Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված
Խոսքը «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի մասին, որի երկրորդ ընթերցումը Ազգային Ժողովում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերին հետաձգվեց, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի գլխադասային հանձնաժողովը ուղարկեց այն կառավարություն՝ մերժված առաջարկները վերանայելու հիմնավորմամբ: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դրանով իսկ ևս մեկ փորձ արվեց փոխելու կառավարության դիրքորոշումը որոշ դուրս մնացած , բայց կարևոր առաջարկների վերաբերյալ:
Թեպետ ընթացակարգով հետաձգման ժամկետը սահմանված էր մինչև մեկ տարի, բայց կառավարությունը բավականին արագ վերադարձրեց օրինագիծը ԱԺ, ինչից հետև ում է, որ կառավարությունը շահագրգրված է ,որ այս օրինագիծն վերջնական ձև ով ընդունվի, բայց միև նույն ժամանակ անդրդվելի է իր դիրքորոշումներում, քանզի համարյա ոչինչ չի փոխել, ավելացնելով միայն մերժված առաջարկների հիմնավորումները:
Շաբաթվա սկզբին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ , որին մասնակցում էին նաև օինագծին քաջածանոթ մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ու փորձագետներ, հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ լրամշակված տարբերակն արդեն ԱԺ-ում է և հանձնաժողովի առաջիկա նիստում կքննարկվի դրա օրակարգ ներառելու նպատակահարմարությունը:
Աշխատանքային խորհրդակցությանը ներկա Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանն իր խոսքում նշեց, որ թեպետ մերժված առաջարկներով որոշ մեխանիզմներ են դուրս մնում, այսօրվա դրությամբ ամենակարևորը օրենքի ընդունումն է:
Առաջարկ հնչեց, որ երկրորդ ընթերցումը հնարավորինս արագ անցկացվի, օրենքն ընդունվի (ինչը միջազգային պարտավորությունների համաձայն դեռևս 2010-ին պետք է արված լիներ), իսկ հետո արդեն, օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունները առանձին նախագծով կշտկվեն ու նորից կներկայացվեն պատգամավորների դատին:
Ծանոթանալով կառավարության կողմից գլխադասային հանձնաժողով ներկայացված ամփոփաթերթիկին՝ Լիլիթ Զաքարյանը WomenNet-ի խնդրանքով մանրամասնեց լրամշակված տարբերակի մի շարք թերություններ: Մասնավորապես, իր կարծիքով, անհասկանալի է օրինագծի 6-րդ հոդվածին վերաբերող ՀՅԴ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի առաջարկի մերժումը: Խոսքը գենդերային խտրականության տարրեր պարունակող սովորույթների ու ավանդույթների քարոզումն ու խրախուսումը արգելելու մասին է:
Զաքարյանի դիտարկմամբ, առաջարկը մերժվել է տարօրինակ պատճառաբանությամբ: Հիմնավորման մեջ նշված է.
«ՀՀ-ում սովորույթների ու ավանդույթների համաձայն շատ ծեսերի կամ ծիսակատարությունների ժամանակ տղամարդիկ և կանայք առանձնանում են կամ իրականացվում են միայն իրենց համար սահմանված գործառույթներ: Սույն մասի պահանջից ելնելով տվյալ բոլոր անձանց պետք է ենթարկել պատասխանատվության օրենքի պահանջի խախտման համար»:
«Սա իմ կարծիքով ուղղակի անլուրջ մոտեցում է: Ծայրահեղացումը տեղին չէ, խոսքը միայն խտրականություն պարունակող ծեսերի մասին է, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է համապատասխան բացատրական աշխատանք տանել ու մարդկանց իրազեկությունը բարձրացնել, որպեսզի նրանք խտրականությունից հրաժարվեն», – ասում է Լիլիթ Զաքարյանը , հիշեցնելով, որ առաջարկի հիմքում ընկած են Հայաստանի կողմից վավերացված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CEDAW Կոնվենցիայի) պահանջները:
Մասնավորապես, 2-րդ հոդվածով կոնվենցիայի մասնակից պետությունները, այդ թվում Հայաստանը, պարտավորվել են «ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ օրենսդրական միջոցները` փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ»: Նույն մոտեցումը , փորձագետի խոսքերով, պարզորոշ արտահայտված է նաև կոնվենցիայի 5-րդ հոդվածում, որը վերաբերվում է սեռերի ստորադասության կամ առավելության վրա հիմնված սոցիալական և մշակութային մոդելների փոփոխմանը:
