Ստելլա Ակոպովա. Անունս «գյուղի մայր» են դրել

«Համայնքը տան նման մի բան է, ինչպես տանը, համայնքում էլ պրոբլեմների մեծ մասը մոր ուսերին են դնում, որովհետեւ գիտեն, որ նա կկարողանա լուծել դրանք: Ես էլ Գոմքի մայրն եմ, ժողովուրդն ինձ վստահում է, հարգում ու ընտրում հույսով, որ ես նրա խնդիրները լուծեմ»,- ասում է Վայոց Ձորի Գոմք համայնքի ղեկավար, գյուղապետի թեկնածու Ստելlա Ակոպովան: 

 

Ակոպովան, ով արդեն 8 տարի ղեկավարում է սահմանամերձ Գոմքը, Հայաստան է եկել Ադրբեջանից` Բաքվի ջարդերի ժամանակ:

«Մենք ընտանիքով փախանք Հայաստան, աղջիկս այդ ժամանակ 2 տարեկան էր: Սկզբնական շրջանում շատ դժվար էր: Մենք զարգացած, ծաղկող քաղաքից եկել էինք սահմանամերձ հետամնաց գյուղը, որտեղ թուրքերն էին ապրում: Անկեղծ ասած տներն էլ տների նման չէին, որ ոտքով հրեինք` կքանդվեին…  Ոչ ջեռուցում կար, ոչ մի պայման, սակայն կար հրաշք բնություն եւ սկզբնական շրջանում գյուղի թերությունները մեր աչքին չէին երեւում, որովհետեւ մենք կրկին վերագտել էինք մեր հայրենիքը: Մենք ողջ էինք մնացել ու եկանք մեր հայրենիք` սկսելով նոր կյանք», – հիշում է Ստելlա Ակովպովան:

 

Մասնագիտությամբ լրագրող Ակոպովան աշխատել է Բաքվի լրագրության նախարարությունում, այնուհետեւ Մոսկվայում: «Ինձ համար դժվար էր մեծ քաղաքներից հետո ապրել մի գյուղում, որն այնքան հեռու է կենտրոնից եւ որտեղ պայմաններ գրեթե չկան: Բայց ես ընկճվողներից չեմ: Հենց առաջին օրվանից աշխատել եմ գյուղխորհրդում` քարտուղար ու միաժամանակ դպրոցում ռուսերենի ուսուցչուհի: Իմ մասնագիտությունը թելադրում է, որ ես միշտ շփվեմ մարդկանց հետ: Հենց դա ինձ օգնեց, որպեսզի գյուղում ինձ ճանաչեն, քանի որ ես ակտիվ էի, համառ եւ նախաձեռնող»:

 

 

Տիկին Ստելլան պատմում է, որ գյուղացիներն են իրեն առաջարկել թեկնածություն դնել համայնքապետի ընտրություններում: «Ասացին, Ստելա դի’ր քո թեկնածությունը, մենք քեզ ձայն կտանք: Ես անգամ չհարցրեցի, թե ինչո՞ւ: Պատասխանը գոնե ինձ համար հստակ էր,  այն ինչ կատարվել է նրանցից յուրաքանչյուրի հետ, ես ամենից լավ գիտեմ: Դրա համար էլ ժողովուրդը վստահեց,  գյուղապետ ընտրեց, որովհետեւ իրենց նման փախստական էի, իրենց բոլոր պրոբլեմները գիտեի, անունս «գյուղի մայր» են դրել:

 

 

Տիկին Ստելլան ասում է, որ այդ կոչումը պատվով է կրում, սակայն եթե համագյուղացիները չլինեին, չէր կարողանա հաջողության հասնել:

 

 

