Ժենյա Ազիզյան. «Բոլոր աղջիկները գնում էին պարի խմբակ, իսկ ես՝ ծրագրավորման»…
Այս օրերին Երևանում անցնում է 8-րդ ամենամյա միջազգային Digitec-2012 տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Այցելելով ցուցահանդեսը փաստեցինք ուրախալի մի փաստ՝ տարեցտարի աճում է նրա հեղինակությունը, ավելանում է տեղական և արտասահմանյան մասնակիցների և այցելուների քանակը, մի խոսքով ՏՏ ոլորտը Հայաստանում իրոք բարձունքի վրա է գտնվում: Դրա հետ մեկտեղ փորձեցինք պարզել ՝ ի՞նչ չափով են այս ոլորտում ներկայացված կանայք :
Պարզվում է , որ կարծրատիպային պատկերացումները իրականությունից ետ են մնացել՝ այսօր ոլորտում գործող շուրջ 350 ընկերություններում կին-աշխատակիցները մոտավորապես մեկ երրորդն են կազմում: Այլ հարց է , որ կազմակերպություների ղեկավար կազմում կանայք շատ քիչ են ներգրավված:
Վերջին տարիներին հայ կանայք սկսել են ավելի ակտիվ մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես, ասում է մեր զրուցակից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանը, ով մինչ այդ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցրել է լուրջ պաշտոններ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված : Այսօր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում Ժենյա Ազիզյանի պատասխանատվության տակ են գտնվում մի շարք ծրագրեր, մասնավորապես, «Համակարգիչ բոլորի համար», Մայքրոսֆթ ինովացիոն կենտրոնի հիմնման ծրագրերը և այլն:
– Ինչպես ստացվեց , որ հատկապես այս ոլորտն ընտրեցիք աշխատանքային կարիերայում:
Համալսարանն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի եմ անցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ, բայց այնպես ստացվեց, որ աշխատանքի բերումով մասնագիտական ունակություններն այնքան էլ պետք չեկան, չնայած մտածելակերպի տեսակետից մասնագիտությունը օգուտ է տալիս:
Պետական համակարգում աշխատանքի անցնելուց հետո կամաց-կամաց՝ առաջին կարգի մասնագետից հասա մինչև գլխավոր մասնագետի պաշտոնի, հետո նախարարությունների միավորումից հետո հայտնվեցի Առևտրի և արդյունաբերության նախարարությունում, որտեղ գիտատեխնիկական զարգացման վարչության հենքի վրա ստեղծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը, և ես իմ իսկ ցանկությամբ գնացի այդ վարչություն՝ գիտակցելով, որ ապագան տեղեկատվական տեխնոլոգիաներինն է, որ առանց ՏՏ-ի արդյունաբերությունը հետընթաց կապրի: Գուցե ոմանց թվա, որ հայտնվեցի կնոջը ոչ սազական վարչությունում, բայց դեռ դպրոցական տարիներին, երբ մեզ տանում էին ուսումնաարտադրական պրակտիկայի, աղջիկները գնում էին պարի խմբակներ, իսկ ես՝ ծրագրավորման: Երևի այդ ժամանակ արդեն կանխորոշված էր ապագաս:
– Կարծրատիպ կա, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տղամարդկանց համար է, և ոլորտում լուրջ հաջողությունների են հասնում միայն նրանք…
– Ես այդ կարծիքին չեմ: Միգուցե իմ երիտասարդ տարիներին դա այդպես էր, մաթեմատիկական կամ կիրառական ֆակուլտնետներում նույնիսկ ուսանողների թվի հարաբերակցությունից պարզ կդառնար, որ դա տղամարդկանց համար է, բայց պետք է գիտակցել, որ այդ ոլորտը ևս աղջիկներին դժվար չի տրվում: Այսինքն՝ լինելով մաթեմատիկ, թույլ եմ տալիս ասելու, որ մեր կուրսի բազում տղաներից ինձ մոտ մաթեմատիկան շատ ավելի լավ էր ստացվում…
– Այդ դեպքում ինչո՞ւ է ոլորտում առաջին, երկրորդ դեմքերի մեջ կանայք ավելի քիչ տեղ զբաղեցնում, թեև շարքային աշխատողների թվում, նրանք ավելի շատ են:
– Պետք է նշեմ, ծրագրավորողները և ինժեներները, որպես կանոն, այդքան էլ բիզնես մտածելակերպ չունեն` անկախ նրանից կին են, թե՝ տղամարդ: Այսինքն, նրանց համար անցում կատարել դեպի բիզնես, դեպի ղեկավար պաշտոն, կարծում եմ, մի քիչ դժվար է: Բացի այդ, կանայք ընդհանրապես քիչ են ղեկավար պաշտոններում եւ ոչ միայն այս ոլորտում: Սակայն այստեղ էլ կարելի է այդ ստերոտիպը կոտրել և առաջ անցնել, քանի որ ՏՏ ոլորտում չկա հատուկ ինչ-որ խտրականություն, ի վերջո խնդիրներն ընդհանուր են բոլորի համար: Ուղղակի կարծում եմ՝ նպատակադրման եւ ցանկության հարց է:
