Ավելի հարուստ սեռը
Ինչու՞ են տղամարդկանց գրավում ավելի մեծ եկամուտներ ունեցող կանայք
Նախկինում գոյություն ունեին որոշակի նախապաշարումներ այն միայնակ կանանց դեմ, ովքեր լավ են վաստակում, սակայն այդպիսի նախապաշարումների օրերը հաշվված են…
Ժամանակակից կանայք, ովքեր մեծ գումարներ են վաստակում, արդարացիորեն հպարտանում են իրենց աշխատավարձերով, սակայն նրանց շատ հաճախ թվում է, որ իրենք տղամարդկանց ավելի շատ վախեցնում են, քան գրավում որպես պոտենցիալ զուգընկերուհիներ: Նրանք ենթադրում են, որ իրենց ունեցած հաջողությունները կարող են սպառնալիքի վերածվել և, վերջ ի վերջո, դուրս գալ իրենց իսկ դեմ: Արդյունքում որոշ կանայք հանդիպման գնալիս մշակում են պաշտպանական մեխանիզմներ:
Պիտսբուրգից մի մանկաբարձ-գինեկոլոգ տղամարդկանց հանդիպելիս ասում է, որ “աշխատում է հիվանդանոցում և խնամում է հիվանդներին”, այսինքն նա նրբանկատորեն փոխանցում է նրանց այն միտքը, որ ինքը բուժքույր է, ոչ թե բժիշկ: Հարավային Տեխասի համալսարանի փոխնախագահը տղամարդկանց հետ հանդիպման գնալիս սովորաբար ասում է, որ ինքը աշխատում է դպրոցի վարչակազմում, և երբեք թույլ չի տալիս ուղեկցել իրեն միչև մեքենա, վախենալով, որ կտեսնեն իր ԲՄՎ մակնիշի մեքենան: «Ես ուզում եմ, որ նրանք ինձ հնարավորություն տան, պարզապես ուզում եմ, որ նրանք անմիջապես չհեռանան ինձնից»,- ասում էր բժիշկը Պիտսբուրգից:
Սակայն բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ թեև նախկինում կային որոշ նախապաշարումներ մեծ գումարներ աշխատելու դեմ, իրականում մեծ եկամուտներ ունեցող կանայք մեծ առավելություններ ունեն հարսնացուների շուկայում: 2012-ին Համիլտոնի նախագծի շրջանակներում (Hamilton Project / Բրուքինսի ինստիտուտի` եկամուտների և հեռանկարների հետազոտության նախագիծ) հայտնաբերվել է, որ լավ վաստակող կանանց ամուսնությունների մասնաբաժինը աճել է ավելի քան 10 %, մինչդեռ նույն ցուցանիշն ավելի համեստ աշխատավարձ ստացող կանանց դեպքում նվազել է: Զեկույցում նաև այն ենթադրությունն է արվում, որ ավելի քիչ գումարներ վաստակող կանանց ամուսնությունների թվի անկումը միգուցե պայմանավորված է այն փաստով, որ կանայք կարող են ինքնուրույն ապահովել իրենց և հրաժարվում են ավելի ցածր եկամուտ ունեցող տղամարդկանց հետ ամուսնությունից:
Այս փոփոխության առաջին նշաններն ի հայտ եկան դեռևս 2001-ին, երբ Տեխասի համալսարանի հոգեբան Դեվիդ Բասսը (David Buss) Օսթինում կատարած իր հետազոտության մեջ նշեց հետևյալը. երբ տղամարդիկ թվարկում էին իրենց զուգընկերուհու որակները ըստ կարևորության, իրենց պատասխաններում նկատվում էր կանանց եկամուտների կարևորման անհավանական աճ և տնային գործերում ունեցած հմտությունների անկում: Նույն կերպ ազգագրագետ Քրիստեն Շվարցը (Christine Schwartz) իր American Jourhnal of Sociology-ի հոդվածում նշում է, որ «տղամարդիկ շատ հաճախ փնտրում են այնպիսի զուգընկերուհիների, ովքեր կկարողանան իրենք իրենց ապահովել տնտեսական առումով, և որ նրանք պատրաստ են պայքարել այդպիսի կանանց համար:
Իրականում, տղամարդիկ ավելի պատրաստ են զիջել իրենց վաստակողի դերը կանանց, և ավելի շատ, քան մենք կարծում ենք: Անցյալ տարի Ստենֆորդի համալսարանից տնտեսագետ Ռեն Աբրամիցկին երկու եվրոպացի գործընկերների հետ համատեղ հրատարակեց մի ցնցող հետազոտություն, որտեղ խոսվում է հենց այդ միտումի մասին: Ուսումնասիրելով Ֆրանսիայի բնակչության ժողովրդագրական տվյալները Առաջին համաշխարհային պատերազմից հետո` նրանք հայտնաբերեցին, որ շրջաններում ապրող տղամարդիկ, որտեղ գրանցվել է մահացության ամենաբարձր մակարդակը (հետևաբար կա տղամարդկանց պակաս) ավելի հաճախ են ամուսնանում սոցիալական բարձր խավերի պատկանող կանանց հետ: Այսինքն, երբ նրանց հնարավորություն ընձեռվեց ավելի լայն ընտրություն անել և ամուսնանալով՝ ավելի լավ հեռանկարներով և լայն ռեսուրսներով հագեցած կյանք վարել, նրանք շտապեցին դա անել: Աբրամիցկիի կարծիքով զարմանալի էր այն, թե « որքան ճկուն էր ամուսնության շուկան և ինչքան ավելի արագ կարողացան տղամարդիկ հարմարվել ժողովրդագրական փոփոխություններին»:
Մեր օրերում, երբ մեծանում է հավականությունը, որ եկող սերնդի ընտանիքներում կանայք են ավելի լավ վաստակելու, այս ուսումնասիրությունը հուշում է, որ տղամարդիկ կկարողանան շատ արագ հարմարվել իրավիճակին և գնահատել լավ վաստակող զուգընկերուհու առավելությունները: Տղամարդիկ ոչ ավելի պակաս քան կանայք ցանկանում են ամուսնանալ մի մարդու հետ, ում սոցիալական ստատուսն ավելի բարձր կլինի, և այսօրվա կյանքը տալիս է նրանց այդ հնարավորությունը:
Այնպես որ, կանայք, բացահայտ կերպով խոստովանեք ձեր հաջողությունների մասին. նրա համար ըմպելիք գնեք և պատմեք այն ամենն, ինչով իրականում զբաղվում եք…
Լիզա Մանդի
Time, ԱՄՆ
Դիտումների քանակը` 4015