Սեպտեմբերի 23-ին համայնքի ղեկավար ընտրվեց միայն մեկ կին

 

 

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի 5 մարզերում` Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում, Տավուշում, տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում  նախնական արդյունքներով  հաղթել է  ընդամենը մեկ կին թեկնածու:  Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Ալինա Հարությունյանը:

 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում  համայնքի ղեկավարի համար  առաջադրված 521 թեկնածուներից 11-ը կանայք էին: Սակայն նրանցից միայն Ալինա Հարությունյանն է հաղթանակ տարել: Ի դեպ նա  1996-ից է ղեկավարում գյուղը, այսինքն արդեն հինգերորդ անգամ է գյուղապետ ընտրվում:

 

Գործող գյուղապետերից այս անգամ չեն վերընտրվել Գոմքի ղեկավար՝ Ակոպովա Ստելլան, Հաղթանակից՝ Խաչատրյան Վարդը, Ոսկեպարից՝ Աղբալյան Հրուշը: Հիշեցնենք, որ նրանցից երկուսի Ակոպովա Ստելլայի եւ Աղբալյան  Հրուշի  հետ WomenNet.am –ը զրուցել էր ընտրություններից առաջ:

 

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների,  մոտ 30 տարվա գյուղապետ Հրուշ Աղբալյանը, որին սատարում էր Հանրապետական կուսակցությունը,  պարտվել է իր միակ մրցակցին՝ 26-ամյա  անկուսակցական, ինքնաառաջադրված Երվանդ Եգանյանին, ով  թեեւ գյուղի ղեկավարման փորձ չուներ,  բայց  գրեթե կրկնապատիկ ավել ձայն հավաքեց: Իսկ Ակոպովա Ստելլան պարտվեց գյուղապետարանի հաշվապահ՝ Հովհաննիսյան Մխիթարին: Ի դեպ,  երկուսին էլ սատարում էր ՀՀԿ-ն:

 

 

Ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տեղեկատվությունը  ԿԸՀ-ն կներկայցնի մի քանի օրից:

 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ, Սյունիք մարզերի 535 համայնքներում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններում առաջադրված 33 կանանցից գյուղապետ ընտրվեց միայն 9-ը:

 

 

Մինչ այդ՝ այս տարվա փետրվարին եւ հուլիսին մի շարք համայնքներում  կայացած ՏԻՄ ընտրություններում կին-համայնքապետներ չեն ընտրվել:

 

 

Այսպիսով այս տարի մինչ այս պահը  կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդամենը  10 կին գյուղապետ է ընտրվել:  Ինչ վերաբերում է քաղաքապետերի պաշտոններին, ապա դրանք  շարունակում են բացարձակ անհասանելի մնալ  կանանց   համար՝  նույնիսկ հավակնելու իմաստով: Քաղաքապետի պաշտոնին այս տարվա ՏԻՄ-ընտրություններում  առաջադրվել էր  ընդամենը  մեկ կին՝ Էջմիածնում, ով չէր ընտրվել…

 

 

 

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 5541

Գլխավոր էջ