Ինչպե՞ս փրկել հայուհիներին գեղեցկության կարծրատիպերից

Գեղեցիկ լինելու մոլուցքը, որի մասին ահազանգում են արևմտյան հոգեբանները, չի շրջանցել նաև հայուհիներին: Մի տարբերությամբ միայն. որքան էլ որ նրանք համակված են սեփական մարմինը կատարելության հասցնելու ձգտումով, այնուամենայնիվ քչերն են այդ  մղումը հասցրել հիստերիայի ասիճանի: Պլաստիկ վիրաբույժները վստահեցնում են. մոլագար  հաճախորդները (ովքեր վիրահատական սեղանին են պառկել մի քանի անգամ) խիստ  սակավ են: Իսկ կազմվածքը գեթ մեկ անգամ և, ինչպես հույս ունեն  մեկընդմիշտ շտկել ցանկացողները՝ շատ:

 

 

Չնայած հայուհիների զսպվածությանը` բազմաթիվ բժիշկներ ենթադրում են. «Եթե հասարակությունը պահպանողական չլիներ, թերևս Հայաստանում էլ մի սարսափելի բան սկսվեր»: Պլաստիկ վիրաբույժների կարծիքով` մեր կանանց  կաշկանդում է ոչ այնքան տնտեսական գործոնը, որքան հասարակական կարծիքը: Ամուսնացած  տիկնանց համար որոշիչը ամուսնու կարծիքն է, չամուսնացածներին վախեցնում են ասեկոսեները և խեթ հայացքները: Վիրահատության գինը շատերի համար երկրորդական հարց է: Օրինակ` վերջին տասը տարիների ընթացքում որոշ կլինիկաներում կրծքի պլաստիկ վիրահատությունների թիվը մեծացել է տասն անգամ, և կարելի է եզրակացնել, որ դիմողները փողի խնդիր չունեն: Զարմանալի չէ. Հայաստանում պլաստիկ վիրահատություններն անհամեմատ ավելի էժան են, քան Եվրոպայում կամ Մոսկվայում՝  Ռուսաստանում այդ «հաճույքը»՝ 8-10 անգամ ավելի թանկ է, Ամերիկայում տարբերությունն անգամ 10-15-ապատիկի է հասնում: Ահա ինչու երևանյան կլինիկաներում արտասահմանում ապրող հայ կանանց ներհոսք է նկատվում: Հայաստանյան գրանցումով կանայք էլ քիչ չեն վիրահատվում: Միայն 8-րդ կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժանմունքում ամեն օր 5-8 վիրահատություն է կատարվում: Մինչդեռ այդպիսի բաժանմունքներ  են բացել մայրաքաղաքում գործող գրեթե բոլոր հիվանդանոցները: Ու սա,  ինչպես երևում է, ընդամենը սկիզբն է…

 

 

Վերոնշյալ բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանը պատմում է, թե ինչպես իրեն է դիմել մի կին, որը տենչում էր իր կրծքի չափսերը հասցնել հնարավոր առավելագույնին: Խոսքը 600 միլիլիտրանոց իմպլանտի մասին էր, որը ծանր բեռ կդառնա ոչ միայն կրծքի, այլև ընտանեկան բյուջեի համար: Դանիելյանի խոսքերով` անգլիական պրոթեզների (լավագույնների) գինը 500-1900 դոլարի սահմաններում է: Դրան պետք է հավելել նաև վիրահատության վարձը: Էժան չէ, սակայն «Փամելա Անդերսոնի նման կուրծք ունենալու» ցանկությունը չափազանց մեծ է: Դանիելյանը, որ բնական ձևերի կողմնակից է, երկար համոզել է հաճախորդին, սակայն ապարդյուն: Հավաստիացումները, թե յուրաքանչյուր կրծքում երկու բաժակ ջուր կրելը հեշտ բան չէ, արդյունք չտվեցին: Մինչդեռ սիլիկոնային պրոթեզը կարող է «թափառել», տեղաշարժվել՝ կրծքին հաղորդելով ամենևին էլ ոչ ցանկալի ձև: Ու սա լավագույն դեպքում: Վիրահատությունից հետո որևէ էնդոգեն  վարակ կարող է անցանկալի երևույթների պատճառ դառնալ: Նույնիսկ ամենափոքր մրսածությունը պետք է ժամանակին բուժվի, իսկ առավել լուրջ դեպքերում անհրաժեշտ է ընդունել հակաբիոտիկներ, այլապես կուրծքն իրեն «անհամարժեք» ձևով կպահի: Ավաղ, իրականում հայ կանանց հետ է պահում միայն հակացուցումը (ուռուցքի առկայությունը կամ գինեկոլոգիական «շեղումները»): Իսկ եթե ամեն ինչ կարգին է, մեր կանայք վիրահատական սեղանին են բարձրանում գրեթե կամիկաձեի վճռականությամբ:

