Կանայք և նոր մեդիաները
Որ ասեմ`մաս-մեդիայի դերը գենդերային հավասարության հարցում անչափ կարևոր է, համարյա ոչինչ չեմ ասի: Բայց այն, որ մեր հազարամյակի մեդիա “հեղափոխության” արդյունքում գենդերային հավասարության քարոզման մեխանիզմենը, դերակատարները, ընդհուպ մինչև “հաղորդագրությունը” հսկայական տրանսֆորմացիայի ենթարկվեցին, սա գուցե ինչ-որ կերպ ներկայացնի իրավիճակը, իսկ իրավիճակը, ամեն դեպքում վերլուծության կարիք ունի:
Եվ այսպես, բաց չթողնելով AWID-ի մեդիային վերաբերող և ոչ մի սեսիա կամ քննարկում, ներկայացնում եմ կանանց առնչվող թեմաների և դրանց տարածման մեդիա կրիչների համատեքստում երկու, ըստ իս, ամենակարևոր ասպեկտները:
Կանանց մասին տարածվող ինֆորմացիայի կերտմանը մասնակցելու դեմոկրատիա
Ավանդաբար մաս-մեդիայի դերը չափազնաց կարևոր էր կանանց թեմաների լուսաբանման հարցում: Բայց… խնդիր լինել չլինելը որոշվում է մեդիա սեփականատերերի, ապա մեդիայի հովանավորների, պետական կառավարման մարմինների, միջազգային քաղաքականության և այսպես դեպի վերև բարձրացող անվերջ շղթայի մասնակիցների թողտվության սահմանում: Այլ կերպ ասած` ոտնահարվե՞լ է արդյոք կնոջ իրավունքը, կա՞ արդյոք գենդերային բևեռացում սոցիալական ոլորտները… որոշում է BBC-ն, CNN-ը:
Ու գալիս են 2000-ականները, երբ համացանցի հասանելիության սահմաններում ժամանակին սահմանափակ կամ հստակ քաղաքականության պատճառով սահմանափակ համարվող ինֆորմացիան հասանելի է բոլորին: Web 1.0 –ն իր հայտնի կարգախոսով` ինֆորմացիայի հասանելության դեմոկրատիա, նոր որակ է հաղորդում կանանց շարժումներին: Աշխարհը այլևս գիտի, որ չնայած տարբեր ազգային ինքնություններին ու մշակութային առանձնահատկություններին, կանայք միևնույն է կիսում են նույն` բռնությունների, ազատությունների ուղղակի ու անուղղակի սահմանափակման, ինչպես նաև գենդերային անարդարությունների խնդիրները: Այս պարագայում ավանդական մեդիաները շարունակում են գրել “կանանց” մասին փոքր ինչ զգուշավորությամբ, այնուամենայնիվ առատությամբ:
Զարգանում է համացանցը, լայն տարածում են ստանում սոցիալական մեդիաները ու գալիս է, երկրորդ` ամենակարևոր web 2.0-ի գաղափարախոսությունը` ինֆորմացիայի կերտմանը մասնակցելու դեմոկրատիա: Ստացվում է, այժմ մասնագիտական կրթություն, մեծ ֆինանսներ ու պետական կամ միջազգային թողտվություն պետք չէ` խնդիրներ բարձրացնելու ու վերջիններիս լուծումներ առաջարկելու համար: Սոցիալական ցանցերի ու բլոգների միջոցով հնարավոր է դառնում համաշխարհային թրենդային թեմաների մեջ խցկել կանանց հարցերը, ներայացնել “հաջողակ օրինակներ”` կանանց խնդիրները վիզուալացնելու, ապա դրանց լուծումը հնարավոր լինելը ցույց տալու համար:
AWID սեսիաներից մեկը, որ վերնագրված էր` “Ոք չի խոսում իմ մասին, ես կխոսեմ իմ անունից” կամ “նոր տեխնոլոգիաները գենդերային հավասարության հաստատման հարցում”, ներկայացնում էր Facebook-ի կամ Twitter-ի ուժը հնարավորությունները, որոնք կարող են առավելագույնս էֆեկտիվ գործել հենց կանանց իրավունքների պաշտպանների ձեռքերում: Կարող են ու գործում են, այս հարցում հայաստանյան պատվիրակս զարմանալու ոչինչ չուներ, բայց…
Նոր մեդիան իր հետ նոր խնդիրներ է առաջացնում կանանց համար
Արաբական գարունը, որի “հաջողության” մեջ իր կարևորագույն դերակատարությունն ունեցան սոցիալական ցանցերը, մեծագույն խնդրի առաջ կանգնեցրին հենց կանանց, ովքեր ակտիվորեն օգտագործում էին “նոր մեդիայի” գործիքները իրենց հաղորդագրությունը տեղ կհասցնելու համար:
Նախ, սոցիալական ցանցերը խոցելի դարձրեցին կանանց շարժման ակտիվիստներին անվտանգության տեսանկյունից: Եթե նախկինում տոտալիտար ռեժիմներում ակտիվիստներին հայտնաբերելը, պաշտոնապես և փողոցային, բայց պաշտոնական թողտվությամբ, հարձակումների ենթարկելը մասսայական բնույթ չէր ունենում, որովհետև ակտիվիստներին “հայտնաբերում” էին հեռախոսային խոսակցության միջոցով, և այլն, և այլն: Այժմ Facebook-ի մի խումբը կամ հանրույթն էլ հերիք է մի ամբողջ ակտիվիստների խմբի ուղղակի և անուղղակի վնասելու, մեծ մասամբ անհատական սպառնալիքներ ուղղելու համար, ինչպես օրինակ Եգիպտոսի օրինակում:
Մյուս կողմից, սոցիալական ցանցերը ինչպես որոշակի գաղափարների տարածման, այնպես էլ դրանց “ժխտող” գաղափարների տարածման տիրույթն է, որտեղ սոցիալական “արդարության” միակ սկզբունքը արագությունն ու քանակն է, ով ավելի արագ կարձագանքի և ով ինչքան շատ “տարածում” կապահովվի: Թունիսի օրինակով կարող ենք հասկանալ, որ կանանց իրավունքների լիբերալիզացում քարոզող Facebook-ը արագորեն լցվեց իսլամական գաղափարախոսության և սահմանափակումների մասին ճնշող քարոզչությամբ:
Ու քանի որ սոցիալական ցանցերի շուրջ զարգացումները դեռ շարունակվում են, դժվար է ասել կանանց խնդիրների ադեկվատ ներկայացումը արդյոք կշարունակվի հնարավոր լինել համացանցի միջոցով: Մի բան միայն պարզ է, նոր մեդիաների կանանց խնդիրների բարձրացման տեսանկյունից նոր հնարավորություններ առաջ քաշեցին, և իհարկե նոր մարտահրավերներ, որոնք հաղթահարել է պետք:
Շուշան Հարությունյան
Լուսանկարը՝ հեղինակի բլոգից
Դիտումների քանակը` 3869