Նկատենք, որ Հայաստանում տարեցտարի ծրագրավորող աղջիկների թիվն ավելանում է, իսկ ղեկավար լինելու համար՝ լինի բիզնեսում կամ որևէ այլ բնագավառում, առաջին հերթին պետք է կազմակերպչական ունակություններ ունենաս: Ի դեպ, տղամարդիկ էլ նոր-նոր են սկսում իրենց ՏՏ ոլորտում դրսևորել: Շատ երիտասարդ տղաների համար էլ այս ոլորտը անորոշ ու վտանգավոր է թվում, բայց կարծում եմ, որ աստիճանաբար կանայք նույնպես ոլորտում առաջին կամ երկրորդ տեղերը կզբաղեցնեն:
Կոնկրետ մեզ մոտ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում, աշխատողների 80 տոկոսը կանայք են: Ինչքան էլ ծրագրավորողների մեջ տղամարդիկ շատ լինեն, բայց ոլորտի բիզնես միջավայրի կարգավորման հարցերով այս պահին կանացի թիմ է աշխատում, նույնիսկ ՀՀ էկոնոմիկայի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչությունում է այդպես, այնտեղ նույնպես հիմնականում կանայք են աշխատում:
– Ինչը ձեզ ստիպեց, որ պետական համակարգից տեղափոխվեցիք մասնավոր հատված:
– Մի պահ հասկացա, որ ինձ պետական համակարգում սպառել եմ, այսինքն՝ այն հայեցակարգերը, որոնք անքուն գիշերների արդյունքում գրվել են ոլորտի զարգացման համար, պետք է իրականացվեր պետական-մասնավոր հատվածի մասնակցությամբ: Ես համարեցի, որ մի փուլն այնտեղ անցել եմ, հասել եմ առավելագույնին և առաջ գնալը, կարիերան շարունակելն ինձ այլևս չէր հետաքրքրում: Ես հասկացա, որ ավելի պիտանի կլինեմ, եթե այդ հայեցակարգի կյանքի կոչմանն ու իրականացման համար աշխատեմ, քան մնամ պետական համակարգում:
– ճի՞շտ են ասում , որ կանանց մասնակցությունն ավելացնում է բիզնեսի արդյունավետությունը:
– Ինչպես ընտանիքում (ժպտում է): Ինձ թվում է՝ ճիշտ է, իհարկե նայած կին և նայած տղամարդ, ամեն ինչը հարաբերական է:
– Ի՞նչն է խանգարում հայ կնոջը ավելի շատ ներգրավված լինել բիզնեսում:
– Կարծում եմ՝ մտածելակերպը, ուրիշ ոչինչ: Չնայած հիմա այդքան էլ այդպես չի, միգուցե իմ շրջապատն ինձ խաբուսիկ վիճակագրություն է տալիս: Իմ շրջապատում ինձ ծանոթ կանաց 80 տոկոսը, եթե բիզնես չի ղեկավարում, ապա բիզնես մտածելակերպով և բիզնես երազանքներով մարդիկ են: Աստիճանաբար շատ բաներ փոփոխվում են, եթե տարիներ առաջ կինը երազում էր հարուստ ամուսին ունենար, տանը նստեր, վարսավիրանոց գնար, ապա հիմա այդպես չի: Բայց միգուցե դա գալիս է նրանից, որ մեր տղամարդիկ մի քիչ «թամբալացել» են, և իրենց վարվելակերպով ստիպում են, որ կանայք նաև դրսի դերակատարության մի մասը իրենց վրա վերցնեն:
-Իսկ Ձեր ղեկավար աշխատանքը ընտանիքին չի՞ խանգարում:
– Իհարկե խանգարում է, բարեբախտաբար աղջկաս մոտ ոլորտի հանդեպ հետաքրքրություն առաջացավ,եւ գոնե գործի բերումով միասին ենք: Երեւի թե տեսավ, որ միակ տեղը, որտեղ կարող է ինձ գտնի՝ ՏՏ ոլորտն է, ուստի որոշեց ինքն էլ այդ ուղղությամբ գնալ: Ընդհանուր առմամբ, տան գործերին էլ , ինչպես աշխատանքիս վերաբերվում՝ կարեւորը որ հետաքրքրիր լինի ու բավարարված լինեմ իմ արածով: Այն օրերին, երբ ես խոհանոցում եմ, ընտանիքիս համար երջանկություն է, քանի որ այնտեղ ես ստեղագործում եմ: Բացի խոհանոցից կար ու ձև էլ եմ սիրում: Մեր տան վարագույրները, ծածկոցները իմ ստեղծագործությունն են: Փոքր ժամանակ աղջկաս ամբողջ հագուստները ես էի կարում: Մի խոսքով՝ գործունյա կնոջ կերպարից այդ առումով շեղվում եմ….
Մերի Մարգարյան
Հ.Գ. Ընդհանուր առմամբ , աշխարհում ՏՏ ոլորտի ղեկավար պաշտոններում կանայք միայն 3 տոկոս են կազմում, բայց Forbes ամսագրի տվյալներով այսօր խոշոր ինտերնետային ընկերությունների բարձրաստիճան ղեկավար պաշտոններում կանայք, ավելի շատ են, քան բիզնեսի այլ՝ ավանդական ոլորտներում: Google -ի, Yandex-ի, Facebook-ի, Flickr-ի ամենաբարձր ղեկավար պաշտոնները զբաղեցնող կանանց մամուլը « համացանցի թագուհիներ» է անվանում:
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Դիտումների քանակը` 6053