսիք կան գրեթե բոլոր երկրներում: “Մենք մտադիր ենք փոխել այսօր գործող ծերերի տուն-ինտերնատների մոդելը, – ասաց նա, – նշելով, որ խոշոր ինտերնատների փոխարեն, որոնք 150-200 մարդ են ներառում, հանրապետության շրջաններում կստեղծվեն համեմատաբար ավելի փոքր կառույցներ:
Թոշակառուները կարող են և չսպաասել, որ պետությունն իրենց վրա ուշադրություն դարձնի …
Միջին եվրոպացու կյանքի տևողությունը ամեն տարի ավելանում է 2-3 ամսով: Այնպես որ ներկայիս 40 տարեկանները հնարավոր է ապրեն մինչև 90-100 տարի: Այնպես որ, Եվրոպան էլ է մտահոգված, որ տարեցների անընդհատ աճող բանակի հետ պետք է ինչ-որ բան անել: Ամեն դեպքում բոլորին Հնդկաստան չես ուղարկի:
Դանիայում արդեն լրջորեն մտահոգված են այս խնդրով և եկող տարին անվանել են «Ակտիվ ծերության և երկարակեցության եվրոպական տարի»:
Թոշակառուները կարող են և չսպաասել, որ պետությունն իրենց վրա ուշադրություն դարձնի: Մերի Հարդիսոնը Յուտա նահանգից որոշել էր նշել իր ծննդյան օրը օդապարիկով թռչելով: Այս նորության մասին այդպես էլ ոչ ոք չեր իմանա, եթե նա չլիներ 101 տարեկան: Իմիջիայլոց նա հետևել էր իր 75-ամյա որդու օրինակին: Հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ընդհանրապես չէր վախեցել:
Եվ, իսկապես, ինչից կարելի է վախենալ 101 տարեկան հասակում: Եվ «Մերիգոլդ հյուրանոց » ֆիլմում շատ են տարիքի և մահվան վախի վերաբերյալ կատակները:
«Մենք բոլորս վախենում ենք փոփոխություններից,- ասում է Ջուդիտ Դենչի 70-ամյա հերոսուհին, – իսկ վախենալ պետք է ոչ թե փոփոխություններից, այլ դրանց բացակայությունից, քանի որ հենց փոփոխությունների մեջ է կյանքը: Ֆիլմում իր հերոսուհին սկզբում իմանում է, որ ամուսնու մահից հետո իրեն շատ պարտքեր են մնացել , այնուհետև գնում է Հնդկաստան, որպեսզի տղայի համար հոգս չլինի: Եվ, վերջապես, կյանքում առաջին անգամ աշխատանք է գտնում և նույնիսկ նոր սեր…
Կասեք, սա ընդամենը ֆիլմ է, բայց իրական կյանքը երբերմն ցանկացած ֆիլմից ավելի ուշագրավ է լինում:
Այդպիսի էր Ռենի Լիֆենշտալի կյանքը: Իր հանրահայտ «Կամքի տրիումֆ» և «Օլիմպիա» ֆիլմերում ֆաշիզմի էսթետիկան էկրանավորած Հիտլերի սիրելի ռեժիսորը ժանրի օրենքների համաձայն պատերազմից հետո պետք է ահնայտանար: Եվ, իսկապես, իրեն թույլ չտվեցին իրագործել ոչ մի ռեժիսորական նախագիծ : Ռիֆենշտալը այլևս չվերադարձավ մեծ կինո:
40 տարեկանում առանց աշխատանքի մնալը կյանքի մնացյալ մասը խորը ընկճախտում անցկացնելու հիանալի առիթ է: Սակայն, դրա փոխարեն Ռենին գնում է Աֆրիկա, որտեղ մի քանի ամիս ապրում է տեղի ցեղերից մեկի հետ, կարողանում է սովորել նրանց լեզուն և ընկերանալ տեղաբնակների հետ: Հենց այս տարիքում է նա սովորում լողալ, ինչն էլ դառնում է իր ամենասիրելի զբաղմունքներից մեկը մինչև 100 տարեկան:
«Մերիգոլդ հյուրանոց. լավագույնը էկզոտիկներից» ֆիլմում կա ևս մեկ շատ հանրահայտ արտահայտություն, որը լավ կլինի բոլորն էլ մտապահեն անկախ տարիքից. «Վերջիվերջո ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե դեռ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, դա նշանակում է, որ դեռեւս վերջը չէ»…
Դիտեք ֆիլմի գովազդային տեսահոլովակը.
եւ գուցե ձեզ մոտ էլ ցանկություն կառաջանա դիտել այս ֆիլմը ամբողջությամբ…, թեկուզ եթե այն չափազանց հեռու է թվում մեր իրականությունից…
http://filmin.ru/22621-otel-merigold.html
Դիտումների քանակը` 7602