 

Բացի ռինո- և մամոպլաստիկայից, ավանդական լիպոկսացիայից և որովայնը ձգելուց (ծննդաբերությունից հետո), մեր կանայք, օրինակ, ցանկանում են շտկել ցցված ականջները: Ձգտում են մեծացնել շուրթերը, մեկընդմիշտ ձերբազատվել պիգմենտային բծերից, մաշկը (ամբողջ մարմնի) նրբացնել, գեղեցկացնել ոտքի մատները, լայնացնել կամ նեղացնել եղունգները: Մի խոսքով, պահանջների սպեկտրը  սահմանափակվում է միայն հաճախորդի երւակայությամբ:

 

Ուշագրավ է, որ հաճախ վիրահատական միջամտության նախաձեռնողը տղամարդն է՝ ամուսինը կամ սիրեկանը: Շատերը նույնիսկ վիրահատությունը որպես նվեր են մատուցում, ասենք, Մարտի 8-ի առթիվ: Պլաստիկ վիրաբույժները փաստում են. Կանանց միջազգային օրվա առթիվ  հաճախորդների թիվը, որպես կանոն, երկու անգամ ավելանում է: Սովորաբար կանանց  կյանքի ուղեկիցները ձգտում են  շտկել իրենց չքնաղագեղ տիկինների քթիկները:

 

Ի դեպ, ուժեղ սեռը ջանասիրաբար յուրացնում է պլաստիկ վիրահատության մյուս ճյուղերը՝ հաճախ տեղի տալով իր տիկնոջ ցանկությանը: Տղամարդիկ «աշխատում» են դիմագծերը նրբացնելու վրա, օրինակ` ոմանք ցանկանում են աչքերը նշաձև դարձնել: Չեն մոռանում նաև մաշկի թարմության մասին. վերջերս կլինիկաներից մեկում տեղադրվեց մի սարքավորում հատուկ տղամարդկանց դեմքը երիտասարդացնելու համար: Բժիշկները համոզված են՝ սարքավորումը պահանջարկ կունենա: Արական սեռը սկսել է ակտիվորեն հոգ տանել իր մարմնի մասին: Ու, ի դեպ, ինտիմ բաղադրիչի մասին նույնպես: Ինտիմ գեղագիտության գների մասին, լինի կանանց թե տղամարդկանց, կարելի է միայն ենթադրություններ անել, դրանք սովորաբար չեն հրապարակվում:

 

Ինչ էլ որ լինի, գեղագիտական վիրաբուժության զարգացման միտումները Հայաստանում ուրախալի են: Իհարկե, խոսքը բանականի սահմաններում կատարելության ձգտման մասին է: «Եթե շտկումը տեղին է ու բնական, ապա արժե դրան դիմել: Եթե ոչ, ապա պետք է հանդուրժել այն, ինչ ստեղծել է բնությունը»,- խորհուրդ են տալիս նրանք: Կամ էլ, թույլ տանք մեզ հավելել, փորձել ինքնահաստատվել ուրրիշ եղանակներով:

 

 

Ասյա Ծատուրովա

Կարդացեք  նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը

 

Գեղեցկությունը զոհեր է պահանջում

 

Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո

 

 

 

Դիտումների քանակը` 5086

Գլխավոր էջ