Հրուշ Աղբալյան. «Իմ տունը՝ իմ գյուղն է, իմ ուրախությունը՝ իմ ժողովուրդն է »…

Մեր զրուցակից՝ Հրուշ Աղբալյանը ՏԻՄ –երի  լեգենդն է համարվում. շուրջ 30 տարի է  տարի է ինչ նա  ղեկավարում է սահմանամերձ Ոսկեպար գյուղը: «Սահմանը մերն է, ու առաջին հերթին մենք մեր գործերով այն պիտի ամուր պահենք», – ասում է գյուղապետը, ով պահապան կանգնեց հայրենի հողին պատերազմի տարիներին եւ շարունակում է այն պահել այսօր՝ իր անձնվեր աշխատանքով:

 

 

«Ռայոնական կոմիտեն որոշեց, որ Աղբալյան Հրուշին պետք է դնեն գյուղխորհրդի նախագահ», – այսպես է սկիզբ առել նրա  աշխատանքը  Ոսկեպար գյուղը ղեկավարի պաշտոնում:  Սեպտեմբերի 23-ին Ոսկեպարում համայնքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Հրուշ Աղբալյանը, այս անգամ էլ առաջադրել է իր թեկնածությունը:  ՀՀկ անդամ է եւ իրեն  սատարելու մասին  կուսակցությունը  արդեն   հանդես է եկել հայտարարությամբ:  Համայնքապետի 30-ամյա աշխատանքային փորձ ունեցող Աղբալյանի հետ պայքարի մեջ է մտել 26-ամյա մի երիտասարդ` անկուսակցական, ինքնաառաջադրված Երվանդ Եգանյանը: Բայց Հրուշ Աղբալյանը համոզված է. «Որպես գյուղապետի թեկնածու` միշտ մրցակից ունեցել եմ, միշտ էլ հաղթել եմ…»

 

 

– Առաջին անգամ ինչպե՞ս ստացվեց, որ  համայնքապետ դարձաք:

– 1983 թվականն էր: Գյուղի խանութում աշխատում էի վարիչ վաճառող: Ռայոնական կոմիտեն կանչեց եւ որոշեց, որ Աղբալյան Հրուշին պետք է դնեն գյուղխորհրդի նախագահ: Էն որ ասում  են պարտիայի կոչով պետք է գնաս, իսկականից այդպես էր: Կանչեցին ու ասեցին, որ դու պիտի աշխատես: Ես էլ մի պահ ասեցի` կմտածեմ, հետո կասեմ: Ինձ ասեցին` մտածել չկա, երբ որ քեզ ռայոնական կոմիտեի համատեղ որոշմամբ ուղարկում են, դու ուրեմն պիտի գնաս ու աշխատես: Ընդունեցի այդ առաջարկը, խոստացա, որ կարդարացնեմ ձեր որոշումն ու հույսերը: Էդ օրվանից մտել եմ ու աշխատել: Շատ սիրել եմ աշխատանքս, սիրելով էլ աշխատել եմ: Այսօր էլ եթե տան հետ կապված գործ եմ ունենում, գիշերն եմ անում, որ աշխատանքից չկտրվեմ:

 

Այս տարիների  ընթացքում համայնքի համար երեւի թե շատ գործեր եք հասցրել  անել, ի՞նչ ծրագրեր կան, որ կիսատ են մնացել:

– Շատ-շատ աշխատանքներ եմ իրականցրել, անթիվ… Ջրագիծ ենք փոխել, ջուր ենք քաշել, ճանապարհ ենք սարքել, ասֆալտապատել, ակումբն ու նախկին գրասենյակի շենքն ենք վերանորոգել, հիմա էլ համայնքային կենտրոն ենք կառուցում, հիմքերն արդեն գցել ենք: Մանկապարտեզն ենք վերանորոգում, շուտով կավարտենք: Դրա հետ ամենօրյա աշխատանքը: Չեմ կարող բոլորը թվարկել` գյուղի մաքրություն, աղբահանություն… Տան տերը ոնց է զբաղված լինում, իմ տունը՝  իմ գյուղն է, իմ ուրախությունը` իմ ժողովուրդն է, իրենցով ուրախանում եմ, իրենց տխրությունով տխրում եմ: Մի խոսքով, ամբողջ էությամբ գյուղին ու ժողովրդին նվիրված եմ: Միայնակ մարդ եմ, տանը ձգող, քաշող ոչ մի բան չունեմ: Իմ եղբայները պատերազմից հետո գնացին արտերկիր, ես պատերզամի պահից մինչև օրս որևէ անգամ դուրս չեմ եկել, միշտ գյուղացիների հետ…իմ ընտանիքն էլ իմ ժողովուրդն է:

 

-Այսօր գյուղի թիվ մեկ խնդիրը ո՞րն է:

-Էս պահին, ճիշտն ասած, խմելու ջուր ունենք, բայց ժամով են տալիս: Տարբերակ կա` ուրիշ տեղից խմելու ջուր բերենք, որպեսզի մշտական ջուր ունենանք: Կարևոր կենցաղային հարց է, ամառվա շոգ սեզոնին խմելու ջրի պակասություն ենք զգում: Էդ ուղղությամբ զբաղվում եմ, որ մի ծրագրով, որևէ միջոցով մեր ջրի քանակն ավելացնենք: Ոռոգման ջուրն էլ կարևոր խնդիր է: Այս ուղղությամբ կառավարության կողմից մեծ աշխատանք է իրականացվել, բայց հիմա մտածում ենք, որ ներքին ցանց պետք է ունենանք, որ հողերը նորմալ ջրենք: Ճանապարհներն էլ բարեկարգման խնդիր ունեն, ինչքնա էլ վերանորոգում ենք, գյուղը թեքության վրա է, անձրևներից, սելավներից, ճամփեքը էլի քանդվում են: Արածի վրա պետք է անընդհատ մի բան ավելացնես, այնպես չի, որ մի անգամ անես ու ասես` արեցի-վերջացրեցի:

 

Ոսկեպարը գազաֆիկացված չէ՞:

-Հա, դա էլ առաջնահերթ խնդիր է: Արդեն երկու օր շինարարները մեր մոտ են, երեկ նրանց համար ապրելու տուն եմ ճարել, տեղավորվել են: Մի տասը հոգի էլ գյուղից աշխատող կա: Շուտով կսկսվեն աշխատանքները: Համայնքային կենտրոնի շինարարության վրա աշխատողներն էլ գրեթե բոլորը մեր գյուղից են: Ես առաջարկեցի, այդպես լավ կլինի, մտածեցի:

 

Գյուղացիներն աշխատանք ունե՞ն:

-Մեզ մոտ հիմնականում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ են զբաղվում: Ժամանակին գործարան չենք ունեցել, որ ասենք էսօր փակվել է:

 

Արտագաղթը մե՞ծ է:

-Առաջ մեծ էր, բայց պատերազմից հետո ով գնացել է` գնացել, նրանից հետո էդքան էլ չէ: Արդեն երկու ընտանիք հետ է եկել գյուղ, խոսակցություններ կան, որ կարող է էլի եկողներ լինեն: Մի 20 հոգի էլ ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում, գնում աշխատում են սեզոնին, հետո` գալիս:

 

– Գյուղը  սահմանից 2-2.5կմ է հեռու: Ձեզ համար դժվար չէ՞…

 

-Չէ, մենք մի թաղամաս ունեինք, որ սահմանին շատ կպած էր: Գյուղում 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի ունենք: Էդ կեղեցու հարևանությամբ թաղամաս էինք ստեղծել, որպեսզի թուրքն առաջ չգար, եկեղեցին էլ լքված չմնար: Բայց երբ պատերազմը սկսեց, թաղամասը ավերեցին, թալանեցին: Հիմա այդտեղ պոստեր են, եկեղեցին պոստերի մոտ է, կանգուն է, եկեղեցուն չեն կպել:

 

Եկեղեցին վերանորոգման կարիք ունի՞:

 

-Շատ քանդված վիճակում չէ, բայց վերանորոգման կարիք ունի:

 

-Նախորդ հարցս կիսատ մնաց, չե՞ք վախենում կրակոցներից…Այս ամառ սահմանում անհանգիստ էր:

 

-Չէ, վախենալու խնդիր չկա, միշտ էլ գյուղացիների հետ եմ եղել: Բայց սահմանի մոտ ենք ապրում, միշտ էլ պատերազմի մտավախությունն ունենք: Ոսկեպարի հարևանությամբ գտնվող թուրքական չորս գյուղեր այժմ չկան, դատարկ են, վառված: Մենք մենակ այս սիրուն բնության գրկում, մեր գյուղի ժողովրդի, մեր բանակի շնորհիվ ապրում ենք…

 

Հարցազրույցի ավարտին   տիկին Հրուշը խնդրում է. «Ընենց կգրես, որ չասեն նախագահը գլուխը գովացել է»…

 

Հ. Կարապետյան

 

 

Հ.Գ. Տավուշի մարզի 62 համայնքապեերից (5 քաղաք և 57 գյուղ) միայն երկուսն են կին: Երկուսն էլ ՀՀԿ անդամ են:   Մեկը՝ Ոսկեպարի գյուղապետ  Հրուշ Աղբալյանը:  Մյուս կին ղեկավարն էլ Աղավնավանքից է: Երեք երեխաների մայր՝ Վարդուշ Ներսիսյանը 2010 թվականի ապրիլի 25-ին երրորդ անգամ վերընտրվել է գյուղապետի  պաշտոնում:

 

 

Դիտումների քանակը` 5409

Գլխավոր էջ