«Քաղաքականության մեջ ներկա կանայք ճանաչելի ու նկատելի են, այլ հարց է, որ նրանք քիչ են » …

Մեր զրուցակիցն է  Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՅԴ անդամ, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու քաղացիական նախաձեռնությունների մարզային կենտրոնի ղեկավար, երեք երեխաների մայր՝  Արմենուհի Կյուրեղյանը: Այս տարվա խորհրդարանական ընտրություններում  նա ընդգրկած էր ՀՅԴ համամասնական ցուցակի  կազմում , ունի նաեւ ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու փորձ:  

 

 

Նախորդ  ՏԻՄ ընտրություններին Դուք առաջադրել էիք  Ձեր թեկնածությունը Վանաձորի ավագանու անդամության համար, ինչո ՞ւ այս տարի չառաջադրվեցիք:  Գուցե  հիասթափվել ե՞ք:

 

– Ամենեւին  էլ հիասթափություն չկա: Այն, որ  այս անգամ չեմ առաջադրվել, հիասթափությամբ չէ պայմանավորված: Ուղղակի ես առաջիկա հինգ տարիների համար այլ մասնագիտական ոլորտի հետ  առնչվող  ծրագրեր ունեմ, այժմ դոկտորականի վրա եմ աշխատում :   Բացի այդ բավականին ծանրաբեռնված եմ հասարակակն գործունեությամբ ՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու  մարզային կենտրոնի ղեկավարն եմ: Ի դեպ, վերջին երկու-երեք տարին նպատակաուղղված  աշխատել ենք այս ՏԻՄ ընտրություններում առաջադրված կին թեկնածուների հետ` մարզի կտրվածքով, նաեւ Վանաձորում,  Թումանյանում եւ Տաշիրում: Վերջերս էլ  սեմինարներ ենք անցկացնել, ներկայացրել ընտրական գործընթացի, Ընտրական օրենսգրքի եւ ՏԻՄ օրենքի հետ կապված խնդիրներ: Իսկ արդյունքներից, կարծում եմ, կարող ենք խոսել մի փոքր ուշ, վերջնական ամփոփումից հետո: Մինր այդ կարող եմ ասել միայն , որ համայնքի ղեկավարների պաշտոններում մեր մարզում երեք կին է ընտրվել, երեքն էլ իրենց համայնքների ղեկավարման բազմամյա փորձ ունեն  – մի քանի անգամ են վերընտրվել…

 

 

 

Իսկ Վանաձորու՞մ  , որքան տեղյակ եմ  քաղաքապետի պաշտոնին  կանայք  երբեք րեն հավակնել, իսկ համայնքի ավագանու 53 թեկնածուներից միայն 2-ն են կին: Ինչո ՞ւ են Վանաձորում կանայք այսքան պասիվ:

– Ասեմ, որ Վանաձորում առաջադրված կանանցից միայն մեկն է անցել, ավելի ճիշտ վերընտրվել: Ինչ վերաբերում է կանանց պասիվությանը, ապա դա  իր օբյեկտիվ պատճառներն ունի: Դրանցից են` ֆինանսական միջոցների պակասը, եթե չասենք բացակայությունը, ավագանու կազմում կանանց ներկայացվածության անհրաժեշտության վերաբերյալ հանրության  ոչ բավարար ընկալումը, նաև` ավագանու ինստիտուտի հեղինակության նվազումը:   Շատերն այսօր ավագանին դիտում են ընդամենը որպես հարթակ իրենց հետագա քաղաքական կարիերայի համար: Դրանով է բացատրվում այսքան մեծ թվով երիտասարդների առաջադրումը ավագանու ընտրություններում: Այս փաստը նույնպես կարելի է դիտարկել որպես կանանց պասիվ մասնակցության պատճառ:

 

 

Ընդհանուր առմամբ , ինչպե՞ս  եք գնահատում  կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում:  Ինչքանով է, այս իմաստով, արդյունավետ   քվոտավորման համակարգը:

 

