Թեկնածու կանանց կեսը ինքնաբացարկ է հայտնել
Առաջիկա կիրակի օրը՝ սեպտեմբեր 23-ին հինգ մարզերի 262 համայնքներում կընտրեն համայնքի ղեկավարի: 699 առաջադրված թեկնածուներից 22-ը կանայք են եղել: Ինքնաբացարկներից հետո գրանցվել է համայնքապետի 521 թեկնածու, նրանցից ընդամենը 11-ն են կանայք: Ստացվում է, առաջադրված կանանց կեսը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:
Երեքական կին թեկնածուներ առաջադրվել են Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի համայնքներում: Եվս երկուսը Վայոց Ձորում: Համայնքապետի որևէ կին թեկնածու չի առաջադրվել Շիրակի մարզում: Մինչ ինքնաբացարկները, Տավուշից առաջադրվել էր 9 կին, Կոտայքից` 6, Արագածոտնից` 4, Գեղարքունիքից` 1, Վայոց Ձորից`2 համայնքապետի կին թեկնածու: Նման տվյալներ ընտրություններին ընդառաջ ներկայացրեց այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ-ում ամփոփել են նաև ավագանու անդամի ընտրություններին մասնակցող կանանց թիվը: Կիրակի ավագանու ընտրություններ կանցկացվեն Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերի 281 համայնքներում: 2626 թեկնածուներից 164-ն են կանայք: Մինչ ինքնաբացարկները ավագանու անդամի թեկնածու կանանց թիվը 173 էր:
Ավագանու անդամի համար 33 կին կպայքարի Արագածոտնի մարզի համայնքներում, 13-ը` Գեղարքունիքի, 54-ը` Կոտայքի, 20-ը` Վայոց Ձորի, 44-ը` Տավուշի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, վերջին ՏԻՄ ընտրությունների ընթացքում կանանց մասնակցության ցուցանիշն ավելացել է:
«Կանայք այս անգամ հատկապես ավագանու ընտրություններում շատ ակտիվ էին, քան նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Առաջադրումները մի քանի անգամ ավելի շատ էին, քան նախորդ ընտրություններում»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3432