«Երջանկացրեք և երջանիկ կլինեք» ,/ վիդեո
– այսպիսին է համազգային հոգածություն նորածիններին՝ «Օրորոց» բարեգործական ծրագրի ուղերձը, որին միացել են հարյուրավոր կազմակերպություններ ու անհատներ Հայաստանից և արտերկրից: Արդեն 10 տարի է ինչ Հայաստան համահայկական հիմնադրամի և կանանց կազմակերպությունների համատեղ այս ծրագիրը օգնություն է ցուցաբերում մինչև 1 տարեկան երեխա ունեցող կարիքավոր ընտանիքներին:
«Օրորոց»- ի գաղափարը ծնվեց 2002-ին՝ կանանց 30 ՀԿ-ների նախաձեռնությամբ: Նրանք նպատակ ունեին համաժողովրդական ուշադրությամբ շրջապատել սոցիալապես անապահով նորածիններին և հղի կանանց՝ դրանով իսկ նպաստելով ծնելիության մակարդակի բարձրացմանը մեր երկրում: Նույն տարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը ներառում է «Օրորոց» նախաձեռնությունը իր ծրագրերի ցանկում:
Անցած տաս տարիների ընթացքում «Օրորոցը» արդեն իսկ օգնել է Սյունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ գյուղերի ավելի քան 1400 ընտանիքներին ` հատուկ փաթեթներ հանձնելով նրանց նորածիններին: Յուրաքանչյուր փաթեթն մոտ 10 կգ կշռով պարունակում է մինչև մեկ տարեկան երեխային անհրաժեշտը տարբեր պարագաներ` հագուստ, խնամքի և հիգիենայի միջոցներ: Շահառուներից շատերը նշում են, որ օգնության պարագաները օգտագործում են նաև ընտանիքում ծնված հաջորդ երեխայի համար:
Փաթեթը կազմվում է ամենայն բծախնդրությամբ: Համակարգող կանանց խորհրդի ներկայացուցիչները նախապես քննարկում են փաթեթի յուրաքանաչյուր իրի անգամ գույնն ու որակը: Հագուստի մի մասը պատրաստվում է Հայաստանում` «ՏՈՍՊ» ընկերության և Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկայի կողմից:
– Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի փաթեթ ստացող ընտանիքը իրեն լավ զգա, մենք նրանց որպես անապահով խավ չենք դիտարկում, այլ գտնում ենք, որ սահամանամերձ գոտում ապրող երեխան պետք է ստանա այն, ինչ կարող է իրեն թույլ տալ Երևանի միջին բարեկեցության ունեցող ընտանիքը,- նշում է «Օրորոց» ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ` Ջեմմա Հասրաթյանը:
«Օրորոց» նախաձեռնությունը ղեկավարվում է Կանանց համակարգող խորհուրդի կողմից, որի կազմում ընդգրկված են կանանց կազմակերպությունների ղեկավարներ, գիտնական, գործարար կանայք, ովքեր իրենց ներդրումն են բերում բարեգործական այս ծրագրին:
Այս տարի «Օրորոց»-ը 300 փաթեթ է պատրաստել նորածինների համար: Նպաստառու ընտանիքներին օգնում է գտնել ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը կից «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տրամադրած տվյալները:
Սակայն տիկին Հասրաթյանը գտնում է, որ խնդիրը ավելի լուրջ է և պետական քաղաքականություն է անհրաժեշտ.
– Ծնելիությունը նվազում է տարեց տարի: Եթե նույն Նոյեմբերյան յուրաքանչյուր եռամսյակ մոտ 11-15 երեխաներ էինք սպասարկում, Բերդում 8-10 երեխա, ապա այս անգամ 5 երեխա ենք ունեցել, նույն պատկերն է Իջևանի գյուղերում: Սահմանային գյուղի բնակիչներն ունեն բազում խնդիրներ և պետք է պետական մոտեցու, որպեսզի մարդիկ ունենան հավատ իրենց ապագայի նկատմամբ, իրենց երեխաների ապագայի նկատմամբ: Մեծ չափերի է հասնում միգրացիան. ասօր յուրաքանչյուր հինգ տնից մեկի վրա գրված է` տունը վաճառվում է, այսինքն տվյալ մարդիկ այդ տարածաշրջանի հետ իրենց ապագան չեն կապում:
«Օրորոց»- ին աջակցում են ոչ միայն կազմակերպությունները, այլև անհատ մարդիկ Հայաստանից և արտերկրից:
– Ունեցել ենք թոշակառուներ, ովքեր գումար են փոխանցել, անգամ մի երթուղայինի վարորդ… Արդեն 3 տարի է, ինչ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը մոտ 25.000 դոլար է փոխանցում «Օրորոցին»: Այս տարի մեզ օժանդակել են նաև 2 պատգամավորներ: Կարծում եմ, եթե ամեն մի պատգամավոր իր վրա վերցնի 2 երեխայի աջակցելու խնդիրը, ապա մենք կկարողանանք մեկ տարվա կտրվածքով հանրապետության մի քանի տարածքների նորածիններին ապահովվել այս փաթեթներով:
Հայաստանի «սահմանպահ» նորածինները այսօր կարիք ունեն «մանթաշովների»: Եթե ուզում ենք, որպես ազգ պահպանվել, ապա պետք է խթանենք ծնելիությունը: Ի վերջո, կառուցվող մեր փողոցներով ո՞վ պետք է քայլի, ո՞վ պետք է պահի մեր բանակը, շինարարությունը ու՞մ համար ենք անում, մեր գյուղերում ո՞վ պետք է ապրի, ամենը անիմաստ է դառնում, եթե մենք չմտահոգվենք ծնելիության խնդրով: Մենք, որպես ազգ, պետք է կարողանանք զատել կարևորը և սլաքը ուղղենք դրա վրա, – ասում է Ջեմմա Հասրաթյանը:
Լիլիթ Քոչինյան
Յուրաքանչուր ժողովրդի համար գթասրտությունը ազգային արժեք է:
Ուզու՞մ էք երկիրը շենանա,
ուզու՞մ էք երկիրը պաշտպանող վաղվա զինվորը ծնվի,
որ վաղվա դերասանն ու սպորտսմենը լինեն, վաղվա գրողն ու նկարիչը:
Եկեք այսօր ամբողջ ազգով և սրտով օգնենք, սատար կանգնենք մեր ապագա և փոքրիկ քաղաքացիներին:
Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել
«Օրորոց» ծրագրի հատուկ հաշվին՝
HSBC Բանկ Հայաստան, Acc. N 001-002195-002 (AMD)
HSBC Armenia, Acc. N 001-002195-103 (USD),
Hayastan All-Armenian Fund «Ororots» Project;
Դիտումների քանակը` 5945