«Եթե կառավարությունը՝ իր կողմից ընդունված ՀՀ գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագրով (2011-2015 թ.թ.) նախատեսում է ապահովել այդ կոնվենցիայի իրագործումը, ապա նշված առաջարկի մերժումը և առավել ևս այն մեկնաբանությունը, որ տրվել է կառավարության կողմից , առնվազն տարօրինակ է»,- ասաց Լ.Զաքարյանը, հիշեցնելով նաև , որ Կոնվենցիան ավելի բարձր կարգավիճակ ունի, քան ազգային օրենսդրությունը: Ավելին` կոնվենցիայի վավերացումից հետո ազգային օրենսդրությունը համապատասխանեցվում է նրան:
Հաջորդ տարակուսանք առաջացնող դիրքորոշումը այն է, որ կառավարությունը չի համաձայնվել ավելի լայն կիրառել ժամանակավոր հատուկ միջոցները` քվոտաները, տարածելով դրանք ոչ միայն քաղաքական, այլ նաև սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում ու ՏԻՄ-համակարգում: Մասնավորապես, առաջարկվում էր տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելիս կամ թեկնածուներին ընտրելիս առաջնորդվել այն սկզբունքով , որ մեկ սեռի անձանց թիվը նույն մարմնում , կազմակերպությունում, ինչպես նաև պաշտոնների նույն խմբում չգերազանցի 70 տոկոսը:
«Կառավարությունն այս առաջարկությունը մերժել է հղում անելով Սահմանադրության 29-րդ հոդվածին ու ըստ այդմ որակելով այն անընդունելի, քանի որ, մեջբերում եմ` «յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք, և հետևաբար տվյալ սեռի ներկայացուցչին աշխատանքի չընդունելու հմնավորումը կհակասի ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածին»: Այս դեպքում, հարց է առաջանում՝ ինչո՞ ւ կառավարությունը բոլորովին մտահոգված չէ, որ կանանց աշխատանքի ազատ ընտրության իրավունքը հաճախ խախտվում է գենդերային կարծրատիերի պատճառով: Եվ դա այն պարագայում, որ նույն CEDAW Կոնվենցիայով պարտավորվել է աշխատանք տանել այդ կարծրատիպերը հաղթահարելու ուղղությամբ: Համենայն դեպս, գենդերային անհավասարակշռությունը մեզանում այնպիսի չափերի է հասնում, որ ակնհայտ է՝ առանց քվոտային մեխանիզմների մենք չենք կարող ապահովել հավասար հնարավորություններ կանանց ու տղամարդկանց համար»,- մատնանշեց Լ.Զաքարյանը, հավելելով, որ կառավարությունը պարզապես խուսափում է որոշակի մեխանիզմներ կիրառել ու ինչ-ինչ պատճառաբանություններ է գտնում, որոնք միջազգային մոտեցումների ու փաստաթղթերի տեսանկյունից այնքան էլ համոզիչ չեն :
Դրա հետ մեկտեղ, կառավարության առաջարկով օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրամշակվել է հետևյալ նախադասությամբ. «պետական, տարածքային և համայնքային ծրագրերի և միջոցառումների ու զարգացման ռազմավարությունների մեջ գենդերային հավասարության հիմնախնդրի համալիր մոտեցումների ներդրում», ինչը Լ.Զաքարյանի գնահատմամբ ողջունելի է:
«Խնդիրն այն է , որ մեխանիզմների բացակայությամբ օրինագիծը դեկլարատիվ բնույթ է ստանում: Բայց, կարծում եմ, անգամ այս վիճակով օրենքի ընդունումը շատ անհրաժեշտ է , իսկ մնացած հարցերն ու առաջարկությունները թերևս հետագայում կշտկվեն: Անչափ կարևոր է, որպեսզի հասարակությունն էլ ցույց տա, որ ինքը ուզում է փոփոխություններ և որ ամենակարևորն է` պատրաստ է դրանց»,- եզրափակելով իր խոսքը ընդգծեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ մինչ ԱԺ հերթական քառօրյայի սկիզբը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկման կդնի հարցը` ներառել կառավարությունից եկած օրենքի նախագիծն օրակարգ թե ոչ: Թեև հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը այս առումով հուսադրեց` նշելով, որ դժվար թե հանձնաժողովի անդամները դեմ լինեն դրան:
Էնզելա Մակարյան
Հ.Գ. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի իր նիստում տվեց իր դրական եզրակացությունը ՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման վերաբերյալ, որը կկազմակերպվի արդեն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում:
Դիտումների քանակը` 4538