« Բոլորը  ինձ օգնում են, ոգեւորում, բայց միաժամանակ պահանջում, որ իրենց խնդիրները լուծեմ: Գյուղի տղամարդիկ ինձ օգնում են ցանկացած հարցով: Չի եղել մի դեպք, որ ասեմ, խնդրեմ, ու չգան, չօգնեն, ձեռք չմեկնեն: Գյուղը համախմբված է, չկա իմ կամ քո պրոբլեմ հասկացություն: Կա միասնական խնդիր ու բոլորս հավաքվում ենք լուծում այն: Մեր գյուղի առանձնահատկությունը մեր համախմբվածությունն է: Մենք ամեն ինչ տեսել ենք` էլ կռիվ, էլ երկրաշարժ, էլ սով, լույս չենք ունեցել, հաց էլ չկար, բայց կարողացել ենք հաղթել ու մեզ այդ հարցում օգնել է միասկանությունը»:

 

 

Ութ տարվա ընթացքում տիկին Ստելլան հսկայական գործ է արել  գյուղում: Գոմքը այսօր  հանրապետության ծաղկող գյուղերից է: Այժմ գյուղապետը ձեռնարկ է մշակում, որպեսզի կարողանա Գոմքում զարգացնել անասնապահությունը: Տիկին Ստելլան վաղուց է գիտակցել, որ միայն կառավարության օժանդակությամբ չի կարողանա համագյուղացիների հոգսերը թեթեւացնել: Հենց դա է պատճառը, որ գյուղապետարանը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: USAID եւ OXFAM կազմակերպությունների օժանդակությամբ գյուղն ունի ինտերնետ ակումբ, երիտասարդական կենտրոն, որտեղ երիտասարդները հավաքվում են, պարում, դպրոցը ջեռուցվում է, վերջերս էլ բացել են պարի եւ բոքսի խմբակներ:

 

 

Առաջիկայում կլուծվի նաեւ խմելու ջրի հարցը:  «Մենք արդեն ունենք հաստատված ծրագիր, խողովակների մի մասը փոխված է, շարունակությունն էլ առաջիկա տարվա ընթացքում: Բնակելի տները պետք է վերանորոգենք: Հիմա միջազգային մի քանի կազմակերպությունների հետ քննարկում ենք, որպեսզի գյուղում մի քանի տուն կառուցվի երիտասարդ ընտանիքների համար, որպեսզի նրանք գյուղից չհեռանան: Տեխնիկայի խնդիր ունենք: Գյուղում հիմնել ենք կոոպերատիվ եւ նրա միջոցով գարնանը տրակտոր կգնենք: Գումարի մի մասը գյուղապետարանը կվճարի, մնացածը` մի քանի դոնորներ, որոնց հետ արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություն: Կվերանորոգենք դպրոցն ու երեխաների համար մարզադաշտ կկառուցենք», – ոգեւորված պատմում է գյուղապետը` ընդգծելով, որ Գոմքը շրջակա գյուղերից միակն է, որ երեխաների համար նախատեսված խաղահրապարակ ունի: Բացի այդ հաջորդ տարի գյուղում կբացվի մասուրի մթերման կայան, ինչի շնորհիվ գյուղում կավելանան աշխատատեղերը:

 

 

Տիկին Ստելլան պատմում է, որ իրենց գյուղի մասին հանրապետությունից դուրս էլ գիտեն:  Նա ցույց է տալիս ֆրանսիական ու կանադական ամսագրեր, որտեղ նկարագրվում է գյուղի կյանքը, մթնոլորտը, բնությունն ու մարդկանց հյուրասիրությունը:

 

 

« Ուրիշ երկրներից կամավորներ են գալիս մեր գյուղ, ապրում աշխատում: Նրանք գնում են, իրենց քաղաքներում պատմում մեր գյուղի մասին, ու մյուսներն էլ հետաքրքրված ցանկանում են գալ ու Գոմքը տեսնել: Վերջերս երիտասարդներ էին եկել մեր գյուղ Լիբանանին եւ Ֆրանսիայից, նրանք հիացած հեռացան Գոմքից: Ցանկացած մթերք կա մեր գյուղում: Շատ գեղեցիկ ու մաքուր լիճ ունենք: Ժողովուրդն էլ բարի է եւ հյուրասեր:

 

 

Գոմքը հին հայկական գյուղ է. 10-րդ դարի մատուռ ունենք եւ խաչքար: Մեր նախնիները, իմանալով որ սահմանակից են թշնամուն, մտածել են՝ ի՞նչ անեն, որպեսզի Գոմքը պահպանի իր հայկականությունը: Նրանք որոշել են հենց սարի գլխին խաչքարեր նկարել: Հիմա, որ գյուղից նայում ես` դիմացդ ամբողջությամբ հայկական խաչքարեր են »…

 

 

Հենց այս հատկանիշներն ու օտարերկրացիների հետաքրքրությունը հաշվի առնելով գյուղապետն այժմ բանակցություններ է վարում, որպեսզի Գոմքն ընդգրկվի տուրիստական գոտում:

 

 

Իր հաջողության բանալին տիկին Ստելլայի ներկայացմամբ,  մարդկային, սրտացավ  ու միաժամանակ խստապահանջ լինելու մեջ է : «Նախ պետք է իմանաս, թե ժողովուրդն ի՞նչ է ուզում, ի՞նչ խնդիր ունի: Ասում են՝ ժողովուրդը քեզ սիրում է, ես գիտեմ միայն մի բան, ես տեղյակ եմ նրանց խնդիրներից ու գիտեմ նրանց ինչ է պետք: Մեկ էլ պետք է կարողանաս մտածել, թե ի՞նչպես հարցը լուծես, ի՞նչ անես: Իմանալը դեռ ոչինչ չի նշանակում, պետք է ուղիներ գտնես, որ այդ հարցերը լուծվենք:

 

 

Շատ հարցերին  մարդկայնորեն եմ մոտենում,  բայց դրան զուգահեռ խիստ եմ ու պահանջկոտ՝ թե ինքս իմ նկառմամբ, թե իմ գործընկերների ,  իմ ժողովրդից:  Իսկ եթե ես եմ սխալվել՝ ներողություն եմ խնդրում: Չեմ ամաչում ներողություն խնդրելուց: Երես առ երես ժողովրդի հետ խոսում եմ: Հարց է լինում՝ ժողովուրդն է գալիս ասում, էս խնդիրը կա, մի բան անենք լուծվի»:

 

 

Գյուղապետը հիշում է, որ մի քանի տարի առաջ գյուղացիները դիմեցին, որ կամուրջը նորոգեն, քանի որ գետի մյուս կողմում արոտավայրերն ավելի լավ են:

 

 

« Ասացի՝ տեղյակ եմ այդ խնդրին, բայց  գյուղապետարանն ի վիճակի չէ այդքան գումար տրամադրել: Նրանք էլ թե  մենք էլ կօգնենք: Գումարի մի մասը գյուղապետարանը տրամադրեց, մնացածը` գյուղացիները, մեկը տրակտոր բերեց, մյուսը` քար, երրորդը եկավ անվճար աշխատելու եւ այդպես կարողացանք կամուրջը գցել», ասում է նա` հավելելով, որ ցանկացած նախաձեռնություն իրականություն կդառնա, եթե ճիշտ ծրագիր մշակվի, եթե լինեն հավատարիմ մարդիկ եւ եթե լինի սրտացավություն:

 

 

Հասմիկ Հարությունյան

Գոմք-Երեւան

 

 

 

Հ. Գ. Գոմքում գյուղապետի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Առաջադրված է երեք թեկնածու: Միակ կինը` Ստելլա Ակոպովան է: Տղամարդ թեկնածուներից մեկը գյուղապետարանի հաշվապահն է: Տիկին Ստելլան ասում է, որ քարոզարշավի ժամանակ պետք է լինել զուսպ եւ մրցակցին թերագնահատելու փոխարեն ներկայացնել սեփական առավելություններն ու կատարած աշխատանքը:

 

 

Դիտումների քանակը` 4020

Գլխավոր էջ