«Եթե կանանց ավելի շատ տեղ և հնարավորություններ տային»…

 

Աննա Քալաշյան,

քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող,

Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան

 

 

– Ես առաջին անգամ էի համաժողովում, և ինձ համար նախևառաջ հետաքրքիր էին այն  մարդիկ, որոնց հետ այնտեղ ծանոթացա: Ինձ համար հայտնագործություն էր այն, թե ինչ նվիրումով են նրանք վերաբերվում իրենց աշխատանքին, ինչ ջերմեռանդությամբ են խոսում դրա մասին և որքանով են վճռական` լավացնելու իրավիճակը ոչ միայն իրենց երկրում, այլև աշխարհում:

 

Երկրորդ` ինձ ապշեցրեց այն, թե որքան  մարդ էին հավաքել ֆեմինիստուհիներն ու ինչքան  կազմակերպված էին ամեն ինչ անում, չգիտեմ` նրանք ինչքան ժամանակ են դրա վրա ծախսել, սակայն համաժողովում բացարձակապես բոլոր հարցերը մտածված էին: Սա մեկ ագամ ևս հաստատում է այն թեզը, որ եթե կանանց ավելի շատ տեղ և հնարավորություններ տային, ասենք` նույն այդ քաղաքականությունում, ապա նրանք իրենց կդրսևորեյին որպես լավ կազմակերպիչներ և առաջնորդներ:

 

Համաժողովում իմ մեկ այլ հայտնագործությունն այն սեկցիաներն էին, որոնց ես հաճախեցի: Ծրագրում նշածս բոլոր սեկցիաներում լինելու համար ժամանակը աղետալիորեն չէր բավարարում, և այս իմաստով ինձ դուր եկավ, որ լանչի ժամանակն արդյունավետ էր օգտագործվում: Կարելի էր, իհարկե, պարզապես ուտել, սակայն ընտրություն կար` զուգակցել դա «սոլիդարության  սեղանի» ձևաչափով ինչ-որ քննարկման հետ, նոր բան իմանալ, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Անկասկած, մարդկանց ցանկացած խմբում, առավել ևս` աշխարհի բոլոր անկյուններից հավաքված, կան ինչ-ինչ տարաձայնություններ: Սակայն ես նույնիսկ ուրախ եմ, որ այդքան տարբեր կարծիքներ կային, քանի որ ֆեմինիզմը այնպիսի շարժում է, որում ներկայացված են տարբեր խմբեր:

 

Մեկ այլ հանգամանք: Ինձ մտահոգում էր դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումները, ավելի ճիշտ` այն փաստը, որ կանանց կազմակերպությունների կարծիքով` դոնորները շարժման մասնակիցներ չեն, այլ  ընդամենը տարբեր ակցիաներ ֆինանսավորող մարդիկ են: Մյուս կողմից` ոչ բոլոր դոնորներն են իրենց համարում կանանց շարժման մաս: Ինձ թվում է, որ դոնորները նույնպես պետք է իրենց ավելի ակտիվ պահեն, կազնակերպություններին աջակցելու նպատակով ավելի շատ ռեսուրսներ ներգրավեն, հնարավոր է` նույնիսկ փոխեն վերլուծության համակարգը: Մենք ունենք նախագծերի արդյունավետության վերլուծության որոշակի չափանիշներ, սակայն ինձ թվում է, որ թեև քանակական չափանիշները շատ կարևոր նշանակություն ունեն, սակայն մեզ անհրաժեշտ են որակական չափանիշներ: Հուսով եմ` որ մենք կարող են այս գաղափարն առաջ տանել:

 

 

Դիտումների քանակը` 4336

Գլխավոր էջ