Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում
Այս «չուսումնասիրված», սակայն խիստ մտահոգիչ հիմնախնդրին անդրադարձ է կատարել Medialab.am –ը…
…Լիլիթ Հարությունյանը, չնայած երիտասարդ տարիքին, ասում է, որ իր «կյանքը վերջացած» է, և որ «երբեք չի ների ինքն իրեն»:
«Եթե իմանայի` ինչ կլինի, երբեք նման քայլի չէի դիմի… Ինձ թվում էր, եթե երեխայից չազատվեմ, քաղաքով մեկ խայտառակ կլինեմ»,- հուզվում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկում ապրող 20-ամյա Լիլիթը:
Նա պատմում է, որ երկուսուկես ամսական հղիությունը դադարեցնելու որոշումն ընդունել է անելանելի վիճակում. ծնողներին չէր կարող պատմել այդ մասին, քանի որ ամուսնացած չէր, իսկ ընկերը երեխայի մասին լսելուց հետո անհետացել էր:
Փորձառու ընկերուհիներից մեկի խորհրդով էլ Լիլիթը դեղատնից «Սայտոտեկ» է գնել և տնային պայմաններում փորձել դադարեցնել հղիությունը:
«Ես չէի ուզում, բայց ուրիշ ելք չունեի… Մի բուռ «Սայտոտեկ» խմեցի, հետո սարսափելի արյունահոսություն սկսվեց, զգացի` ինչպես եմ կորցնում երեխայիս… – պատմում է նա: – Ամբողջ լողարանն արյան մեջ էր, ծնողներս` սարսափահար, քանի որ չգիտեին` ինչ է կատարվում… Մայրս ուշաթափվեց: Արյունահոսությունը չէր դադարում, և բժիշկները կյանքս փրկելու համար հեռացրեցին արգանդս: Ես այլևս երեխա չեմ ունենա…»
Առողջապահության ոլորտի մասնագետներն ասում են, որ եթե նախկինում շատ կանայք անցանկալի հղիությունից ազատվելու համար դիմում էին «հնարավոր և անհնարին» միջոցներին` պահարանների վրայից թռչելուն, արգանդի մեջ տարբեր առարկաներ և խողովակներ մտցնելուց մինչև հեքիմական դեղաբույսերով խառնուրդներ խմելուն, վերջին տարիներին Հայաստանում վաճառվող` վիժում առաջացնող դեղամիջոցները, մասնավորապես, «Սայտոտեկը» (Cytotec), առաջատարի դիրք է գրավել` սխալ կիրառման դեպքում իսկական պատուհաս դառնալով շատ կանանց համար:
ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշում է, որ տնային պայմաններում, իրազեկման ցածր մակարդակում ինքնուրույն կատարվող դեղորայքային աբորտները այսօր «առողջապահության նախարարության առաջնային հարցերից են»:
«Նորմալ, օրինական, բոլոր նորմերը պահպանելու պայմաններում հղիության դեղորայքային ընդհատումն ավելի անվնաս է, քան գործիքայինը,- «Մեդիալաբին» ասում է Աբրահամյանը,- սակայն վտանգավոր է, երբ հարևաններից լսելով, առանց բժշկի, փորձում են, օրինակ` «Սայտոտեկի» օգնությամբ, ինքնուրույն ազատվել հղիությունից: Այս դեպքում հնարավոր են բարդություններ, հնարավոր են արյունահոսություններ, հնարավոր է ամեն ինչ»:
«Սայտոտեկը», ըստ դեղագետ Հրանտ Պապիկյանի, իրականում ստամոքսի հակախոցային պատրաստուկ է, սակայն խիստ հակացուցված լինելով հղիներին՝ արգանդի սուր կծկումներ է առաջացնում` արյունահոսության և պտղի վիժման հիմք դառնալով:
Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ հղիության ընդհատման նպատակով կիրառվելու դեպքում սխալ դեղաչափերի և ընդունման կանոնների խախտման դեպքում «Սայտոտեկի» փոքր հաբերից սկիզբ առած առատ արյունահոսությունը ուղեկցող բարդությունները կարող են ոչ միայն անդառնալի առողջական խնդիրների պատճառ լինել, այլև կնոջ կյանք արժենալ:
«Հասկանո՞ւմ եք, «Սայտոտեկը» հզոր պրեպարատ է, իսկ մեզ մոտ, առանց իմանալու, անգրագետ վերցնում են և խմում միանգամից նույնիսկ 16 հաբ… Այդ պատճառով մենք քանի անգամ նույնիսկ մահվան դեպք ենք ունեցել: Ամենօրյա պրակտիկայում կանանց և աղջիկներին բերում են ներքին արյունահոսությամբ, որոնց կյանքը հազիվ ենք փրկում»,- «Մեդիալաբին» ասում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը:
…Մասնագետների պնդմամբ վերջին հինգ տարիներին Հայաստանում դրական միտում կա, գրանցված աբորտների թիվը աստիճանաբար նվազում է: Դրական միտումի մասին փաստում է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և առողջապահության նախարարության համատեղ ջանքերով իրականացրած «2010-ի Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը» (ՀԺԱՀ-2010):
… Հետազոտության մեջ հղիության ընդհատման դեղորայքային միջամտության մասին որևէ հիշատակություն չկա: Մինչդեռ, զարմանալի զուգադիպությամբ, աբորտների նվազման միտումներն ուղղակիորեն համընկնում են հայաստանյան շուկայում «Սայտոտեկի» հայտնվելու ժամանակահատվածին:
… Տարեցտարի «Սայտոտեկի» ներկրման ծավալների աճի միտումները բավականին ուշագրավ են: Ըստ ԱՆ-ից «Մեդիալաբին» տրամադրած տվյալների, եթե, օրինակ, 2010-ին «Սայտոտեկ 200 մկգ» դեղամիջոցից պաշտոնապես Հայաստան է ներկրվել 2500 տուփ, ապա 2011-ին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 10 անգամ` հասնելով 26.655 տուփի:
Հանրապետության տարբեր քաղաքների դեղատներում «Մեդիալաբի» փոքրիկ հարցումներին ի պատասխան դեղատան աշխատակիցները նշել են, որ «Սայտոտեկի» «պահանջարկը» տարեցտարի աճում է, իսկ գնորդները մեծ մասամբ երիտասարդ կանայք ու աղջիկներ են:
Սակայն, այնուամենայնիվ, առանց լուրջ հետազոտության, հնարավոր չէ ասել՝ ինչ նպատակով են վերարտադրողական տարիքի կանայք դեղամիջոցը գնում…
ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ընդունում է, որ տնային պայմաններում դեղորայքային աբորտների թիվը վերջին տարիներին հատում է մտահոգիչ լինելու սահմանը:
«Նախարարությունը մտածում է հարցը կանոնակարգելու ուղղությամբ,- ասում է Աբրահամյանը: – Վերահսկողություն պետք է լինի, դեղը պետք է դուրս գրվի միայն դեղատոմսով, այլ ոչ թե ազատ վաճառվի դեղատանը, իսկ հղիության ընդհատումը պետք է կատարվի միայն մանկաբարձա-գինեկոլոգիական ստացիոնարի պայմաններում»:
Մարիաննա Գրիգորյան
( կրճատումներով)
Տեքստը ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.
Դիտումների քանակը` 4518