Լարիսա Աբրահամյան. «Ավագանու նիստերին երբեմն խաղաղության աղավնիի դեր եմ խաղացել»:

Փոքր Վեդիում ավագանու 9 տեղի համար առաջադրվել է տասնյոթ թեկնածու: Ինչպես 2008-ին այս անգամ էլ առաջադրված թեկնածուներից միակ կինը մասնագիտությամբ բուժքույր Լարիսա Աբրահամյանն է: Մինչ քաղաքական գործունեություն ծավալելը Լարիսա Աբրահամյանը հասարակական հիմունքներով գործող ՙԱյգ՚ կանանց կազմակերպության խորհրդի նախագահն եմ: 2008-ին նա առաջին անգամ  ընտրվեց Փոքր Վեդիի ավագանու անդամ:

 

Դուք երկրորդ անգամ եմ Ձեր թեկնածությունն առաջադրում: Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել նախորդ հինգ տարիների ընթացքում:

Ձեռքբերումներ եղել են եւ դա է պատճառը, որ ես հիմա չեմ ամաչում իմ ընտրողներից, նրանց առաջ պարզ ճակատով եմ ման գալիս: Սկզբում նպատակս միայն առողջական խնդիրների բարձրացումն էր, սակայն ժամանակի ընթացքում բախվեցի բազմաթիվ խնդիրների: Բոլոր ոլորտներում էլ կան լուրջ խնդիրներ, սակայն սոցիալական, կրթական եւ առողջապահական ոլորտներում դրանք առավել ցայտուն են: Նախ կարողացանք վերանորոգել ամբուլատորիան: Մարդկանց թվում է, որ եթե դու ավագանու անդամ ես, ապա կարող ես ցանկացած հարց լուծել: Դա այդպես չէ, կան բազմաթիվ խոչընդոտներ: Նիստերի ժամանակ բազմաթիվ առաջարկություններ եմ արել եւ նրանց մի մասն ընդունվել է: Առաջարկեցի, որպեսզի բյուջեում կետ մտցնեն, որ անապահով մի քանի ընտանիքների երեխաների ուսման վարձը վճարենք, ֆինանսավորեցինք, որպեսզի սպորտսմեն երեխաները մասնակցեն հանրապետական մրցումների, առաջարկեցի ՙԵրկրապահ կամավորական միության՚ անդամների տղաների համար միջոցառումներ կազմակերպել, դպրոցի շրջանավարտներին էինք օգնում: Իհարկե ընտրվելուց առաջ ծրագրերը շատ էին, սակայն այս դեպքում բախվում ես իրականությանն ու պետք է հնարավորություններն ու ցանկությունները համընկնեն:

 

 Առաջիկա հինգ տարվա համար ինչպիսի ծրագրեր կան, ի՞նչպիսի սպասումներ ունեն  Փոքր վեդու բնակիչները ձեզանից:

Առաջիկա հինգ տարվա ընթացքում մտադրվել եմ առաջարկել, որպեսզի մարզադաշտը վերակառուցվի, մարզադաշտի նորոգվի, որպեսզի երեխաները մարզվեն, միջնակարգ դպրոցը վերանորոգվի, ջեռուցում չկա եւ երեխաների առողջական խնդիրները հենց այդտեղից են սկսվում: Ամբուլատորիան պետք է ջեռուցվի, քանի որ պատվաստումներ են կատարվում, ինչը ցուրտ պայմաններում սխալ է: Գյուղում շատ են կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող երեխաները: Նրանց պետք է աջակցել: Մի խոսքով, խնդիրները շատ-շատ են եւ մենք պետք է կարողանանք որոշ չափով թեթեւացնել մեր բնակիչների հոգսը:

 

Ինրպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը կին թեկնածուների նկատմամբ, փոփոխություններ կան վստահելու իմաստով:

Երբ գնում եմ հանդիպումների` որոշակի ջերմություն եմ զգում: Չէի ասի, որ կարծրատիպը ամբողջությամբ կոտրվել է: Կան մարդիկ, որ դեռ շարունակում են կարծել, որ կինը չպետք է  քաղաքականությամբ զբաղվի, սակայն կան նաեւ մարդիկ, ովքեր մոտեցել են, հարցրել, հետաքրքրվել, առաջարկել իրենց օգնությունը: Իհարկե որոշակի առաջընթաց կա: Կանայք պետք է իրենց խելքով, մտքով, զարգացվածությամբ ապացուցեն, որ կարող են ավելի մեծ բարձունքներ նվաճել, քան տղամարդիկ: Հետեւաբար պետք է առաջնությունը տալ ոչ թե սեռին, այլ խելքին: Կանանց դերն ու նշանակությունը մեծ է: Ավագանու նիստերին երբեմն խաղաղության աղավնիի դեր եմ խաղացել: Եղել են վեճեր, եւ իմ ներկայությամբ նրանք ավելի զուսպ են եղել, առանց ավելորդ խոսքերի ու արտահայտությունների:

 

Դժվար չի եղել աշխատանքը, միակ կինն եք եղել ամբողջ թիմում:

Սկզբում էր դժվար, հետո ամեն ինչ հարթ էր: Եղել են հարցեր, երբ մեծամասնությունն իմ կողմն է եղել, բյուջեի քննարկման ժամանակ վեց հոգին իմ կողմն էր: Երբեք չեմ զգացել խտրական վերաբերմունք, թե կին ես ոչինչ չես հասկանում եւ այլն:

 

Ինչպե՞ս եք կարողացել վաստակել այդ վերաբերմունքը

Դժվարությամբ: Ապացուցել եմ, որ ընտրվել եմ ոչ ընտրվելու համար: Պատասխանատու անձնավորություն եմ, վստահություն եմ ձեռք բերել, ինձ հարգում են, գնահատում իմ խոսքն ու կարծիքը:

 

Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք ավագանու նիստերից:

Ավագանու առաջին նիստին ներկա էր նաեւ մարզպետը, երբ հերթն ինձ հասավ` նեկայացրեցի իմ առաջարկություններն ու դիտողությունները: Մարզպետը հարցրեց, թե ինչով եմ զբաղվում, ասացի՝ չեմ աշխատում, բայց մասնագիտությամբ բուժքույր եմ, ասաց՝ ինչո՞ւ չես աշխատում: Պատասխանեցի՝ աշխատատեղ չկա, կամ ծանոթով է կամ գումար պետք է վճարես, մարզպետն էլ թե ՝  վաղվանից կաշխատես ամբուլատորիայում, քո նմանները պետք են քաղաքին, խելացի ես, քո գաղափարներն ու համարձակությունն ինձ դուր եկավ:

 

Ընտանիքի անդամների վերաբերմունքն ինչպիսն էր:

Ամուսինս սկզբում դեմ էր: Ասաց՝ դի’ր թեկնածությունդ, սակայն չէր հավատում, որ կընտրվեմ: Ընտրվելուց հետո, երկար ժամանակ դեմ էր՝ դժգոհում էր, խանդում, չէր կարողանում պատկերացնել, որ իր կինը պետք է զբաղվի քաղաքականությամբ կամ տղամարդկանց հետո որոշումներ ընդունի, քննարկի: Հետո, ժամանակի ընթացքում այդ վերաբերմունքը փոխվեց: Նա տեսավ, որ ես լուրջ եմ տրամադրված: Երեխաներս էլ դեմ չէին: Ինձ օգնում էին:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կին թեկնածուներին, ովքեր առաջին անգամ են առաջադրվում:

Լինեն համարձակ, առողջ դատողությամբ, լավ ծրագրեր ներկայացնեն, երբեք չվհատվեն ու հուսահատվեն, որ թիմում միակ կինն են, որովհետեւ հարգանքն ու վստահությունը ծնվում է միայն լավ աշխատանքի ժամանակ: Այսօր կարող եմ հպարտությամբ ասել, որ ավագանիի նիստերին ինձ ընդունում են հավասարը հավասասրի:

 

Ո՞րն է Ձեր կարգախոսը

Արդարություն յուրաքանչյուր գործում:

 

Կարողանո՞ւմ եք հասնել արդարության

Միայն այն ժամանակ, երբ մեծամասնությունը լինում է իմ կողքին: Միայնակ ոչինչ անել չես կարող: Երբ ավագանու անդամները միասնական են  եւ լուրջ նպատակներ ունեն, իրենց համայնքը զարգացնելու` հավատացեք` կստացվի:

 

Հասմիկ Հարությունյան

Փոքր Վեդի-Երեւան

 

Դիտումների քանակը` 3324

Գլխավոր էջ