«Ծխող կինը» իրարանցում է առաջացրել Երեւանում

Այս երկու օրը  Գաֆեսճյանի քանդակների պարտեզում տեղադրված կոլումբիացի նկարիչ եւ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի  հանրահայտ  արձաններից մեկը՝ «Ծխող կինը» հերթական իրարանցում առաջացրեց հայ հասարակության  մեջ:  Արձագանքը  աննկարագրելի էր, հատկապես իրենց ծայրահեղ պահպանողությամբ հպարտացող մարդկանց շրջանում, բայց միեւնույն ժամանակ սպասելի, քանի որ նույն «ընդունելությանն» էին արժանացել ականավոր արվեստագետի   նախորդ  ստեղծագործությունները՝ «Կատուն» եւ  «Հռոմեացի զինվորը»:

 

 

«Անհայտ պոռնիկի գերեզմանը», – նման որակում տրվեց  մերկ ու ծխող կնոջ արձանին կայքերից մեկը, այնուհետեւ աղմուկը  լայնորեն տարածվեց սոցիալական ցանցերում:  Սրան հետևեց Պրահայում «Պոռնիկի արձան» անունով արձանի լուսանկարի հրապարակումը: Նկարը սոցցանցում տեղադրած օգտատերերից մեկը նկատեց. «Մեղա քեզ Տեր,  եթե մի հատ ստից արձանից ըսենց ղալմաղալ են հանել, բա որ ըսենց արձան լիներ Երևանում, ի՞նչ կլիներ»: Մի խոսքով, արդեն երկու օր է, ինչ ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում, գնահատում, քննադատում ու դժգոհում են` «ապազգային արձան», «անճաշակություն» և այլն, և այլն:  «Շատ խնդացի, բայց հետո մտածեցի կարող ա հայ կինը մարդկանց մոտ նման ասոցիացիաներ ա առաջացնում ու սա յա հայ կնոջ մետամոդելը», – կիսվեց իր անբացատրելի  ասոցիացիներով ֆեյսբուկցիներից մեկը…

 

 

Նշենք, որ Բոտերոյի ողջ ստեղծագործության մեջ գերակայում են խոշոր եւ փարթամ չափերով կերպարները:  «Բոտերոն իր արվեստում օգտագործում է մեծ չափսեր, մեծ ֆորմաներ: Ըստ արվեստագետի, միայն խոշոր ծավալներով եւ ձեւերով կարելի է ազդել մարդկանց զգացմունքների եւ զգայարանների վրա: Դրա համար էլ ծխող կինն այդպիսին է», – ասաց  Womennet.am-ի հետ զրույցում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի ու մարկետինգի բաժնի պետ Լիլիթ Սոխակյանը, նշելով, որ Կենտրոնում նման արձանի ներկայությունը Երևանում մեծ պատիվ են համարում:

 

 

Ինչ վերաբերում է կիսամերկ լինելու կապակցությամբ հնչող քննադատություններին, կենտրոնի ներկայացուցիչն ընդգծեց, որ արվեստում կիսամերկ, մերկ, հագուստով հասկացությունները հարաբերական են: «Չի կարելի արվեստը ընկալել իրական կյանքի հասկացությունների, առավել եւս նորմերի միջոցով: Եթե մենք արվեստում տեսնում ենք մերկ կերպարներ, ապա դա միայն վկայում է այն մասին, որ այդ պահին արվեստագետը իր զգացածը, իր միտքը հնարավոր է դարձրել իրագործել միայն այդ ձևով: Այսինքն արվեստի մեջ ասել, որ այն մեծ է, ֆորմաները կլոր են, մերկ է կամ ծխում է, չգիտեմ…Արվեստից մի քիչ հեռու մարդը կարող է միայն նման բան ասել», – իր զարմանքը չթաքցրեց  Սոխակյանը:

 

 

Նրա խոսքերով, մեր համաքաղաքացիների նման արձագանքը սպասելի էր: Պատճառը, ըստ Սոխակյանի,  հայերի պահպանողական լինելն է: «Հասկանալի է, որ ծափողջյուններով չէին կարող դիմավորել: Սա փոփոխություն է, սա պրոգրես է, արվեստի մեջ ամեն ինչ փոփոխություններով ու դժվարություններով է առաջ ընթանում»,-նկատեց մեր զրուցակիցը:

 

 

Մասնագիտությամբ հոգեբան, «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ հանրային կապերի մենեջեր Թագուհի Արշակյանը նույնպես համարում է, որ նման քննադատության պատճառը չափազանց շատ կոնսերվատիվ լինելն է: «Հասարակությունը` ի դեմս երիտասարդությանը փորձում է ձգտել ավելի շատ մոդեռնիզացիայի, ազատ ապրելակերպի, հագուստի, սակայն հոգու խորքում առկա պահպանողականությունը շատ մեծ դեր է խաղում: Եթե մենք տեսնում ենք համարձակ որևէ դրսեւորում  արվեստի կամ մեկ այլ ասպարեզում, ապա անպայման նման գռեհիկ որակումներ ենք տալիս», – կարծում է  հոգեբանը, նշելով, որ  հայ հասարակությունը դեռևս պատրաստ չէ չափազանց առաջադիմական քայլերի կամ հայացքների, չնայած դրան շատ է ձգտում:

 

Հոգեբանի դիտարկմամբ, նույն քանդակագործի մեկ այլ արձանի` «Հռոմեացի զինվորի» տեղադրման վերաբերյալ ևս քննադատություններ հնչել են, բայց քանի որ այս անգամ հերոսը կին է՝  գնահատականներն  էլ ավելի գռեհիկ են ու բիրտ: Առավել եւս անհասկանալի են փորձերը նույնացնել արձանը կամ ընդհանրապես արվեստի գործերը հայ կնոջ կերպարի հետ:

 

 

Քննադատություններն ու բողոքները չեն ստիպի կենտրոնի տնօրինությանը արձանը հանել կամ տեղափոխել: «Գուցե հասարակությունը շատ դժվար է ընդունում նորությունները, դա նորմալ է:  Պարզապես պետք է ժամանակ տալ հասարակությանը: Ես վստահ եմ, այն մարդիկ, ովքեր այսօր չեն հավանել արձանը, մի քանի տարի անց ուրիշներին խորհուրդ են տալու գալ և տեսնել այն», – ասաց Սոխակյանը:

 

Հ. Կարապետյան

Լուսանկարները՝ հեղինակի

 

 

 

P.S. Ֆերնանդո Բոտերոն ծնվել է 1932 թ-ին Մերդելի քաղաքում: Բոտերոն հայտնի է դարձել, երբ 1959 թ-ին Կոլումբիացի նկարիչների ցուցահանդեսում առաջին տեղն է գրավել: Միչեւ 1955 թ-ը Բոտերոն նկարում էր սովորական տղամարդկանց, կանանց եւ  կենդանիների, այն ժամանակ նա իր համար դեռեւս չէր բացահայտել «թմբլիկների» աշխարհը եւ ոչ էլ այն  մոնումենտալ քանդակները, որոնց շնորհիվ նա մեծ ճանաչում է ձեռք բերել ողջ աշխարհում: Նրանք հայտնվել են պատահականորեն, երբ մի անգամ «Մանդոլինով նատյումորտ» նկարելու ժամանակ երաժշտական գործիքը հանկարծակի սպասվածից ավելի «կլորավուն» տեսք է ստացել: Սա եղել է Բոտերոյի համար արվեստում ինքնահաստատման եւ իր ես-ի բացահայտման պահը:

«՚Ծխող կնոջ» քանդակներից մեկը 1987 թվականից տեղադրված է նաեւ Մոնտե Կառլո քաղաքում:  2007 թ-ին Christie’s-ի աճուրդի ժամանակ սպիտակ մարմարից քանդակված «Ծխող կինը»   վաճառվել է 1,6 միլիոն դոլարով: Բոտերոյի ստեղծագործությունները համարվում են աշխարհի  ամենաթանկարժեք արվեստի գործերից:

 

 

 

Դիտումների քանակը` 12323

Գլխավոր էջ