– Այն, որ Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության որոշ չափով բարձրացում  է նկատվում, անհերքելի է: Քաղաքականության մեջ ներկա  կանայք նկատելի ու  ճանաչելի են  ազգաբնակչության համար` Հերմինե Նաղդալյան, Հրանուշ Հակոբյան, Նաիրա Զուրաբյան, Լիլիթ Գալստյան, Ռուզաննա Առաքելյան, Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան և այլն: Այլ հարց է, որ նրանք քիչ են, որ քաղաքականության մեջ կանանց ներկայացվածությունը ու աղդեցությունը  անբավարար է:

 

Հաշվի առնելով  “Հազարամյակի զարգացման նպատակներով» մեր իսկ կառավարության  կողմից նախանշված նշաձողը, այն է ՝  մինչեւ 2015 թվականը կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, մարզպետների և փոխնախարարների ընդհանուր թվաքանակում հասցնել մինչև 25%, իսկ  համայնքների ղեկավարների ընդհանուր թվաքանակում ՝ մինչև 10%, կարելի է ասել, որ քվոտավորման համակարգի ներառումը խիստ անհրաժեշտություն է:

 

Դրա հետ մեկտեղ   խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այսօր իրականացվող քվոտավորումը  չի կարող լիարժեքորեն ապահովել  մեր կառավարության պարտավորությունների իրականացումը  գենդերային քաղաքականության առումով: Անհրաժեշտ է,որ քվոտավորման մեխանիզմները հստակեցվեն, որ կուսակցական ցուցակներում քվոտայով ներառված կանայք մանդատից հրաժարվելու դեպքում իրենց տեղը զիջեն ոչ թե տղամարդկանց, այլ ցուցակով ներկայացված հաջորդ կնոջը : Այլապես, կունենաք այն պատկերը, ինչ ունենք …

 

 

Ինչու՞  են պայքարում , որ կանայք  մուտք գործեն  քաղաքականություն, Ազգային ժողով, ՏԻՄ համակարգ… Ի՞նչ սպասելիքներ կան կանանցից:

 

-Քաղաքականության մեջ կանանց  ներկայացվածության մակարդակի բարձրացումը  ինքնանպատակ չէ . առաջին հերթին դա կբերի սոցիալական արդարության, չէ որ այսօր հասարակության կեսից ավելիի ներկայացուցիչները  օտարված  են   որոշումների կայացման գործընթացից,  եւ դա այն դեպքում, երբ Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60%-ից ավելիին կանայք են: Սպասելիքները կանանցից իրականում շատ են ՝ սկսած ընտանիքների սոցիալական  պաշտպանվածությունից մինչեւ քաղաքական մթնոլորտի փոփոխություն: Համենայն դեպս,  միջազգային փորձը ցույց է տալիս, որ կանանց ներգրավմամբ նման խնդիրները ավելի արագ ու արդյունավետ են լուծվում:

 

 

Ձեր կարծիքով  Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա՞:

 

–  Միանշանակ` այո, Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա: Հասարակության կյանքի տարբեր ոլորտներում այն տարբեր դրսևորումներ ունի, շատ դեպքերում `անուղղակի:  Աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում առկա է ուղղահայաց և հորիզոնական խտրազատում, այսինքն  կանայք հիմնականում զբաղեցնում են քիչ  վարձատրվող, ստվերային, սեզոնային աշխատատեղերը, նրանք  աշխատում են ցաշր պաշտոններում, նրանց կարիերային աճը  տարբեր պատՃառներով արգելակվում  է , մեծ է կանանց թիվը գործազուրկների շարքում:  Կառավարման ոլորտը, որոշումների ընդունման բոլոր մակարդակները բնութագրվում են գենդերային խիստ անհավասակշռությամբ:  Ընտանեկան կյանքում առկա են  գենդերային բռնության տարբեր դրսեւորումներ՝   ֆիզիկական, ֆինանսական, հոգեբանական, տնտեսական բռնություն: Կինը ինչ-որ բանի հասնելու համար շատ ավելի խոչընդորների է բախվում, քան  տղամարդը, հասարակությունն էլ  կնոջ նկատմամբ ավելի պահանջկոտ է, ինչը  ինքնին խտրականության դրսեւորում է: Հատկապես դա երեւում է ընտրությունների ժամանակ, ընտրողների անվստահությունը կին թեկնածուների նկատմամբ ակնհայտորեն ավելի մեծ է…

 

Զրուցեց Մարիաննա Ղահրամանյանը

 

Դիտումների քանակը` 4028

Գլխավոր էջ